Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում են Արցախի Հնարապետության Արտաքին գործերի նախարարությունից:
Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։
«Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ ուղղված Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ:
Այս հողը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ 1921 թ․ այն բռնակցվել է Ադրբեջանին: 1988 թվականից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի: Նույն կերպ Արցախի ժողովուրդը հանրաքվեի արդյունքում հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով նվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց մի անխնա պատերազմ: Հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:
Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որն անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:
2014 թվականից սկսած Վիեն քաղաքը մասնակցում է հանուն խաղաղության այս պայքարին՝ Արցախի հարավում գտնվող Հադրութ քաղաքի հետ ստորագրելով բարեկամության հռչակագիր: Սա հնարավորություն ընձեռնեց կապեր հաստատել Հադրութի քաղաքապետարանի հետ: Հռչակագրի ստորագրումից ի վեր Վիենում գործող ասոցիացիաները նույնպես միացել են նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով Հադրութի համար կրթական և մշակութային ծրագրեր կյանքի կոչել:
Արցախի և Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում:
Հետևաբար, Վիենի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը և դիմում Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է իր բնակչության անվտանգության, տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավականը»: