Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Այս օրերին երկրում առկա է առաջին հայացքից ծանոթ, իսկ իրականում՝ տարօրինակ պատկեր. ժողովրդի մի մասը համառ պայքար է մղում հայրենիք և պետականություն ունենալու համար, երկրորդ մասը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով առաջինների հետ, բայցևայնպես հետույքը չի կտրում փափուկ բազկաթոռներից ու բազմոցներից՝ գերադասելով իրադարձություններին հետևել համակարգիչների ու հեռուստացույցների էկրաններից, այլ կերպ՝ առաջնորդվելով ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու հայտնի սկզբունքով, երրորդ մասն էլ (թեպետև՝ ոչ մեծաթիվ) շարունակում է խնկարկել իր կուռքին՝ Նիկոլին, այդպիսի վարքագիծը հիմնավորելով «նախկինների» հնարավոր վերադարձի վտանգով: Արդյունքում ունենք կռիլովյան՝ կարապի, գայլաձկան և խեցգետնի ծանոթ պատկերը: Նյարդերի այս պայքարում ո՞ր կողմն ավելի համառ ու տոկուն կգտնվի: Իսկապես ամոթալի, ավելին՝ նողկալի պատկեր, որովհետև ստացվում է, որ առաջինները՝ գործնականում պայքարողները, պատրաստ են վտանգելու իրենց և իրենց ընտանիքները, որպեսզի հայրենազուրկ չդառնան նաև գիտակցաբար կամ անգիտությամբ նիկոլիզմի սայլին լծվածները: Այնինչ՝ ամեն ինչ շատ հստակ է, իհարկե՝ գիտակցողների համար. կամ փրկվում են բոլորը միասին, կամ չի փրկվում ոչ ոք, որովհետև եթե Հայրենիքի փրկության շարժման պայքարը չի պսակվում հաղթանակով (իսկ ես այդ մասին նույնիսկ չեմ էլ ուզում մտածել), ապա հակառակը պետականության կորուստն է: Պետականության կորստի գործընթացն արդեն սկսված է, ժամանակի թափանիվն ի վնաս մեզ արագություն է հավաքում, անկախ այն բանից, թե ժողովրդի որ մասն է դա գիտակցում: Ասվածի դրսևորումներն են ամեն օր մեր հայրենիքի նորանոր հատվածների հանձնումը թշնամուն առայժմ՝ Սյունիքում, հետո կլինեն նաև մյուս մարզերում: Թշնամի երկրի իշխանությունները շտապում են նպաստավոր պահը բաց չթողնել մեզանից առավելագույնը պոկելու համար, իսկ մեր իշխանություն կոչվածները անամոթաբար զբաղված են, ի հաշիվ ներքին օրակարգի, թշնամու գործելակերպի համար արդարացումներ գտնելու և պատասխանատվությունն իրենցից հեռացնելու գործով: Որպես հետևանք այս պարտված պատերազմի՝ մենք ոչ միայն կորցրել ենք հազարավոր հայորդիների, մեր հայրենիքի զգալի մասը, այլև, որ ոչ պակաս կարևոր է, կորցրել ենք վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարցրել ենք հավատը, որ ինքնուրույն կարող ենք ինչ-որ բան անել և առհասարակ պետություն լինել:
Իմ նպատակից դուրս է ներկա իրավիճակի հերթական վերլուծությունն անելը, որովհետև այլևս դա անիմաստ զբաղմունք եմ համարում: Այդ առումով ավելի քան բավարար չափով ասվել ու գրվել է: Ով ի վիճակի էր հասկանալու, հասկացել է, իսկ ով չի հասկացել, նրա վրա այլևս ժամանակ ծախսելն անիմաստ է: Այստեղ պիտի փորձեմ անդրադառնալ առաջին հայացքից մեկը մյուսից անկախ թվացող, իսկ իրականում ներքին խորքային կապի մեջ գտնվող որոշ երևույթների:
1) Երբեմն հասարակության տարբեր հատվածներից լսելի են դառնում մոտավորապես «ինչ եղել՝ եղել է, պրծանք» տիպի արտահայտություններ: Դրանց հեղինակներն ու թութակողները նիկոլիզմի բնական դաշնակիցներեն են: Այդպիսիք կամ առ այսօր չունեն այն գիտակցումը, որ Արցախը Հայաստանի մի մասն է, անկախ նրա այժմյան կարգավիճակից (վերջինը ազգային-քաղաքական մարտավարության հարց է), կամ էլ՝ նրանց համար միևնույնն է Հայաստանի տարածքի ցանկացած կորուստ, միայն թե իրենք դժվարություններ չկրեն: Նմանները պարզապես չեն գիտակցում, որ մեր թշնամու ախորժակը շատ ավելի մեծ է, քան իրենց թվում է: Գործնականում թշնամին չի էլ թաքցնում իր մտադրություննները: Ով այսօր չի ուզում պայքարել Արցախի, արդեն՝ նաև Սյունիքի համար, վաղը ստիպված կլինի պայքարել Արարատյան դաշտավայրի, Կոտայքի կամ մեկ այլ մարզի իր գյուղի համար: 1918-ին մեր կենաց-մահու կռիվը տվեցինք Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, որովհետև չուզեցինք այդ կռիվը տալ Էրզրումում, չուզեցինք այդ կռիվը տալ Կարսի պարիսպների տակ: Ճիշտ է՝ այդ ճանապարհին ունեցանք խիզախումի և հերոսության բազում դրվագներ, բայց դրանք միայն դրվագներ էին, որոնք մեծ հաշվով իրավիճակ չէին փոխում: Դաժան է, բայց փաստ. կարող էին չլինել նույնիսկ նշածս հերոսամարտերը, կամ լինելու դեպքում դրանք չպսակվեին հաղթական ելքով, եթե վրացիները 1918-ի մայիսին չփակեին հայ-վրացական սահմանը: Սրանով ես բոլորովին չեմ ուզում նսեմացնել հայի մարտական կորովը, թերագնահատել քաջության աննախընթաց դրսևորումները, որոնք նա ցույց է տվել գրեթե բոլոր մեծ ու փոքր պատերազմներում: Այդուհանդերձ, մեկ բան փաստ է. մենք ոչ բոլոր շրջադարձային պահերին ենք ճիշտ գնահատել իրավիճակը և ըստ այդմ գործելու կամք դրսևորել, որի պատճառով էլ մեր հայրենիքի սահմանները շագրենի կաշու պես անվերջ կրճատվում են: Այսօր այդ պահերից մեկն է:
Իհարկե, գաղտինք չէ, որ անկախ պետականությունը ժողովրդի մի որոշ մասի համար արժեք չէ, նրանք պատրաստ են ցանկացած պահի լքել հայրենիքը և դրա համար միշտ ունեն հիմնավորում: Այդպիսիները իրականում հոգով անհայրենիքներն են: Ինձ համար և ինձ նման մտածողների համար, սակայն, հայրենիքը լքելու միայն մեկ արդարացում կարող է լինել. եթե վտանգված է քո և քո ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը: Դա էլ վերապահումով, եթե սպառված են պայքարելու բոլոր հնարավորությունները, կամ պայքարը շարունակելը կարող է հանգեցնել ավելի մեծ աղետի: Այսինքն՝ այնպիսի պայմաններ, որպիսիք Հայաստանում առաջացան 1920 թ. դեկտեմբերից հետո, երբ մեկնարկեցին բոլշևիկյան զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: Անհայրենիք տեսակը ամենավտանգավորն է, ավելի վտանգավոր, քան գաղափարական հակառակորդդ ու թշնամիդ, որովհետև նա, առերևույթ քեզ հետ լինելով, ցանկացած պահի կարող է լքել մարտադաշտը՝ թիկունքդ թողնելով դատարկ:
2) Իրավապահ մարմիները կարծես սկսել են ավելի շատ ջանքեր գործադրել, քան դա պահանջում է իրենց մասնագիտական պարտքը: Եթե մենք գտնվեինք իշխանության համար պայքարի ստանդարտ իրավիճակում, նրանց վարքագիծը միանգամայն հասկանալի կլիներ: Կարծում եմ, նրանցից շատերը գիտակցում են, առնվազն պարտավոր են գիտակցել, որ ներկա դրությունը սովորականներից չէ: Ավելին՝ բացառիկ է: Հետևաբար իրենց քայլերը նույնպես պիտի համարժեք լինեն իրավիճակին: Այդ մասին գրեթե ամեն օր ազդարարում են նրանց նախկին և ներկա գործընկերներից շատերը, որոնք գիտակցում են, որ չի կարելի խաղալիք դառնալ անմեղսունակների իշխանության ձեռքում: Այդպիսի վարքագիծը պարզապես անպատվաբեր է: Պաշտպանել հայրենիքի կորստի պատճառ դարձած իշխանությանը, նշանակում է մեղսակցել հայրենադավության շարունակվող գործընթացին:
3) Մոտ երկու շաբաթ առաջ ես հորդորով դիմեցի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ թերևս չհիմնավորված լավատեսությամբ կարծելով, որ նրանց շարքերում, այնուամենայնիվ, կգտնվեն բարձր արժեքներով առաջնորդվող մարդիկ (տե՛ս «Yerkir.am», 11. 12. 2020 թ.): Սակայն ցավով պիտի նշեմ, որ իմքայլականների շրջահայացության մասին պատկերացումներս չափազանցված էին: Նրանց համար գերադասելի են մնում նվեր ստացած մանդատը, պարգևավճարները և «թիմի» պատրանքը: Ըստ էության, այդ խմբակցության ութսունից ավելի պատգամավորներից անհրաժեշտ հասունություն, մեծ բանաստեղծի խոսքերով՝ «իրենից ավելի հասուն լինելու» ունակություն դրսևորեցին մի քանիսը միայն, այն էլ՝ նոյեմբերի 10-ին հաջորդող առաջին օրերին: Մի հանգամանք, որը նրանց պատիվ է բերում: Մյուսներին հավանաբար թվում է, թե իրենց կհաջողվի հաճելին զուգակցել ցանկալիի հետ և խուսափել ապագա պատասխանատվությունից: Վստահեցնում եմ՝ միանշանակ չի հաջողվելու: Ձեզ առաջնային մանդատ է տրվել (այլևս էական չէ, թե ինչու և ինչպես), հետևաբար դուք նույնչափ պատասխանատվություն եք կրում մեր պետականության և ժողովրդի ճակատագրի համար, որքան ձեր «ընտրյալը», որին նիկոլ են ասում («Նիկոլ» անունն իմ գիտակցության մեջ զուգակցվում է մեր ժողովրդի երկու մեծ զավակների՝ Նիկոլ Դումանի և Նիկոլ Աղբալյանի անունների հետ, որոնք հայրենիքին ու հայ ժողովրդին անձնուրաց նվիրումի խորհրդանիշներ են եղել, ուստի մեծ ցավ եմ ապրում, որ այդ անունն այս օրերին պիտի հնչի նաև որպես հայրենադավության խորհրդանիշ): Որ ձեր «նիկոլը» ապիկարների իր «շքախմբով» պիտի հեռանա, ինձ համար կասկածից վեր է, քանզի հայ ժողովուրդը նիկոլի ու նիկոլիզմի հետ ապագա չունի, որքան էլ հակառակի մասին ոռնան որոշ բաբաջանողլիներ: Յուրաքանչյուրի իրավունքն է ընտրել, թե որտեղ և ում կողքին է տեսնում իրեն՝ նիկոլիզմի՞, որն այլևս հայրենադավության խորհրդանիշ է, թե՞ Հայրենիքի փրկության շաժման, որի ուսերին բնականորեն ծանրացել է պետականությունը փրկելու առաքելությունը, որովհետև այդ շարժումը գլխավորում են մեր երկրորդ անկախ պետականության կերտման ակունքներից եկող և նրա կայացման գործում մեծ ներդրում ունեցող ազգային գործիչները և ուժերը: Իսկ նիկոլիզմի և Հայրենիքի փրկության շարժման միջև այլևս անխուսափելի սահմանաբաժանն է:
Վարդան Պետրոսյան
24. 12. 2020 թ.