Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․
«Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը և պահանջում կամավորականների, ինչպես և սահմանից նահանջած հայոց բանակայինների անհապաղ օգնությունը:
Քիչ առաջ հեռախոսազանգ ստացանք Տեղ համայնքի Արավուս գյուղից. այդ բնակավայրի երախտավորներից մեկն էր՝ Նուրուշ Ջհանգիրյանը, ով տեղեկացրեց Ադրբեջանի անմիջական սահմանին գտնվող Արավուս գյուղի շուրջ վերջին երկու օրը տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին:
Զրույցից հետո մեզ հաջողվեց կապ հաստատել Արավուս փոքրիկ գյուղի հերոսական ջոկատի հրամանատար Արգամ Հովսեփյանի հետ: Այդ ջոկատն է, որ վերջին երկու օրում հայտնվել է Տեղ համայնքի արեւելյան սահմանում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում:
Ըստ Արգամ Հովսեփյանի՝ դեռևս մի քանի օր առաջ մեր կորպուսի ինչ-որ գնդապետ եկել և հանձնարարել է, որ զբաղեցրած դիրքերից 750 մ հետ նահանջենք:
-Ես հրաժարվել եմ կատարել գնդապետի հրամանը՝ պարզաբանելով նրան, որ նման նահանջից հետո Արավուս գյուղում բնակվելն այլեւս ռիսկային կդառնա,- ասաց Արգամ Հովսեփյանը:
-Այդ խոսակցությունից հետո բանակային ստորաբաժանումը հետ է նահանջել՝ Թուրուսի խութ ռազմավարական մեծ նշանակության դիրքը թողնելով միայն մեզ:
Որպեսզի հասկանալի լինի Թուրուսի խութի ռազմավարական նշանակությունը՝ միայն մի բան է շեշտում Արգամ Հովսեփյանը՝ «Եթե թուրքը զբաղեցնի այդ բարձունքը, ապա ամբողջ Գորիսի տարածաշրջանը կհայտնվի նրա աչքի առաջ եւ խոցելի կդառնա»:
Ի դեպ, ինչպես հավատացնում է Արգամ Հովսեփյանը, ազերի զինվորականների մի ստորաբաժանում է եկել եւ բնավորվել Թուրուսի խութից մոտ մեկ կմ հեռավորությամբ գտնվող երբեմնի ադրբեջանաբնակ Ջաղազուր սահմանային գյուղում:
-Դեկտեմբերի 2-ին և 3-ին 25 ազերի զինվոր սպիտակ դրոշով մոտեցել են մեր դիրքերին, ընդ որում՝ նրանց առաջնորդող գնդապետը՝ առանց զենքի, մնացածը զինված:
Պատմում է Արգամ Հովսեփյանը:
-Ինքս (առանց զենքի)՝ հինգ զինվորականի հետ (զինված), ընդառաջ եմ գնացել ադրբեջանցիներին: Երկուստեք ներկայանալուց հետո գնդապետն առաջարկել է մեզ՝ հեռանալ դիրքից՝ պնդելով, թե դա Ադրբեջանի տարածք է: Հետագա մեր զրույցը տեղի է ունեցել 1974 թվականի մի քարտեզի շուրջ: Եվ ես կարողացել եմ համոզել նրան, որ Թուրուսի խութի արեւելյան կողմը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, իսկ արեւմտյան կողմը՝ Ադրբեջանի: Այդ պահին, սակայն, մեզ է մոտեցել ադրբեջանցի մեկ այլ սպա եւ իր գործընկերոջը հակառակը համոզել: Մի խոսքով՝ մենք ընդհանուր եզրակացության չենք եկել, եւ գնդապետը հայտարարել է՝ «Հիմա մենք վերադառնում ենք Ջաղազուր, վաղը նորից մոտենալու ենք ձեզ, իսկ դուք պետք է այդ դիրքը զիջեք մեզ», այդպես էլ բաժանվել ենք իրարից: Այնպես որ՝ վաղը նորից ադրբեջանցի զինյալները բարձրանալու են Թուրուսի խութ:
Ըստ Արգամ Հովսեփյանի՝ «Ազերի գնդապետը փորձում էր համոզել իր ճշմարտացիության մեջ, իսկ ես նրան հիշեցրի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի սեւ գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։ Բայց դա էլ իրավիճակը չփոխեց, քանզի նրանք էլ յուրովի (իրենց օգտին) են մեկնաբանում հայտարարությունը:
Եվ ուրեմն՝ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, մենք նորից ստիպված ենք լինելու հանդիպել Ջաղազուր գյուղում այլեւս հանգրվանած ադրբեջանցի «սպիտակ դրոշակավորներին»: Նրանք ուզում են ամեն գնով Թուրուսի խութի գագաթին բարձրացնել Ադրբեջանի պետական դրոշը:
Թե վաղը ինչ զարգացումներ տեղի կունենան Թուրուսի խութի շուրջ՝ դժվարանում ենք ասել:
Իսկ ի՞նչ ենք մենք ուզում. այդ հարցին Արգամ Հովսեփյանը եւ բոլոր արավուսցիները հստակ պատասխան ունեն՝ ոչ մի պարագայում չնահանջել այդ դիրքից, այլապես Արավուս (եւ ոչ միայն) գյուղի հետագա գոյությունը հարցականի տակ կդրվի:
Ու, որքան էլ տարօրինակ է, Արավուս գյուղի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին տեղյակ են բոլոր իշխանավորները՝ ներքեւից վերեւ: Ոմանք հուզական հաղորոդումներ են տարածում՝ աղավաղելով փաստերը, ոմանք էլ կույր եւ խուլ են ձեւանում: Այն էլ՝ Սյունիքի արեւելյան սահմաններին սպառնացող կոնկրետ վտանգի ժամին:
- Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը եւ պահանջում կամավորականների, ինչպես եւ սահմանից նահանջած հայոց բանակայինների անհապաղ օգնությունը,- մեր զրույցն այսպես ամփոփեց Արավուս գյուղի վարչական ղեկավար, Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմի վետերան Արգամ Հովսեփյանը:
Հ.Գ.
Արավուս գյուղի սահմանագլխին տեղի ունեցածը կարող է կրկնվել նաև Սյունիք-Ադրբեջան սահմանագծի մյուս հատվածներում ևս, ինչից պետք է շտապ եզրակացություն անի եւ վճռական քայլեր ձեռնարկի հայկական կողմը:
Ամենակարեւորը՝ թուրքի սպիտակ դրոշին երբեք չպետք է հավատալ, նրա սպիտակ դրոշից անգամ արյուն է ծորում…
Մեկ անգամ ևս վերհիշենք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի սեւ գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։
Հիմա՝ ամենագլխավորը՝ մենք ի վիճակի՞ ենք տեր կանգնել վերոնշյալ խայտառակ փաստաթղթի այն դրույթին, որը շատ թե քիչ նպաստավոր է Հայաստանի համար:
Եվ ամենատարակուսելին ու անհասկանալին՝ մի՞թե մեր բանակայինները ու կամավորականները միևնույն խնդիրը չեն լուծում և միևնույն տեղից չեն ղեկավարվում:
Սամվել Ալեքսանյան»: