կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 13:35
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը մտադիր է ուշադրություն դարձնել արտագաղթին

Արթուր Բաղդասարյանը մտադիր է ուշադրություն դարձնել արտագաղթին

2013-ը ԱԱԽ-ի համար արդյունավետ գործողությունների տարի էր, որոնք երեք ուղղություններով են իրականացվել՝ երկրի ռազմավարական զարգացմանն առնչվող փաստաթղթերի հաստատում, համակարգման կոորդինացում, ընդունված իրավական ակտերի դիտարկումներ. այսօր լրագրողներին ներկայացրեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով ԱԱԽ գործունեությունը:

 

Ներկայացնելով առաջիկա տարվա անելիքները՝ նա նշեց, որ պլանավորում են քննարկել մի շարք կարևորագույն խնդիրներ: Ներդրվելու է այլընտանքային պատիժների նոր համակարգ նվազ վտանգավորության հանցանք կատարած անձանց համար, որովհետև միշտ չէ, որ ազատազրկումը դիտարկվում է որպես  պատժի արդյունավետ միջոց: Իրականացվելու է բնական պաշարների արդյունավետ կառավարում, մշակվելու է ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը, իրականացվելու են նոր հետազոտություններ ու բացահայտվելու են նոր բնական պաշարներ:

 

Հաջորդը, որ մտադիր է անել ԱԱԽ-ն, ՀՀ ժողովրդագրական անվտանգության ռազմավարության մշակումն է, որը Արթուր Բաղդասարյանի խոսքով, պիտի գա պատասխանելու այդ ոլորտում կուտակված բազմաթիվ հարցերին: «Պետք է հասկանանք՝ ո՞ւր ենք մենք գնում: Մենք պետք է ունենանք մեր ժողովրդի անվտանգության տեսլականը` որքա՞ն մարդկային արտահոսք է եղել, ինչպե՞ս ենք մտադիր առկա խնդիրները վերացնել, ի՞նչ գումարներ պետք է ծախսենք այդ խնդիրների վրա և այլն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով ժողովրդագրության ոլորտի խնդիրների վերացման մասին:

 

Նա նշեց, որ մշակվելու է նաև Հայաստանի հոգևոր անվտանգության հայեցակարգը աղանդավորական շարժումների հետ կապված խնդիրներին դիմակայելու համար:

 

Կենսաբանական անվտանգության պահպանման նպատակով կստեղծվի վտանգավոր թափոնների կառավարման անվտանգություն: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ արդիականացվելու է հայ-վրացական` Բագրատաշենի սահմանը. ՀՀ-ն կստանա 20 մլն եվրոյի դրամաշնորհ ԵՄ-ի կողմից՝ սահմանի տեխնիկական վերազննման և արդիականացման համար: «Ներդրվելու է «զրո բյուրոկրատական քաշքշուկ» սկզբունքը, թե սահմանին քանի րոպե պետք է կանգնի մարդատար մեքենան, բեռնատար մեքենան: Դրվելու է հստակ ժամկետային սահմանափակում` հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Ըստ նրա` արդիականացվելու է նաև հայ-իրանական պետական սահմանը՝ ԵՄ-ի հատկացրած 500 հազար եվրո դրամաշնորհով. Մեղրիում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան սահմանակետ: Ստեղծվելու է թմրամոլության դեմ պայքարի ազգային կենտրոն` ՀԱՊԿ-ի հետ համատեղ, ինչպես նաև հիմնադրվելու է կիբերանվտանգության և կիբերհանցագործությունների դեմ անվտանգության ազգային կենտրոն: Սեպտեմբերի 1-ից իր գործունեությունը կսկսի ՀԱՊԿ ակադեմիան, որը, ըստ Արթուր Բաղդասարյանի, դրական կանդրադառնա երկրի հեղինակության վրա: Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում հիմնվելու է հայ-ռուսական հումանիտար կենտրոն, որտեղ ներդրումներ կարվեն Հայաստանի ու Ռուսաստանի կողմից, եւ հնարավորություն կլինի արտակարգ իրավիճակների դեպքում դիմակայել տեխնածին վիճակներին ու արտակարգ պատահարներին:

 

«Կազմվելու է Հայաստան-ԵՄ 2014-2015թթ գործողությունների ծրագիրը: Հստակ շարունակելու ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը, որը ընդգրկում է 160 ուղղություն՝ արդիականացնելով ու բարեփոխելով մեր պետական ինստիտուտները` դատական, քաղաքական, իրավական, տնտեսական ու սոցիալական համատեքստում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը ՝ հավելելով, որ պետք է հաստատեն նաև Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների ծրագիրը: