կարևոր
325 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-18 19:35
Քաղաքական

COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել

COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել

«Փաստինֆո»-ն գրում է, որ առանց մրցույթի 18 միլիոն 228 հազար դրամ է ծախսել Երևանի քաղաքապետարանը՝ COP 17-ի շրջանակում իրականացված մշակութային միջոցառումների կազմակերպման համար։ 

«Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացել է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալների ուսումնասիրության արդյունքում։

Հիշեցնենք՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը, Հայաստանում անցկացվել է հոկտեմբերի 19-ից 30-ը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը վերը նշված գումարի շուրջ 75 տոկոսը՝ 13 միլիոն 728 հազար դրամը, տրամադրել է մեկ կազմակերպության։
«Ագուլեցի» ազգագրական-մշակութային, ստեղծագործական-կրթական հիմնադրամին 13 միլիոն 728 հազար դրամ է հատկացվել «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» ծրագրի շրջանակում։ Այդ գումարով Կարմիր կամրջի տարածքում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել։

Եվս 2 միլիոն 500 հազար դրամ քաղաքապետարանը տրամադրել է «Նարեկ Բարսեղյան» ԱՁ-ին։ Վերջինս նույն՝ «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» ծրագրի շրջանակում համերգ է կազմակերպել Երևանի 2750-ամյակի այգում։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը։

Հատկանշական է, որ սա «Բամբիռի» առաջին ելույթը չէր քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում։ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ ևս խումբը ելույթ էր ունեցել, որի համար քաղաքապետարանը վճարել էր 2 միլիոն դրամ՝ առնվազն 30 րոպե տևողությամբ ելույթի դիմաց։

Նույն այգում, նույն ծրագրի շրջանակում մեկ այլ համերգ է կազմակերպվել նաև «Սարգիս Մանուկյան» ԱՁ-ի միջոցով։ Վերջինիս 2 միլիոն դրամ է տրամադրվել «Սարգիս Մանուկյան և ընկերներ» բենդի ելույթի համար։