կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 14:25
Քաղաքական

Ուժեղ լրատվական ծառայությունը «5-րդ ալիք»-ին բնութագրող առանցքային հատկանիշներից մեկն է. Հարություն Հարությունյան

Ուժեղ լրատվական ծառայությունը «5-րդ ալիք»-ին բնութագրող առանցքային հատկանիշներից մեկն է. Հարություն Հարությունյան

2018 թվականին վերանվանվելով «5-րդ ալիք» հեռուստաընկերություն՝ իր գործունեության ընթացքում շոշափելի արդյունքներ է գրանցել՝ անհամեմատ բարձրացնելով դիրքերը հեռուստաընկերության ռեյտինգային սանդղակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՌՀ նիստի ընթացքում հայտարարեց «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Դա հնարավոր չէր լինի առանց տեխնիկական լուրջ վերազինման, ֆինանսական ներդրումների եւ գործիքակազմի լավագույն տիրապետող անձնակազմի: «5-րդ ալիքի» որդեգրած առանցքային եւ կարեւորագույն նպատակը եղել  հեռուստաշուկայում մրցունակ արտադրանքը, գրագետ, անաղարտ մայրենիով հաղորդումների եւ ազատ, բազմակողմանի լրատվության ապահովումը:

Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ հանրապետության տարածքում հեռուստալսարանը խոսում է մեր ֆիլմերի ընտրությունների մասին, եւ այժմ էլ «5-րդ ալիքը» համալրում է համագործակցողների ցանկը՝ եթեր հեռարձակելով համաշխարհային ֆիլմարտադրության այնպիսի հսկաների արտադրանքներ, ինչպիսիք են «Կանալ+», BBC, MBO, «Մարս մեդիա», «Սթար մեդիա» եւ այլն: Միջազգային լրահոսի ամենաթարմ նորությունները մեր եթերում ապահովում ենք միջազգային «Ասոշեյթեդ պրես» եւ «Ռափլի»-ի հետ կնքած պայմանագրային համագործակցության արդյունքում: Մենք նաեւ նրանց տրամադրում ենք տեղեկություններ Հայաստանից:

«5-րդ ալիք»-ի օրակարգային խնդիրներից մեկը հայկական մշակույթի, կրոնի, ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ հետաքրքրության առավելագույնս զարգացումն է, ինչին էլ միտված է սեփական արտադրության մշակութային եւ փաստավավերագրական հաղորդումների գերակայության սկզբունքի ապահովումը»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ «5-րդ ալիք»-ը կարեւոր է համարում հասարակական, քաղաքական, վերլուծական հաղորդումների եւ ազատ լրատվության ապահովումը, ինչպես նաեւ բազմակարծության սկզբունքի պահպանման ապահովումը:

«Մենք ապահովել ենք բոլոր շերտերի կարծիքները, պատրաստ ենք եղել հարթակ տրամադրել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր վերլուծաբաններին, 95 տոկոսը օգտվել է այդ հնարավորությունից, բաց ենք եղել բոլորի համար: Եթե ինչ-որ մեկը հրաժարվել ու չի եկել, դա մեր մեղավորությունը չի եղել:

Կովիդ-19-ի մասին առաջինը բարձրաձայնել է մեր հեռուստաընկերությունը, որի համար բավական անհարմար իրավիճակների մեջ ենք հայտնվել:

Ուժեղ լրատվական ծառայությունը «5-րդ ալիք»-ին բնութագրող առանցքային տարբերակիչ հատկանիշներից մեկն է:  «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատվական հաղորդումը պահպանել է անաչառությունը, ստույգությունը եւ բազմակարծությունը»,- ասաց «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ «5-րդ ալիք»-ը իր մանկական կոնտենտը պարբերաբար վերազինում ու թարմացնում է ամենաթարմ մուլտերով ու գեղարվեստական ֆիլմերով. «Դրանք ներկայացնում ենք բացառապես հայերեն թարգմանությամբ»:

«5-րդ ալիք»-ը անդրադառնում է նաեւ ազգային, ժողովրդական երգարվեստին: Ուշադրությունից չեն վրիպել նաեւ ջազային, դասական, փոփ երաժշտության երկրպագուների նախասիրությունները: Այս նախագծերի կարեւագույնների շարքից է այս տարվա օգոստոսի 8-ին Հանովերից ուղիղ միացմամբ հեռարձակված՝ Շողեր Հովեյանի համերգը: Դա բացառիկ համերգ էր»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ինչպես մինչեւ այժմ, այսուհետ էլ փորձելու են բացառել փողոցային լեքսիկոնով հաղորդումները իրենց եթերում:

«2018-ի օգոստոսին, երբ հեռուստաընկերության բաժնետերերը իրականացրեցին մի շարք բարեփոխումներ, մասնավորապես՝ աշխատանքներ տարվեցին աշխատակազմը արհեստավարժ աշխատակիցներով համալրելու, հավելյալ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու, հեռուստաարտադրանքի որակը բարձրացնելու ուղղություններով: Նախկին 44 աշխատողի փոխարեն այժմ հեռուստաընկերությունում աշխատում է 90 մարդ: Ավելացավ աշխատավարձի ֆոնդը, որը կազմում է 213 մլն 228 հազար դրամ: Զգալիորեն աճեցին արտադրության եւ հեռարձակման ծախսերը: Նախկինի հետ համեմատած հեռուստաալիքի ծախսերն աճել են 3,5 անգամ: Այսպիսով, հեռուստաընկերության գործունեության համար տարեկան անհրաժեշտ է 319 մլն դրամ մուտք: Տվյալ պահին հեռուստաընկերությունը չունի ոչ մի հարկային պարտավորություն: Մեր հեռուստաընկերության աշխատակիցների միջին ստաժը կազմում է 8 տարի:

Մենք վերցնում ենք դոկումենտալ ուղղությունը: Ես դրել եմ խնդիր տարեկան արտադրել ամենաքիչը 12 դոկումենտալ ֆիլմ: Բացի այդ 12-ը, ունենալու ենք նաեւ ավելի փոքր մասշտաբի ֆիլմեր էլի դոկումենտալ: Նաեւ մեր առջեւ խնդիր ենք դրել տարեկան ստեղծել մեկ գեղարվեստական ֆիլմ, բայց դա այնպիսի ֆիլմ պետք է լինի, որ մենք կարողանանք այդ ֆիլմը ոչ թե ցուցադրենք կինոթատրոններում, այլ ներկայացնենք փառատոների: Փառատոնից վերադառնա, նոր ցուցադրենք հեռուստատեսությամբ: Այդ ֆիլմի նախագիծը պատրաստ է, ռեժիսորը Արամ Շահբազյանն է»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Այնուհետեւ 10 րոպեանոց ֆիլմ է ցուցադրվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության մասին:

Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) այսօր քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:

25 հաճախականության մրցույթ է հայտարարվել: Դրանցից 6-ը հանրապետական նշանակության է, որին մասնակցում են 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային, որին մասնակցում է 4 հեռուստաընկերություն եւ 10 մարզային, որոնց մասնակցում է 13 հեռուստաընկերություն:

Ռուսաստանի հետ, ամենայն հավանականությամբ, կկնքվի պայմանագիր եւ 1-2 սլոթ կտրվի ռուսական հեռուստաընկերություններին:

Հունվարին կհայտարարվեն մրցույթների արդյունքները:

Այսօր 6 հեռուստաընկերություն են ներկայացնելու իրենց ծրագրերը՝ «Արմնյուզը», «Հայկական 2-րդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն եւ ATV-ն:

Աղբյուրը՝ NEWS.am