կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-17 15:35
Քաղաքական

Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացե՛ք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է. Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո»-ում հրապարակած նամակն՝ ամբողջությամբ

Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացե՛ք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է. Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո»-ում հրապարակած նամակն՝ ամբողջությամբ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ֆրանսիահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ

ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ

Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։

Վեց ամիս առաջ արվեստասեր մի քանի ընկերների հետ Փարիզում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Քննարկումն անցավ հանգիստ, աշխատանքային, կառուցողական և ընկերական մթնոլորտում: Մենք ներկայացնում էինք մեր ծրագրերը՝ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ։ Մեկը խոսում էր գիտելիքների և փորձի փոխանակման մասին, մյուսը` համատեղ ֆիլմարտադրություն սկսելու եղանակներ գտնելու մասին: Ինչ վերաբերում է ինձ, ես նախարարին հայտնեցի Երևանում ևս մեկ միջազգային թատերական փառատոն անցկացնելու մտադրությանս մասին։ Նախատեսվում էր, որ ես պետք է հուլիսին այցելեի Երևան, սակայն համաճարակը փոխեց բոլորիս ծրագրերը։ Հիշում եմ, որ զրույցի ժամանակ նախարարին ասացի, որ իմ մոտեցումը ոչ թե զգացմունքային է, այլ կոնկրետ և պրագմատիկ։

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը թուրքական բանակի օգնությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա։ Եվրոպան և այլ երկրներ խաղաղության կոչ են անում, երբ Էրդողանը բարձրաձայն հայտարարում է, որ կանգնած է ադրբեջանցի կրտսեր եղբոր կողքին, և որ օգնության կհասնի ցանկացած ժամանակ և միջոցներով։ Ինչու՞: Արդյո՞ք կրտսեր եղբոր հանդեպ սիրուց ելնելով, քանի որ նույն լեզվի կրողն են։ Այո, բայց ոչ միայն այդ պատճառով, այլ նույն բնազդով՝ ցեղասպանության բնազդով։ Այս ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» մահացու այս բանաձևը խորապես արմատավորված է թուրքական քաղաքականության մեջ: Բոլոր ժամանակներում թուրքը, հերոսություն ասելով, հասկացել է անմարդկային դաժանություն, իսկ հայրենասիրությունն ընկալվել է որպես ֆաշիստական ազգայնականություն։

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԻՐ ՄՈԼՈՒՑՔԻՆ՝ ԷՐԴՈՂԱՆԸ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ, ՏԱՐԱՏԵՍԱԿ ՀՐԹԻՌՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԻՐԻԱՑԻ, ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԲԱՔՈՒ

Ինչպես ցանկացած խելագար, այնպես էլ Էրդողանը աշխարհն ընկալում է միայն հակադրություններով՝ սպառնալիքի և հնազանդության, հաղթողի և պարտվածի, դավաճանի և հավատարիմի: Իր համաթուրքական մոլուցքին հավատարիմ՝ նա Բաքու է ուղարկում ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ հրթիռներ և սիրիացի, լիբիացի ջիհադիստների, որոնք մարդ էին սպանում Ֆրանսիայում և Եվրոպայում և, որպես Անկարայի մարտիկներ, զինած քրդերին դուրս մղեցին Քոբանից և Աֆրինից:

Բայց ինչու՞ Իլհամ Ալիևը, ինչպես իր հայրը երեսուն տարի առաջ, օտարերկրյա վարձկանների օգնության կարիքն ունի։ Պատերազմի դաշտում առանցքայինը մոտիվացիան է, շահագրգռվածությունը, դա ձեզ կարող է հավաստել ռազմական մարտավարության ցանկացած փորձագետ: Հայերի շահագրգռվածությունը պարզ է. «Գոյատևել առանց նախապայմանի»: Ալիևը, ինչպես Էրդողանը, մոտիվացված է իր քաղաքական գոյատևմամբ, ոչ ավելին: Այս երկու մուլտիմիլիոնատերերի համար այս պատերազմը զուտ թուրք-թուրքական ինքնության հարց չէ։ Դա խայծ է, ծխածածկույթ, որը պետք է թաքցնի այն տնտեսական ճգնաժամը, որն ապրում են իրենց երկրների տնտեսությունները։ Բայց անմեղ մարդկանց արյունը հեղողը պիտի իմանա, որ դա արյուն է դառնալու իր գլխին։

ՄԵՆՔ ՀԻՆ ՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ, ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ԵՎ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ՈՒ ԶԵՆՔՈՎ ԿԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ՝ ԱՅՆ ՀԱՄԱՐՁԱԿԻՆ, ՈՎ ՄՇՏԱՊԵՍ ԵՎ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ

Իհարկե, Էրդողանը հերքում է, որ այս պատերազմի հրահրողն ինքն է։ Ժխտողականությունը թուրքական դիվանագիտության պատմության մեջ մեծագույն զենքն է։ Բայց Անկարան շարունակում է իր նախորդների ոճով, միշտ նախապես հերքում է սպասվելիք հանցագործությունը. «Թուրքիան լինելու է իր ադրբեջանցի եղբայրների կողքին», սա նշանակում է`«Մենք կավարտենք 1915-ի աշխատանքը»։ Այս ամենն իրենց հայրերի հանցավոր տրամաբանության մեջ է։ Երբ նրան բռնացնում են փաստի վրա, ինչպես գողացող ձեռքը տոպրակում կամ ավելի շուտ ինքնաթիռի ղեկին, վրդովված, վիրավորվում է իր օսմանյան պատվի համար, ինչպես վատ դերասանը կվիրավորվեր։ Նա համառորեն հերքում է այն, ինչն ակնհայտ է: Նրա հանցագործության ապացույցները, այնուամենայնիվ, անջնջելի են՝ Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Հունաստանում, այժմ ՝ Արցախում և կրկին Հայաստանում: Կան զանգվածային հանցագործությունների բազմաթիվ տեսարաններ, որոնք մատնանշում են նրա երկրի պատմությունը: Էրդողանի ծայրահեղ հպարտությունը անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում: Եվ երբ Ֆրանսիան միջամտում է, նա նահանջում է: Ինչո՞ւ։ Քանի որ նրա ճնշումը ազդում է իրենից թույլ մարդկանց վրա: Բայց մենք՝ հնագույն և հազարամյա մարդիկ, թույլ չենք և որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, բոլոր ձեռքերով կաջակցենք Արցախին, այն քաջին, որը միշտ և անդադար պահպանում է իր ներկայությունը իր հին բնօրրանում: Քարերը, քանդակված լինեն, թե ոչ, կասեն այդ մասին: Այնտեղ, ինչպես Հայաստանում, տան դռները բաց են ճանապարհորդների համար, և երբ պետք է կերակրեն բազում մարդկանց, դռները բացվում են, վերածվում սեղանի: Հյուրընկալությունը մեր ժողովրդի պսակն է: Դա է, որ մեզ քաղաքակիրթ է դարձնում:

ՍՏԱԼԻՆԸ ԹԱԹԱՐՆԵՐԻՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԾԱՂԻԿԸ, ԵՎ ՄԻ՞ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՏԵՂ ԿԱՎԱՐՏՎԵՐ: Ո՛Չ, ՄԵՆՔ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ԳԵՏԵՐՆ ԵՆՔ, ՄԵՐ ԴԱՇՏԵՐԸ, ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ

Ստալինը թաթարներին է մատուցել Արցախը՝ մեր հայրենիքի ծաղիկը, և մի՞թե պատմությունն այդտեղ կավարտվեր: Ո՛չ, մենք անջատողականներ չենք, մենք մեր գետերն ենք, մեր գետակները, մեր դաշտերը, մեր անտառներն ու լեռները և ցանկանում ենք խաղաղ ապրել: Եվ դո՛ւք, արևմուտքի բարեկամներ, բացեք ձեր գրքերը և հետ գնացեք մինչ մեծ պատմության ընթացքը, քանի որ ՀԻՆ «Հայաստանը» բոլոր քարտեզների և վկայությունների առանցքում է: Ադրբեջանը բռնի կերպով ներխուժել է այդ պատմության մեջ 1918 թվականին. նույնիսկ «Կոկա-Կոլա» ըմպելիքն ավելի հին է, քան այդ երկիրը։ Պատերազմ է: Այդպես է որոշել Անկարայի մարդը՝ իսլամական ջիհադի էմիրը: Եվ Նազիմ Հիքմեթի մայրենի լեզուն, որը դարձել է ազգային լեզու, հոգնում է ինքն իրեն ստելուց: Մագնա բռնապետերը չեն սահմանափակվում մեկ ստով: Նրանք համառորեն մխրճվում են հետաքրքրաշարժ շողոքորթության մեջ: Բանախոսը դիմում է ստին, կեղծարարը՝ ակտիվացնում է վախերը։ Պատերազմ է, այո, և աշխարհի մյուս կողմում աշխարհը զբաղված է համաշխարհային գործերով: Մեր երեխաները իրենց սիրո փոխարեն զենք են գրկում: Նրանք քսան տարեկան են, բայց նրանց աչքերը հազարավոր տարիների մասին են պատմում: Նրանք չեն ուզում աքսոր, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը, որ սպանում է մարդկանց: Նրանք չեն քայլի Դեր Զորի անապատներում: Նրանց դիակները չեն նետվի: Այո՛, սա պատերազմ է: Այսպես Ադրբեջանի փոխարեն որոշել են թուրքերը: Որտե՞ղ էր թաքնված այս ամբողջ ատելությունը, պարոնա՛յք: Ժամանակն էր, որ այն ջրի երես դուրս գար, և աշխարհը ձեզ տեսնի այնպիսին, ինպիսին դուք կաք իրականում: Հրեշներ՝ թաթախված ատելության և դառնության մեջ, ագահ ամբիցիոզներ, որոնք չգիտեն կիսել: Իհարկե, ձեր ընտանիքները կարողություն ունեն: Բայց հե՛նց ձեր ժողովուրդը ձեզ կկախի, քանի որ եթե պատերազմն առաքինություն ունի, ապա դա գաղտնիքները ջրի երես բերելն է:

ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ՝ ՀԻՇԵԼՈՎ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՆԱԼ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Չնայած ձեր գերժամանակակից զենքին, չնայած կրոնական շեշտադրումներով ձեր աղաղակումներին, չնայած ձեր՝ ամսական 2000 դոլարով վարձակալած ջիհադիստներին և նրանց՝ համարձակ որակող պիտակներին, դուք չեք շահի: Քանի որ դո՛ւք արդեն կորցրել եք: Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացեք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել այդ սուրբ հողի հետ: Այստեղ կանայք թագուհիներ են, որ իրենց մեջ ուրախություն են կրում: Իսկ աղջիկները տղամարդուն հանձնվելու պարտադրանք չունեն: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղամիջոցներ են: Այստեղ մենք կարող ենք աղոթել այնպես, ինչպես ցանկանում ենք: Կարող ենք հավատալ կամ չհավատալ. ոչ ոք ոչինչ չի ասի: Քանի որ մենք պարզապես երկիր չենք, այլ խաչմերուկ, որտեղ հատվում է ամբողջ մարդկությունը: Մենք այստեղ դարեր շարունակ գործել ենք անդավաճան զմայլանքով՝ նույնիսկ մարտական խստության պայմաններում: Եվ մենք ձեզ կընդդիմանանք նաև պարի միջոցով: Մենք մեծացել ենք առյուծների արգանդում. հիշե՛ք սա, նախքան գառների պես մեզ սպանդի ենթարկելու մասին մտածելը։ Բայց ամենից առաջ հիշեք, որ մենք չենք մոռանում 1915 թվականը, որից դասեր ենք քաղել: Այո՛, այսուհետ մենք գիտենք, որ աշխարհը զբաղվում է իր գործերով, և «ոչինչ» չի շեղի նրան: Եվ եթե այս «ոչինչ» -ն արժանի դարձներ մեզ նայելու, այն միշտ կարվեր ուշացած: Այս աշխարհի գիտակցությունները միշտ ջարդից հետո են գալիս` ուշացած: Նրանք միշտ գտնում են ճիշտ և պերճախոս բառեր, որ արդարացնեն իրենց հապաղումը: Հապաղումը, որը միակը չէր: Մենք` հայերս, որտեղ էլ որ ապրենք, գիտենք դա: Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են մահանալ երկրորդ անգամ....

Հ.Գ.- Ինչպես խոստացել էի, ընկերներիս հետ շուտով կգնամ Հայաստան` թատերական միջազգային նոր փառատոն հիմնելու համար:

Նշենք, որ ծագումով հայ, ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, «Actes sud papiers» հրատարակչության գրող, հրապարակախոս Սիմոն Աբգարյանն արժանացել է 2020 թվականի երեք «Մոլիեր» թատերական մրցանակին՝ «Ներկայացում և Հանրային թատրոնի լավագույն բեմադրություն», «Ֆրանկոֆոն կենդանի հեղինակ» անվանակարգերում: