կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 20:50
Քաղաքական

Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

Ֆրանսիայից և Գերմանիայից հետո Նիդեռլանդներում ևս իշխող և ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի գաղափարապաշտական օջախների գործունեությունը Եվրոպական միության ողջ տարածքում, ինչպես նաև պահանջում են պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ։

Պատրաստված միջնորդության մեջ պաշտպանվում է այն թեզը, որ «Գորշ գայլեր» շարժումը «պատճառ է դարձել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն»: Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ առաջարկով խորհրդարանի օրակարգ եկած և առաջին հավանությունը ստացած միջնորդությունը կրկին քվեարկության կդրվի կառավարության կողմից քննարկվելուց հետո: Նիդեռլանդներում կոալիցիոն կառավարության երեք կուսակցությունների և ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (SP)  կողմից համատեղ ներկայացված միջնորդությունն ընդունվել է 150 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում՝ 147 պատգամավորների քվեարկությամբ:

Իշխող և ընդդիմադիր չորս կուսակցությունների համատեղ պատրաստած միջնորդության մեջ նշվել է, որ «Գորշ գայլեր» հայտնի գաղափարապաշտական օջախները, որոնք տարիներ շարունակ գործում են Նիդեռլանդներում, ծայրահեղ աջակողմյան և ազգայնական շարժում են: Միջնորդության մեջ նաև պնդում են, որ «Գորշ գայլերը» լուրջ լարվածություն են առաջացրել Նիդեռլանդների հասարակության մեջ և պատճառ են հանդիսացել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն: Ուստի պահանջվել է պարզել, թե արդյոք հնարավոր է արգելել գաղափարապաշտական օջախների գործունեությունը և արդյոք հնարավոր է նրանց ընդգրկել եվրոպական պատժամիջոցների ցուցակում:

Ըստ տեղական Omroep Gelderland ալիքի՝ Նիդեռլանդների Արնհեմ նահանգում Դենկ կուսակցության (DENK)  ղեկավար Մուստաֆա Ուստան խորհրդարանի որոշումը մեկնաբանել է իբրև «զզվելի նախընտրական քարոզ», և ասելով, թե ինքն ապրում է «հակաթուրքական զգացմունքների ոսկե դարաշրջանում», առաջ է քաշել այն տեսակետը, թե պաշտոնապես գոյություն չունեցող կազմակերպության արգելմամբ շարունակվում է «թուրքոֆոբիկ վհուկների որսը»։