Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Բարձր եմ գնահատում դատարանի որոշումը․ այն շատ որակյալ է»,-հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի և Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հույս ունեմ, որ այս գործով վեճը շարունակելու առիթ չի լինի, թեպետ հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կդիմի վերաքննիչ դատարան։ Բայց նաև հույս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապես ծանոթանալուց հետո կփորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար։ Շատ կարևորելով որոշումը, տեսնում ենք զարգացման հնարավորություն, որ հատկապես կասկածի տակ չդրվի այն մարդկանց Հայաստան վերադառնալու իրավունքը, ում համար Հայաստանը հայրենիք է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով․ «Սա արդեն քաղաքական հարց կարող ենք համարել․ այս պետությունը միայն ՀՀ քաղաքացիների երկի՞րն է, թե՞ բոլոր հայերի երկիրն է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ժամանելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում պարզել էր, որ ինքն արդեն Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է՝ «պերսոնա նոն գրատա», և Փափազյանին ստիպել էին հենց օդանավակայանից հետ վերադառնալ Ֆրանսիա։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Ավելի ուշ նույն բանը տեղի էր ունեցել սփյուռքահայ ՀՅԴ-ականներ` Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում, հետագայում այս ցանկում հայտնվեցին նաևՀՅԴ այլ անդամներ։
Իսկ օրերս ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։