կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 11:16
Քաղաքական

Ալիկ Սարգսյանը թանկացումներից տեղյակ չէ. կինը դեռ չի զեկուցել

Ալիկ Սարգսյանը թանկացումներից տեղյակ չէ. կինը դեռ չի զեկուցել

Այսօր խորհրդարանում լրագորղները փորձեցին ՀՀԿ-ական պատագամավորներից ճշտել` արդյո՞ք տեղյակ են երկրում արձանագրված թանկացումներից, և ո՞րն է թանկացումների պատճառը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը, լսելով լրագրողների հարցերը, ասաց. «Տեղյակ չեմ»:

Դիտարկմանն էլ` կարագը, այլ սննդամթերքներ թանկացել են, ասաց. «Երեխեք, էսօր ինձ հետ գործ չունեք»:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն էլ, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է, լսելով թանկացումների մասին հարցը, նույնպես նշեց, որ տեղյակ չէ: Իսկ հարցը` տեղյակ չէ, որ թանկացումնե՞ր են եղել, թե՞ տեղյակ չէ` ինչու են եղել թանկացումներ, թողեց անպատասխան:

Երբ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանին լրագրողներն ասացին, որ թանկացումների մասին են ուզում հարցեր տալ` զարմացած ասաց. «Ի՞նչ թանկացում: Ես չգիտեմ` ինչի մասին եք ասում»:

Դիտարկմանը` միսը կարագը, պանիրը թանկացել են, պատասխանեց. «Ես տեղյակ չեմ ինչի մասին եք ասում, գնումներ կինս է անում մեր տանը: Ես այստեղ չէի, էս երկու օրն եմ եկել: Այս երկու օրվա ընթացքում կինս չի հասցրել զեկուցի, որ թանկացում է եղել, կներեք»: Սարգսյանը հավելեց, եթե մի բանից տեղյակ չէ, չի կարող եզրակացություններ անել: «Միգուցե կես դրամով է թանկացել»,- ասաց նա:

Դիտարկմանը` օրինակ, միսը 20%-ով է թանկացել, արձագանքեց «Կներեք, իրոք տեղյակ չեմ, թույլ տվեք հարցի էությանը ծանոթանամ, հետո կպատասխանեմ ձեր հարցերին, գոնե անհրաժեշտ հետևություն կանեմ, թե ինչի է թանկացել»:

Դիտարկմանը` գուցե ընտրություններից հետո թանկացումներ են, որ ծախսված գումարները հետ բերվեն, պատասխանեց. «Ավելորդ հերյուրանքները և զրպարտությունները մեկնաբանելն անիմաստ է և այսպես բում ստեղծել պետք չէ: Ես տեղյակ չեմ, առևտուր չեմ արել և չգիտեմ, իսկ ձեր մնացած ենթադրությունները պահեք ձեզ»:

Միայն ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ տեղյակ է, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է, առաջիկայում եզրակացությունը կտան: