Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ վարչապետը, պարետը, առողջապահության նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետեւանքների համար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը:
Ա, մասնավորապես, նշել է. «Այսօրվանից պետությունը մտնում է նոր փուլ՝ լի անկանխատեսելի ռիսկերով եւ, շեշտում ենք, նախադեպը չունեցող սցենարով։
Փաստենք.
ա/ Որեւէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման։
բ/ Առանց թեստավորումների քանակի էական ավելացման՝ կարանտինի թուլացումը կույր խաղի է նման։ Մի պահից անհնար է լինելու տիրապետել իրականությանը
Գ/ Առանց հիվանդանոցային ռեզերվների էական ավելացման՝ կարանտինի թուլացումը նմանվում է ավանտյուրայի։
Դ/ Որպես ամենահավանական սցենար նշվում է այսուհետ ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տնային պայմաններում մեկուսացնելու տարբերակը։ Արդյո՞ք, իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանում բնակարանային պայմաններն այնպիսին են, որ մեծամասնությունը չունի տնային պայմաններում մեկուսանալու հնարավորություն։ Ի դեպ, նախարար Թորոսյանը բարձրաձայնում է, որ ասիմպտոմ կամ թեթեւ հիվանդը կարող է դառնալ այլոց ծանր հիվանդության կամ մահվան պատճառ։ Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե 2 սենյականոցում 5-6 հոգով ապրող մարդիկ, ինչպես կարող են մեկուսանալ։
Պարետ Ավինյանի զգուշացումը, թե իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ լինել դեպի ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, հակասական զգացողություններ է
առաջացնում։ Չի բացառվում, որ Ավինյանը ուղղակի գտնվում է վարչապետի իմպուլսիվ քաղաքական ազդեցության տակ, եւ չի կարողացել կասեցնել նմանօրինակ ավանտյուրան։
Կա վարկած, որ իշխանությունը շատ լավ հասկանում է ռիսկերը, բայց ունի իր հաշվարկները, այն է՝ մայիսի 14-ին լրանում է արտակարգ դրության վերջնաժամկետը, եւ դրանից հետո մի քանի օրվա ընթացքում իշխանությունը, վկայակոչելով հիվանդների թվի կտրուկ աճը, նորից արտակարգ դրություն կհայտարարի։ Իսկ իշխանությանը արտակարգ դրություն պետք է նաեւ քաղաքական պրոցեսները հետաձգելու համար։ Ակնհայտ է, որ լուրջ սոցիալական լարվածություն է կուտակվում։
Կա նաեւ ամենապարզ վարկածը՝ իշխանությունը պարզապես չգիտի՝ ինչ անել։ Իսկ հայ հասարակության մի զգալի հատվածի համար սահմանափակումների թուլացումը նույնականացվում է վիրուսի վերացման հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասում է, որ եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ, իսկ եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր:
Իսկ եթե իսկապես հասարակությունը չկարողանա պահել կանոնները: Ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե պետության, այլ հասարակության՝ ժողովրդի վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ նման պայմաններում սահմանափակումների էական թուլացումը, ամենայն հավանականությամբ, բերելու է հիվանդների թվի զգալի աճի։ Ինչ հաշվարկ էլ որ ունենա իշխանությունը, դրա հիմքում դրվում է տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունը։