կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-07 19:43
Իրավական

«Ստեփանավանի անտառտնտեսության» պահաբաժիններում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ

«Ստեփանավանի անտառտնտեսության»  պահաբաժիններում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝  «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի պահաբաժիններում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննիչի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության 12-րդ և 14-րդ պահաբաժիններում նշանակվել էր մասնագիտական ստուգում, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչությանը։

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ստուգման ակտը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պահաբաժինների անտառածածկ տարածքներում մասնագիտական խմբի կողմից արձանագրվել են ապօրինի հատված 1301 տարբեր տեսակի և տրամագծերի ծառերի կոճղեր: Պետությանը պատճառված վնասը, նախնական տվյալներով, գնահատվել է  88.773.750 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշում կայացվել՝ այն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին  միացնելու մասին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: