կարևոր
361 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-18 19:27
Հասարակություն

Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը մասնակցել է Հնդկաստանում Սրբալույս Մյուռոնի օրհնությանը

Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը մասնակցել է Հնդկաստանում Սրբալույս Մյուռոնի օրհնությանը

Նոյեմբերի 13-ին Հնդկաստանի Կերալա նահանգի Պութենկրուզի Սուրբ Աթանասիոս մայր տաճարում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։

Մյուռոնօրհնությունը կատարվեց Հնդկաստանում Սրբալույս Մյուռոնի առաջին օրհնության և Մուլանթուրութիի պատմական եկեղեցական ժողովի 150-ամյակի առթիվ։ 1876 թվականին Անտիոքի Պատրիարք Իգնատիուս Պետրոսը, Հնդկաստան կատարած իր պատմական այցի ընթացքում, Մուլանթուրութիի Սուրբ Թովմաս եկեղեցում գումարեց Մալանկարայի եկեղեցական ժողովը։ Նույն եկեղեցում էլ առաջին անգամ Հնդկաստանում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը։

Նոյեմբերի 12-ի երեկոյան մեկնարկած արարողությունը հաջորդ օրը շարունակվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի հանդիսապետությամբ և Մալանկարայի Հակոբիկյան Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Հնդկաստանի Կաթողիկոս Մոր Բասելիոս Ժոզեֆի մասնակցությամբ։

Հանդիսություններին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էր Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը, իսկ Ղպտի Ուղղափառ Եկեղեցին՝ մետրոպոլիտ Անբա Թովմասը։ Մյուռոնօրհնությանն իրենց աղոթական մասնակցությունը բերեցին նաև հայ և ղպտի հոգևորականները։ Հավատացյալներին ուղղած իր խոսքում Եփրեմ Բ Պատրիարքը ներկայացրեց քույր եկեղեցիների պատվիրակներին և ի դեմս նրանց եղբայրական իր ողջույնները հղեց այդ եկեղեցիների հովվապետերին։

Նոյեմբերի 14-ին Եփրեմ Բ Պատրիարքը քույր եկեղեցիների պատվիրակների ուղեկցությամբ այցելեց Մուլանթուրութիի պատմական Սուրբ Թովմաս եկեղեցի, որտեղ Աշոտ Սրբազանը, դիմելով ներկաներին, Եփրեմ Բ Պատրիարքին և Մոր Բասելիոս Ժոզեֆ Կաթողիկոսին փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները։

Նոյեմբերի 15-ին Մանարկադի Սուրբ Մարիամ մայր տաճարում մատուցված Սուրբ Պատարագին հաջորդեց հանդիսավոր ընդունելություն։ Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքն ու Մոր Բասելիոս Ժոզեֆ Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեցին Հայ և Ղպտի եկեղեցիների հովվապետերին՝ հոբելյանական հանդիսություններին նրանց պատվիրակների մասնակցության համար՝ ընդգծելով, որ քույր եկեղեցիների աղոթակցությունը եղբայրական սիրո և միության վկայությունն է։