Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, հրապարակախոս, լրագրող Հարություն Հարությունյանը և «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին հայաստանյան լրատվամիջոցների առջև ծառացած խնդիրների մասին և այդ համատեքստում հատկապես առանձնացրեցին ֆինանսական խնդիրները:
«Հոգեբանական, բարոյական և բոլոր տեսակի ճնշումներին կարողանում ենք դիմակայել: Խնդիրն ավելի շատ ֆինանսականին է վերաբերում: Ֆինանսական խնդիրների պատճառով բազմաթիվ խոչընդոտներ են առաջանում: Որպես ամենապարզ օրինակ` կարող ենք նշել այն, որ, ասենք, չենք կարողանում խմբագրության հնացած տեխնիկան փոխել: Երկրի տնտեսությունն այնքան վատ վիճակում է, որ որևէ մեկը պատրաստ չէ լրատվամիջոցներում իրենց գովազդը տեղադրել, լրատվամիջոցներին աջակցել, ներդրում անել: Տնտեսության անկումը խփում է մամուլին»,- ընդգծեց Օհանյանը:
Հարություն Հարությունյանի դիտարկմամբ` մի քանի տարի առաջ թերթերի գովազդն ավելի բարվոք վիճակում էր: «Տեսնելով, թե թերթերը որքան տեղ են հատկացնում գովազդին, արդեն կարելի ենթադրել` ինչ վիճակում է այդ ոլորտը: Ցավոք, այդ իրավիճակը բոլոր բնագավառներում է, բայց, բնականաբար, մամուլի հարցում հատուկ ուշադրություն պետք է: Եթե վաղը փակվի 3-4 թերթ, դա շատ վատ անդրադարձ կունենա մեր երկրի վարկանիշի վրա»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե գուցե անհրաժեշտ է, որ նախարարությունները գումարներ հատկացնեն լրատվամիջոցներին, Հարությունյանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրը հենց դա է, որ նախարարությունները չպետք է գումար հատկացնեն, պետք է դա օրենսդրորեն կարգավորվի: Երբ այդ գերատեսչությունը գումար հատկացնի լրատվամիջոցին, քիչ չէ հավանականությունը, որ կարող են այդ լրատվամիջոցի աչքերը շղարշվել այդ նախարարության նկատմամբ: Լրագրողն արդեն չի կարողանա մասնագետի աչքով նայել նախարարությանը»:
Բանախոսի կարծիքով` իրավիճակը չեն փրկի նաև հայտարարված մրցույթները, քանի որ հայտնի է` այդ մրցույթների արդյունքներն ինչպիսին են լինում: «Մրցույթի հարցը չէ, սա օրենսդրորեն պետք է կարգավորվի: Ամեն տարի գործող թերթերը պետք է ունենան դոտացիա: Դոտացիա կարող են ունենալ այն թերթերը, որոնք գործում են օրենքի դաշտում, հարկային տեսչության հետ խնդիրներ չունեն, բոլոր աշխատողները գրանցված են: Կայքեր կան, որ հարկային տեսչությունում կանոնավոր կերպով կատարում են իրենց վճարումները, իսկ կայքեր էլ կան, որ հարկային տեսչությունում չկան էլ նույնիսկ: Դե արի, այդ մրցակցությանը դիմացի: Այս ամեն ինչը պետք է կանոնակարգվի»,- ասաց Հարությունյանը:
Խոսելով մեր երկրում տիրող խոսքի ազատության մակարդակի մասին, նա ընդգծեց. «Մեզ մոտ խոսքի ազատությունը գնահատում եմ նորմալ: Ընդհանուր առմամբ, ազատ է մամուլը, սակայն երբեմն այդ ազատությունը հասնում է սանձարձակության»:
Հարությանունյանի կարծիքով` «Ֆրիդեմ Հաուս»-ի հրապարակած ցուցանիշները համաձայն` Հայաստանը և Ադրբեջանը բավականին մոտ են մամուլի ազատության տեսանկյունից և զբաղեցնում են ցածր հորիզոնական, սակայն դա պետք չէ հալած յուղի պես ընդունել: «Օրինակ` ավելի բարձր հորիզոնական զբաղեցնող Ուկրաինայի լրատվամիջոցների ոչ ազատ լինելը բոլորին է ակնհայտ»,- ասաց նա: