Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրում եմ փորձելով առաջնորդվել տրամաբանությամբ եւ առանց հույզերի, հետեւաբար խուսափելով անձի դեմ որակումներից: Չգիտեմ հասկացավ, ընկալեց արդյոք Նիկոլ Փաշինյանը այն ահավոր ու ցնցող ազդեցությունը, որ ունեցավ ստորագրված հայտարարությունը հայ ժողովրդի վրա: Եթե ընդունենք, որ նրա տարիների համոզումն է, թե Հայաստանը պիտի զիջումների գնով լեզու գտնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ գործընկերային փոխառնըչությունններով բարելավի եղած հարաբերությունները, ապա իր արձագանքներից էլ հավանական է թվում, որ նա չի ընկալում իր եւ ժողովրդի բացարձակ մեծամասնության դիրքորոշումների ու տրամադրությունների տարբերությունը:
Չի ընկալում, որ ժողովրդի մեջ հայրենիքի մի հատվածի կորստի ծանր ցավին եկել է ավելանալու մեծ վախը շոշափելի դարձած թուրքական վտանգի առջեւ: Ակնհայտ է, որ որպես հեղաշրջմամբ իշխանության եկած առաջնորդ հիմա նա փորձում է իր իմացած մեթոդներով գլխատել համաժողովրդական դժգոհության հախուռն շարժումը, վախեցնել ու կոշտ ուժի նախ փափուկ դրսեւորումներով հասցնել այս ընդվզումը մարման: Սա ճակատագրական սխալ մոտեցում է, որովհետեւ շարժմանը լիցք հաղորդած էներգիան այնքան կենսական է ու ինքնավերականգնվող, որ այն չի մարի եթե անգամ ձգձգվի ամիսներ: Այդ կրակը մշտապես բորբոքելու է Սյունիքի, Վարդենիսի, Տաուշի բնակչությունը, որ հայտնվեց թուրք-ադրբեջանական ագրեսիվ շփման գծում, տուն ու հայրենիք կորցրած ու մեկ օրում Հայաստանում գաղթական դարձած Արցախցին, որդի, հայր ու ամուսին կորցրած դժբախտը եւ հայրենիքի ծանր կորուստների հետ չհամակերպվող հայն առհասարակ: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքն այլեւս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, նա այլեւս այդպիսին չէ՝ առնվազն բարոյական առումով:
Ինքնապահպանման համառ նպատակը հետապնդելով եւ ժամանակը ձգելով, ուզի թե չուզի, նա ստիպված է լինելու դիմել ավելի կոշտ մեթոդների՝ այդպիսով մեծացնելով օրենքի առջեւ վաղվա իր պատասխանատվության չափը: Նրա եւ մեր բոլորի համար լավագույն ելքը ժամ առաջ հեռանալն է: Կգա նոր ուժը, կհրաժարվի քաղաքական նեղ շրջանակի մեջ կնքված խախուտ հայտարարությունից եւ քայլ-քայլ կփորձի շտկել իրավիճակը: Ինձ համար, որպես հայ մարդու, իրապես կարեւոր էլ չէ, թե հայրենիքի փրկության այդ կոմիտեն կամ ազգային համաձայնության կառավարությունը ինչ անուններից բաղկացած կլինի, որովհետեւ ակնհայտ է, որ այն ընդամենը մի քանի ամիսների կյանք պիտի ունենա, մինչեւ խաղաղ մթնոլորտ կձեւավորվի ու կկազմակերպվեն նոր ընտրություններ: Այն ժամանակ հայ ժողովուրդը կրկին թող որոշի թե ում է ընտրում եւ ում է մերժում, բայց դրա մասին այսօր մտածելն իսկ մեղք է, որովհետեւ մենք կորցնում ենք մեր երկրի մի հատվածը ու մնացածի հեռանկարային ապագան կորցնելու շեմին ենք: Այս պահին անհրաժեշտ են նոր մարդիկ, ովքեր կկարողանան համառ ու ճակատային դիրքորոշումներ պաշտպանել ռուս, թուրք ու ադրբեջանցի առաջնորդների առջեւ:
Հարկավոր է ակտիվ աշխատանք սկսել ԵԱՀԿ համանախագահող երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ, այսպես, սեղանի տակ, ուշ գիշերով չի կարող մի ժողովրդի համար սեւ մելանով ճակատագիր գրվել: Այո, ենթադրում եմ, որ այսօր էլ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ինքը ճիշտ է, բայց այդ «ճշտի» նկատմամբ հակադիր դիրքորոշում ունի ազգի մեծամասնությունը եւ այլեւս ծիծաղելի էլ չէ, երբ ֆեյսբուքյան մանիպուլյացիաներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ժողովրդի տեսակետները կիսված են: Բոլորովին ծիծաղելի չէ, երբ կռվողների բերանով, փորձ է արվում վախեցնել ժողովրդին:
Դատապարտելի է քաղաքակացիական առճակատում հրահրելու ակնարկն իսկ, Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում, եւ, որ նման քայլերը երբեք իրեն չեն ներվի: Նա պարտավոր է հնարավորինս սառը դատողությամբ մտածել այս բաների մասին եւ հանգել ժամ առաջ հեռանալու վճռին: Կրկնում եմ դա ոչ պակաս չափով ձեռնտու կլինի հենց իր համար:
Արտաշես Շահբազյան