կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-11 12:01
Արցախ

Մերֆիի օրենքը եվ՝ անդունդից դուրս գալու ճանապարհը. Դ. Վանյան

Մերֆիի օրենքը եվ՝ անդունդից դուրս գալու ճանապարհը. Դ. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ողջ Հայ ժողովրդի հաշվարկով, Նիկոլ Փաշինյանը այն միակ, բացարձակ միակ մարդն էր, ով չպիտի ՀՀ վարչապետ դառնար։ Ես ու իմ նման մարդիկ հոգնեցինք կրկնելով, որ այս գործիչը արհեստավարժ քանդող է ու դավադիր։ Ես նույնիսկ հրաժարականի խնդրանքով դիմեցի նրան՝ գրեթե վստահ լինելով, որ անիմաստ են նման կոչերը, որովհետև ասողին լսող է պետք։ Ցավոք, ինքնասիրահարվածության այն աստիճանը, որ հատուկ է չկրթված, ոչ իմաստուն մարդկանց, բնորոշ է նաև մեր այսօրվա ղեկավարին, որի համար համաշխարհային գունավոր հեղափոխությունն ու սեփական կեղծ պատվախնդրությունն ավելի կարևոր էին, քան նախորդներից ժառանգած 42 հազար ք․կմ․ հայրենիքի անբողջականության և իր Երկրի քաղաքացիների բարօրության ապահովումը։ Իսկ թե ինչպես էին արդեն տարածքներ կորցրել այդպիսի փոխակերպումներ ապրած հասարակությունները, մասնավորապես՝ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան, արդեն հայտնի էր ու այս մասին բազմիցս զգուշացնում էինք իրենց նմանին իշխանության բերած ամբոխին, սակայն ապարդյուն։
Որպեսզի անմիջապես մի կողմ դնեմ հներին հարելու վերաբերյալ մեղադրանքները, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ նախկինների ջատագովը չեմ, սակայն բացառում եմ "գունավոր հեղափոխության" դրական նշանակությունը ամուր, ազգային պետականաշինարարության ասպարեզում, քանզի, նախկին ԽՍՀՄ տարածքում, ականատեսն եմ եղել բազմաթիվ նման երևույթների, որոնք այսպես թե այնպես, հանգեցրել են ողբերգության։
Եթե հիշում եք, Մերֆիի օրենքը կանխատեսում է․
__________________________________________________________
Եթե հազարավոր ճանապարհներից գեթ մեկը տանում է կործանման, ապա, անպայմանորեն կհայտնվի այն անձը, ով կօգտվի հենց այդ միակ եղանակից։ Այս օրենքն էր, որ աշխատեց հեղափոխական Հայաստանում։
Տեսեք․
Իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը անմիջապես․
ա) հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների
բ) արշավանք սկսեց դատական համակարգի նկատմամբ
գ) գլխատեց բանակը
դ) ՌՔ-ի դատավարությամբ՝ առաջացրեց արցախցի-հայաստանցի, նախկիններ-նորեր "սև խոռոչը"
ե) որպես դ կետի հետևանք, փչացրեց միջպետական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից մենք անասելի մեծ կախում և սպասումներ ունենք, ինչը ձևավորեց փոխադարձ անվստահության մթնոլորտ և պատերազմական իրավիճակում խոչընդոտեց ավելի սերտ հարաբերություններին
զ) Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով սառեցրեց Հայ - Իրանական հարաբերությունները
է) ԱՄՆ կողմից նախաձեռնված "Հավատի պաշտպանության" 29 երկրներից կազմված ալյանսի անդամ պետություն դառնալով, որը իրականում ուղղված էր ույգուրների կրոնական իրավունքների պաշտպանությանը ՝ սառեցրեց Հայ - Չինական հարաբերությունները
ը) նրա ենթակայի՝ առողջապահության նախարարի անզգույշ արտահայտությամբ մթագնեցին հայ - վրացական հարաբերությունները
ե) Հայտարարեց, որ ուզում է խոսել Ադրբեջանի հասարակության հետ, կարծես թե այնտեղ նրան լսող կար
զ) "Արցախը Հայաստան է" և վերջ հայտարարությամբ քանդեց երեսուն տարվա այն ճարտարապետությունը, որտեղ մենք պնդում էինք, որ Արցախը անկախության ձգտող առանձին միավոր Երկիր է։
է) Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչով հավակնում էր հեղափոխական երևույթների համար հող նախապատրաստել և դրանով մոտեցրեց հնարավոր պատերազմը։
ը) Իրանում՝ հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ արված բարձրագոչ հայտարարությունները նպաստեցին իրանում ապրող թուրքերի միջավայրում պանթուրքիստական գործոնի ձևավորմանը
թ) աշխատավարձի բարձրացման փոխարեն պարգևատրումները ազդեցին սոցիալական անարդարության մթնոլորտի ձևավորմանը
ժ) անհիմն ձերբակալությունները հակազդեցին ինվեստիցիոն կլիմայի ձևավորմանը
Վարչապետի՝ պարտության հանգեցրած սխալները բազմաթիվ են, էլ չեմ խոսում այս պատերազմում նրա կամայականությունների, ռազմական ղեկավարությանը միջամտելու և այս թաքուն կնքված հայտարարության մասին, որի հետևանքում մենք զիջեցինք չափից ավելի շատ, քան ենթադրում էին "Մինսկի խմբի" բոլոր ֆորմատները, զոհեցինք երիտասարդ մեր ընտրանին, կորցրինք արյամբ ու սուրբ նահատակությամբ ազատագրած Շուշին ու Արցախի հարակից՝ անվտանգություն ապահովող տարածքները, Ադրբեջանին միջանցքի հնարավորություն տվեցինք դեպի Նախիջևան, չլուծվեց Արցախի ստատուսի հարցը, նվազեց ՀՀ սուվերենությունը և ադրբեջանական զորքերը մնում են գրաված՝ զուտ հայկական տարածքներում։
Փոխարենը ոչինչ չստացանք։ Այսպիսի ապաշնորհ հայտարարություն միայն թշնամին կարող էր կնքել, և ի՞նչ իմաստ կար այսքան թանկ զոհեր տալ, երբ ավելի նպաստավոր պայմանների կարելի էր հասնել մինչ պատերազմը։ Եւ, եթե հայտարարության փոխարեն պայմանագիր կնքվեր, առնվազն՝ այն պիտի վավերացվեր ԱԺ-ում, իսկ մենք առիթ կունենայինք այն չհաստատել, թե չէ, ի՞նչ կարող ենք անել հայտարարության հետ, որը ԱԺ չի գնում, և Ռուսական խաղաղապահները արդեն իսկ այնտեղ են, իսկ մենք, հանուն սահմանների բարելավման, եթե ուզենայինք դեռևս պատերազմել, չենք էլ կարող, որովհետև խաղաղապահները արդեն այնտեղ են։
Լավն է Փաշինյանը թե վատը, դնում եմ մի կողմ։ Այս համատեղ հայտարարությունից հետո նա Երկիրը ղեկավարելու՝ անգամ, բարոյական իրավունք չունի, ինչպես չունի նաև ՀՀ նախագահը, որը իրադարձություններին տեղեկանում է պոստֆակտում՝ այն էլ մամուլից, մինչ այդ՝ հրաժարվում է վետոյի իր միակ իրավունքից, ինչը կարող էր հակակշիռ լինել բազմաթիվ վիճելի օրինագծերի ընդունման դեպքում։
Այս պարտությունը կոտրեց մեր մեջքը, կոտրեց Շուշիի հաղթանակով, "Եռատոնով" դաստիարակված մի ողջ սերունդ, որն իրեն որպես հաղթանակող Երկրի զավակ էր տեսնում, իսկ սա շատ թանկ արժեր։
Ավելի քան երեսուն տարի, Հայ մարդը իրեն զսպել էր, անցել Երկրաշարժ ու շրջափակում, ցուրտ ու սառնամանիք, կարիք ու խոպան, թաղումներ ու վիրավորների ապաքինում, սակայն գոտեպնդվել դիրքերից եկող դրական նորություններով, ու դարձել էր արժանապատիվ Երկրի արժանապատիվ քաղաքացի։ Այս մարդը մի ստորագրությամբ ի չիք դարձրեց այս ամենը, նսեմացրեց Եռաբլուրում հանգչող մեր սուրբ նահատակների սխրանքը, և այսօր կրկին փորձում է հասարակությունը բաժանել մասերի՝ կոչ անելով, ազգայնացնել օլիգարխների ունեցվածքը։ Սա ի՞նչ պահվածք է։ Սա նեոբոլշևիզմ է, կամ Հային անհարիր պահվածք։
Մի խոսքով շատ վատ է, սակայն այդպես չի լինում, որ ամեն ինչ սև է լինում, և որո՞նք են այն լուսավոր կետերը, որոնք հնարավոր կդարձնեն մեր ուժի ու պետականության վերածնունդը։
Սկսենք Ռուսաստանից։
Մասնատված Արցախը, այս էլ որերորդ անգամ մնաց թրքական միջավայրում, կամ Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը իր համար հանճարեղ լուծում գտավ։ Ծնկաչոք Փաշինյանը դարձավ առերես ռուսամետ, կամ Հայաստանը մնաց ռուսական պետականության ծիրում։ Առաջիկայում՝ նույն Ռուսաստանը կառաջարկի մեծացնել իր ներկայությունը Գյումրիում, քանի որ այս պատերազմը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը, նաև Հայաստանի համար՝ կա։ Աստիճանաբար կմեծացվի նաև Արցախի խաղաղապահների անձնակազմը, քանի որ Ռուսաստանը Արցախից այլևս դուրս չի գա, քանի դեռ իշխանության գլուխ կլինի ՎՎ Պուտինը կամ նրա նման պետականամետ փոխարինող։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը մեզ խաբեց, և մեր ղեկավարության ապաշնորհության պատճառով կորցրած տարածքներով վճարեց
ա) տարածաշրջանում իր երկրորդ ռազմական բազա, ասել է՝ ներկայության
բ) Ադրբեջանը Թուրքիայից մասամբ պոկելու և վերջիններիս ազդեցությունը թուլացնելու
գ) Ադրբեջանը և հարավային Կովկասը հսկելու
դ) Սեփական սահմանների, Հյուսիսային Կովկասի ապահովությունը բարձրացնելու համար
Ռուսաստանը, ես վստահ եմ, շահագրգռված կլինի, որ Արցախցիներ ծառայեն այդ զորամասերում, ովքեր արտակարգ զինվորներ են, հոյակապ կողմնորոշվում են տեղանքում, լավ գիտեն Հարավային Կովկասը և կարող են աշխատել Ադրբեջանը ներսից կազմալուծելու(թալիշներ, լեզգիներ և այլն) ռուսական շատ հավանական ծրագրերում։ Բանը նրանումն է, որ Ռուսաստանը այլևս զերծ է իլյուզիաներից, և հասկանում է, որ Ադրբեջանը դեպի Թուրքիա կողնորոշում ունի, և այսպես, թե այնպես նրա հզորացումը վտանգներ է պարունակում Ռուսաստանի համար։ Ալիևը կարծում է հաղթել է։ Սակայն եթե մեզ հաջողվի ազգային նոր իշխանություններ ունենալ և Ռուսաստանի հետ սերտ համագործակցելով երկար քայլերի քաղաքականություն վարել, կարծում եմ՝ հնարավորություն կունենանք աստիճանաբար, քայլը քայլի ետևից ետ բերել Հադրութն ու այլ բնակավայրեր, այն պայմանով, որ պիտի կարողանանք մարդկանց վերադարձնել իրենց տները։ Չնայած հնարավոր է այդ վերադարձը շաղկապել որոշակի քաղաքական պահանջների հետ։ Կարծում եմ նաև, որ Ռուսաստանը Արցախի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տալու քաղաքականություն կարող է վարել, ինչը մեզ համար վատ չէ, եթե խելացի, ավելի շուտ՝ իմաստուն լինենք։
Իմիջիայլոց, մենք եթե իմաստուն լինեինք, երբ մեր տարածքում ուղղաթիռ են խփում, պիտի անմիջապես պատասխան տայինք, ոչ թե սպասեինք ռուսական կողմի մեկնաբանություններին, որովհետև սա մեր սուվերենության գոտին է, և կարևոր չէ, թե ինչ տարբերանշան են կրում թռչող սարքերը։
Հաջորդը տեռորիստական վտանգն է, որը դեռ բաց է, և Ռուսաստանը ուշադիր է լինելու իսլամիստ գրոհայինների հարցում ինչը դարձյալ բարենապաստ պայմաններ է ստեղծում մեզ համար, ինչպես նաև այն, որ Թուրքիան ներկայություն ունի Ադրբեջանում, ինչը Ռուսաստանի համար վտանգի մի նոր գործոն է։
Ադրբեջանի կորուստները մեծ են, մեծ է նաև պատերազմի բյուջեն։ Որոշ ժամանակ անց այս իրողությունը կազդի այդ նրանց ներքին սոցիալական վիճակին, և այդ պատճառով Ալիևը կարող է հասարակական ընդվզումների հանդիպել։ Մի խոսքով սա պիրոսյան հաղթանակ է, և դա շուտ կզգացվի թշնամի երկրում։
Հիմա, խաղաղարարների տեղակայման ընթացքում շատ կարևոր է մասնակցել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությամբ, և հնարավորինս ավելի շատ տարածքներ ընդգրկել այսօրվա ստատուս քվոյի շրջանակներում։
Մի խոսքով՝ Ռուսաստանի հետ աշխատելու ձևը պիտի գտնենք, որպեսզի անարյուն ընդլայնենք մեր սահմանները, որոնք այսօր 250 ք․մ․ տարածք են ամփոփում։ Անհրաժեշտ է անմիջապես բարձրացնել ճանապարհների ապահովության, եկեղեցիների անձռնմխելության հարցերը։ Վատ չէր լինի, որ ՀՀ-ը գործողությունների երկարաժամկետ ծրագիրը այսօրվանից սկսվեր մշակվել, եթե չենք ուզում գլխատողների ու վանդալների հարևան երկիրը սկսի վերացնել մեր մշակութային արժեքները, քանի որ այդպիսի վառ օրինակներ արդեն իսկ կան։
Այսօր այնպիսի իրավիճակ է, որ մարտադաշտում պարտության պատճառով՝ մարդ ամաչում է մեկ այլ մարդու աչքերին նայի։ Որպեսզի այդպես չլինի, մենք այսօրվանից պիտի աշխատենք մեր բանակի ու ռազմական դոկտրինայի վրա, որովհետև կյանքը մեծ է, և Ադրբեջանը առջևում ներքին ընդվզումներ կարող է ունենալ, իսկ մենք այսօրվա ստատուս քվոն փոխելու առիթ»: