Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակ են հղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նամակում ասվում է.
«Հարգարժան պարոն Շարփ,
Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային եւ հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից եւ Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների եւ մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։
Փաստելով, որ
-Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,
-նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,
-թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,
-խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,
-քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),
-Էթնիկ եւ կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք եւ երեխաներ։
Արձանագրելով, որ
-այս գործողությունների հետեւանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,
-ագրեսիայի զոհ են դարձել նաեւ երեխաներ (զոհված եւ վիրավորված), տարեցներ եւ հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),
-իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով եւ արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ եւ օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաեւ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,
-Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը եւ շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների եւ գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային եւ նյութական բազմաթիվ կորուստներ,
Համոզմունք հայտնելով, որ
-Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,
-Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների եւ խտրականության,
Կոչ ենք անում
Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով եւ ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։
Հարգանքով՝
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան
Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան»: