Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված մեծածավալ ապօրինի ծառահատումների դեպքերի մի շարք հանգամանքներ. 2014-2019թթ. ընթացքում նշված անտառային տարածքներում ապօրինի հատվել է 9382 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1.625.623.250 ՀՀ դրամ գումարի վնաս:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնականում Դիլիջան համայնքի հարակից՝ Թեղուտ եւ Հաղարծին բնակավայրերի որոշ բնակիչներ, ովքեր ունեցել են բեռնատար ավտոմեքենաներ եւ թրթուրավոր տրակտորներ, ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով հանցավոր համաձայնության են եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ոլորտի պատասխանատու աշխատակիցների հետ, եւ ստանալով նրանց համաձայնությունը՝ կամ կազմակերպել են ծառահատումներով զբաղվող հանցավոր խումբ, կամ օրավարձով աշխատող գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ապօրինի ծառահատումներ կատարելու շուրջ:
Այնուհետեւ, կատարվել են մեծածավալ ապօրինի ծառահատումներ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժինների տարածքներում, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս: Կոնկրետ պահաբաժնում կամ տարածքում բացի մեկ խմբավորումից, այլ անձինք կամ այլ խմբավորումներ ծառահատումներ կատարելու թույլտվություն չեն ունեցել եւ ապօրինի հատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը՝ որպես շինափայտ, իրացրել են Իջեւան համայնքի տարածքում գտնվող փայտանյութի մշակման արտադրամասերում, իսկ մյուս մասը՝ որպես վառելափայտ, իրացրել են Արմավիրի կամ Գեղարքունիքի մարզերում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, ապօրինի ծառահատումներով զբաղվող մի շարք անձինք, ապօրինի ծառահատումներից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձինք, որոնց վերաբերյալ 3 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ :