կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-31 17:29
Տնտեսական

Պատերազմ է, և ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների անվտանգությունը․ Սուրեն Պարսյան

Պատերազմ է, և ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների անվտանգությունը․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետը մատնանշում է թշնամու նավթային տնտեսության ուժեղ եւ թույլ կողմերը

Ռուսաստանյան քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Թուրքիայի նախագահ Էրդողանի նկրտումները վերլուծելիս իր ելույթներում մի քանի անգամ տվել է այն բնորոշումը, թե Էրդողանը որոշել է «կռվել մինչեւ վերջին ադրբեջանցին»: «ՀՀ»-ն խոսել է ռազմական ու տնտեսական այն քաղաքականության մասին, որի միջոցով Անկարան շարունակում է Բաքվի գաղութացումը:

Ուրեմն՝ ե՞րբ է լինելու այդ «վերջին ադրբեջանցու» այն կարմիր գիծը, որին հասնելով Ալիեւը կարող է թույլ տալ իրեն՝ Էրդողանին չլսելու «համարձակությունը»: Դա հասկանալու համար նախ պետք է փորձենք ստանալ Ադրբեջանի՝ պատերազմական այս օրերին տնտեսական վիճակի բնութագիրը: Ամեն դեպքում, արհեստածին այս պետությունը նավթագազային երակով է սնվում, եւ նույնիսկ այս օրերին եկամուտներից զուրկ չէ: Բայց չկա խնդիր, որ լուծում չունենա:

Եվ այսպես՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ hhhpress.am-ը փորձել են տալ Ադրբեջանի տնտեսության այսօրվա պատկերը՝ հետագա ընթացքը հասկանալու համար:

Ադրբեջանը օրական 200-500 հազար բարել նավթ է արդյունահանում: Սա բավականին մեծ գումար է Ադրբեջանի տնտեսության համար: Եթե միջին հաշվարկով 300 հազար բարել ֆիքսենք ու հաշվենք բարելի դիմաց՝ 40 դոլար, ապա, ստացվում է, օրական միայն նավթային երակով Ադրբեջան է հոսում 12 մլն դոլար: Զուգահեռ հասկանանք գազի ծավալների հարցը: Տարեկան արտահանում են 2.5-3 մլրդ խմ գազ: Միջին հաշվարկով կարող ենք հասկանալ ամսական արտահանվող ծավալները, ստացվող օգուտները:

Այս թվերին նայելով՝ կարող ենք չհասկանալ, թե պատերազմական այս օրերին, երբ թշնամին ավերում է հայկական ծննդատունն անգամ ու բազմիցս դիմում ռազմական հանցագործությունների, մե՞նք ինչու հակաքայլը չենք անում: Թեեւ դա հակաքայլ էլ չի լինի, որովհետեւ թշնամու նավթագազային ենթակառուցվածքները ոչ ծննդատուն են, ոչ էլ դպրոց ու մանկապարտեզ: Չենք հասկանում, դրա համար էլ թեման մասնագիտական տիրույթում չենք շարունակում: Այս դիտարկմանն ի պատասխան` Սուրեն Պարսյանը նկատում է. «Այո, մենք չենք անում, բայց պատերազմ է, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել այդ ենթակառուցվածքների անվտանգությունը: Ի դեպ, կարող են վնասվել հենց ադրբեջանական կողմից»:
Ինչեւէ, վնասված չեն ենթակառուցվածքները, եւ Ադրբեջանը օրական միլիոնավոր դոլարների ներհոսք է ունենում:

Ադրբեջանական Գյանջայի շրջանը (մեր Գանձակն է) խոշոր լոգիստիկ կենտրոն է. տարեկան մոտ 650 մլն տոննա բեռ է այս շրջանով անցնում: Այստեղով է անցնում իրենց Արեւելք-Արեւմուտք երկաթգիծը՝ Վրաստանի հետ կապով: «Սա էլ ադրբեջանական եկամտի մեկ այլ աղբյուր է»,- մատնանշում է տնտեսագետը՝ միաժամանակ նշելով նաեւ ադրբեջանական տնտեսական խնդիրները, որոնց բացասական հետեւանքները շղթայական են լինելու:

Օրինակ` արցախամերձ շրջաններում 1,2 մլն ադրբեջանցի է ապրում, որի մեծ մասը տեղահանված է` իրենց իսկ սանձազերծած պատերազմի հետեւանքով պայմանավորված: Բնականաբար, լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն: Այդ շրջանների գյուղնշանակության հողերը, հասկանալի է, ներկայումս օգտագործվել չեն կարող՝ ոչ բերքահավաք անել, ոչ աշնանացան կազմակերպել: «Ինչու եմ սա նշում: Բանն այն է, որ ադրբեջանական տնտեսությունը նավթային ասեղին է նստած: Իսկ գյուղոլորտը ոչ նավթային հատվածի ամենախոշորագույն ոլորտն է: Ադրբեջանական տնտեսությունն ընդհանրապես դիվերսիֆիկացված չէ՝ նավթային է ու ոչ նավթային: Ոչ նավթայինում էլ սա խոշոր ճյուղ է՝ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսն ապահովող:

Հետագայում այս շրջանների հողերը եւս չեն կարողանալու որոշակի ժամանակ օգտագործել՝ չպայթած ռումբերի եւ արկերի հանգամանքով պայմանավորված: Վնասազերծումն էլ ժամանակատար ու ծախսատար պրոցես է»,- ասաց Ս. Պարսյանը:

Բացի այդ՝ 2021 թ. Ադրբեջանի պետական բյուջեն 2020 թ. համեմատ կրճատվել է 2 մլրդ դոլարով, այսինքն՝ լրացուցիչ միջոցներ չի կարողանալու ուղղել այդ աշխատանքների իրականացմանը:

Մի խոսքով` եթե հակիրճ տանք թշնամական երկրի տնտեսության իրական պատկերը, ապա գծագիրը սա է. այո, պատերազմական այս օրերին նրանց զինանոցը լուրջ կորուստներ կրում է, այո, գյուղատնտեսությունը տուժում է, այո, բարելի դիմաց գնանկումը զգալի է եւ, այո, ճեղքեր կունենան՝ հենց բարելի դիմաց նախատեսված ու փաստացի ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված: Բայց օրական միլիոնավոր դոլարների ներհոսք դեռ ունեն եւ կարողանում են ոտքի վրա մնալ: Մեր խնդիրն է ոչ թե միայն պլյուսները կամ միայն մինուսները տալը, այլ՝ բոլորը միասին ի մի բերելը, որպեսզի ճանաչենք թշնամու թույլ կողմերը:

Իմա՝ ինչ հակաքայլեր կարող ենք անել, ասենք, Ադրբեջան դոլարների մուտքը կանխելու նպատակով:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեկ փաստ մեջբերում է՝ օրինակը բանկային համակարգի ուղղությունից է: Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակը ակտիվ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: Խոսքը միջազգային դոլարային փոխանցումների SWIFT համակարգին է վերաբերում. դրանից անջատելու դեպքում Ադրբեջանը լուրջ տնտեսական հարված կստանա՝ չունենալով դոլարների ներհոսք թեկուզ որոշակի ժամանակահատվածում:

Ի դեպ, որպեսզի թյուրիմացություն չառաջանա ու իրանական օրինակը չփաստարկեն, տնտեսագետը բացատրեց, որ Իրանն էլ է զրկվել այդ SWIFT համակարգից, դրա համար էլ արտաքին առեւտուրը ռուբլիով է անում, եվրոյով, տուժել է, բայց հարմարվելու ներուժ ունեցել է: Իսկ Ադրբեջանը այդ՝ հարմարվելու ներուժը չի ունենա, «որովհետեւ միայն նավթի վրա է նստած, իսկ նավթի պտույտն էլ դոլարով է»: