կարևոր
1507 դիտում, 2 օր առաջ - 2025-06-04 16:27
Քաղաքական

Իշխանությունը որքան ուժեղացնի արշավը եկեղեցու դեմ, այդքան հանրային մոբիլիզացիայի ականատես է լինելու․ Քրիստինե Վարդանյան

«Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումներն ու թիրախավորումը Մայր Աթոռի նկատմամբ լինել պատահականություն»,-ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
 

«Չի կարող դա ուղղակի համընկնում լինել, այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել ենք, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման, դենացիոնալիզացիայի ծրագիր, և Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար»,-ասաց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ բանավոր և գրավոր ձեռք բերված պայմանավորվածությունները, անգամ առանց պայմանագրի ստորագրման, կատարվում են և ընթացքի մեջ են։

«Փաստացի պայմանագիրը, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման, մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք։ Դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով, երկրորդ կետը այն է, որ Փաշինյանն էլ հայտարարեց Ալիևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին։ Անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագիր մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականցնում է։ Պայմանագրում տեղ չգտած կետերը, օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, էլի կատարվում է։ Այլ կերպ, ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Փաշինյանը ասում է, եթե պայմանագիրը ստորագրվի և Սահմանադրությանը հակասի, ես կնախաձեռնեմ սահմանադրության փոփոխություն։ Եկեղեցու թիրախավորման համար այլ որևէ տրամաբանական բացատրություն ուղղակի դուք չեք կարող գտնել։ Ինչու, երբ Արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, Երևանում, դրան հաջորդում արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչու է երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարագներում հանդես է գալիս այդ թվում արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում է տեղի ունենում»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ իրենք ամբողջությամբ  սատարում են  Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը. «Մեր բոլոր լծակներով, գործիքակազմերով պատրաստ ենք աջակցել ու նաև հնչեղություն հաղորդել այդ պահանջին։ Մենք պահանջում ենք դադարեցնել արշավը մեկից, ով ծրագրել և նախաձեռնել է այդ արշավը, այստեղ է ամենամեծ հարցը։ Ինչպես մեր ինքնության բոլոր հիմքերի, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը, խոշոր հաշվով այս պահին մնացել է հանրության տիրույթում ու հանրային պաշտպանությունն է, որ այս օրերին պիտի արտահայտվի ու նաև անհրաժեշտության դեպքում, եթե այս արշավը այլ ընթացք է ստանալու և սրվելու է, նաև դրսևորվի։ Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան, այդ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր կատարում են Ալիևի պահանջները, հարձակվում են եկեղեցու վրա, բնականաբար մյուս կողմում պիտի մոբիլիզացվեն բոլոր նրանք և հանրային դիրքորոշում արտահայտեն, որոնք այդ այս հարձակմանը համաձայն չեն և չեն կիսում»,– հայտարարեց նա։


Մանրամանս՝ տեսանյութում։