կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 13:25
Քաղաքական

Եթե ժամանակին կանգնեցնեինք. Մարինե Սուքիասյան

Եթե ժամանակին կանգնեցնեինք. Մարինե Սուքիասյան

2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկ կախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։ Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։ Իշխանությունը մեծամիտ էր ու անմիտ, հասարակությունը՝ հիպնոսացված։ ԱԱԾ հեռացող տնօրենի «Կանգ առ»-ը չլսվեց։ Ղարաբաղյան բանակցություններում սխալը սխալի հետևից էրարվում,հրապարակայնորեն դրա մասին զգուշացնում էին, բայց նա պատմական տգիտության վստահությամբ ասում էր՝ «ես իմ կետից եմ բանակցում, ինչ-որ պետք է՝ դա էլ բանակցում եմ»։ Իսկ հասարակությունն անտարբեր էր, որովհետև մեր քաղաքացուն սկզբում հետաքրքրում է իր գարաժը, հետո՝ դաչայի պարիսպը, հետո՝ մնացածը, և մեր քաղաքացին սարսափում է ինքնուրույն մտածելուց։

Համաճարակի առաջին ամիսներին Ն. Փաշինյանի կառավարությունը 100 տոկոսով տապալեց գործը, և Հայաստանի ցուցանիշներն ամենավատերից էին աշխարհում։ Փաշինյանի կառավարությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ ոչ մի իրական գործ անելու, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է աշխատանքը։ Եղան մարդիկ, եղան ուժեր, որոնք ասեցին, որ սա աղետի է բերելու և պահանջեցին նրա հրաժարականը։ Եվ այդ ժամանակ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր «սիլլոգիզմով». ա/ Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ/ Պատերազմ վարելու բեռն ընկած է իշխանության վրա, գ/ Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին,պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։ Հարգարժան առաջին նախագահ. իսկ եթե ունի՞, իսկ եթե համաճարակի տապալված աշխատանքը տեսնելով՝ միասին փոխեինք այս անկարողներին, գուցե չլիներ այս պատերազմը և չլիներ այս ողբերգությունը։

Ինչու՞ միայն այսօր՝ այս ողբերգության արձանագրումից հետո է Ձեր ամենամտերիմ զինակիցն ասում, որ «Փաշինյանը անկուշտև հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհքաղաքականության և ռազմական հարցերում»։ Չէ՞ որ դուք Փաշինյանին շա՜տ լավ էիք ճանաչում, և շա՜տ վաղուց։ Իսկ եթե «սիլլոգիզմի» փոխարեն սա ասվեր մի 7-8 ամիս առա՞ջ։Գուցե ամեն ինչ ուրի՞շ լիներ։ Չէ՞ որ Փաշինյանի ողբերգական սխալների հաջորդականությունը Դուք շատ ավելի վաղ էիք տեսնում։

Եվ վերջապես՝ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի վերջերին Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ միակ փրկությունը Ն. Փաշինյանի հեռանալն է ու իշխանությունը բանակին հանձնելը։ Հիշեք՝ ի´նչ կատարվեց, ի՜նչ վայնասուն, ի՜նչ ուղղորդված հարձակում, ի՜նչ մեղադրանքներ։ Իսկ եթե լսեինք Վազգեն Մանուկյանին, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար զոհ ու վիրավոր քիչ կունենայինք, իսկ տարածքային կորուստները շատ ավելի նվազ կլինեին։ Վազգեն Մանուկյանի իրավացիությունը փաստեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ արդեն պատերազմից հետո։

Այս 2.5 տարվա ոչ մի փուլում մենք չունեցանք ներքին ուժ՝ լսելու բանականությանը ու կանգնեցնելու ողբերգության նավավարին։ Որպես հետգրություն՝ ներկայացնենք այս ողբերգության մեջ Ն. Փաշինյանի անձնական պատասխանատվության փաստագրությունը.

1. Ն. Փաշինյանը գիտեր, որ բանակցությունները տանում են փակուղի։

2. Ն. Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան բայրաքթարներ է մատակարարում Ադրբեջանին։

3. Ն.Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան անմիջականորեն միջամտելու է պատերազմին

4. Ն. Փաշինյանը գիտեր, որ Արևմուտքը չի խառնվելու

5. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սառն են

6. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և ունի այն սկսելու որոշում

7. Ն. Փաշինյանը գիտեր, որ ուժերի հարաբերակցությունը այս պայմաններում խիստ վատն է ու ռազմական գործողությունները բերելու են աղետի։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ մարդն էր, որն ի պաշտոնե այս ողջ տեղեկատվությանը տիրապետում էր ամբողջությամբ ու չարեց ոչինչ՝ աղետից խուսափելու համար։

Պատերազմը սկսվելուց 3-4 օր անց Գլխավոր Շտաբի պետը նրան զեկուցում է, որ օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Նա ոչինչ չի անում։ Նույնիսկ հոկտեմբեր 19-20-ին, երբ կար իրական հնարավորություն՝ կանգնեցնելու պատերազմը, փրկելու հազարավոր կյանքեր և ստանալու ավելի լավ պայմանագիր, նա դարձյալ հրաժարվում է։

Այսքանից հետո ո՞ւմ մեղադրել։ Մենք 2.5 տարի շարունակ չկարողացանք ժամանակին կանգնեցնել նրան։