Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային են անդրադարձել Իսպանիայի Կոնգրեսի մի շարք պատգամավորներ, սենատորներ ու հասարակական գործիչներ: «Ավելին Մալյորկայի համար» դաշինքի սենատոր Վիսենց Վիդալը իր «խորը վրդովմունքն» է արտահայտել «հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացրած «վայրագ ագրեսիայի» վերաբերյալ: Վիդալն անդրադարձել է խաղաղ բնակչության վրա ադրբեջանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումներին եւ Սիրիայից ու Լիբանանից Թուրքիայի տարածքով ժամանած վարձկան ջիհադիստների ներգրավվածությանը ադրբեջանական շարքերում, նշելով, որ այս ամենը հստակ ազդակ են տալիս, որ թշնամիներով շրջապատված ժողովրդավարական Հայաստանը աջակցության կարիք ունի: Սենատորըը հավաստիացրել է, որ 1991 թվականից ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը, Թուրքիայի աջակցությամբ մշտական սպառնալիքի տակ է պահել ԼՂՀ ամբողջականությունը: Ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հաղթանակը կբերի «Կովկասում նոր ցեղասպանության և բացարձակապես անընդունելի իրավիճակ կստեղծվի»: Այդ իսկ պատճառով նա պահանջում է, որ «շահագրգիռ կողմերը հրադադար հաստատեն, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցեն հանուն խաղաղության. խաղաղություն, որը կպաշտպանի մարդու իրավունքները տարածաշրջանում եւ կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային է անդրադարձել նաեւ կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքը։ Մասնավորապես, Կոնգրեսի պատգամավոր Էնրիկե Սանտյագոն իր կուսակցության «աջակցությունն ու համերաշխությունն» է հայտնել հայ ժողովրդին և Իսպանիայի Հայկական համայնքին՝ ընդդեմ «Ադրբեջանի հանցավոր հարձակման»: Նախօրեին նա մասնակցել է Կոնգրեսի դիմաց խորհրդանշական հավաքի՝ ի աջակցություն Արցախի, «Ավելին Մալյորկայի համար» դաշինքի սենատոր Վիսենց Վիդալի, սենատոր Կառլոս Մուլեթի (Կոմպրոմիս), Կոնգրեսի պատգավորներ Ջոն Ինյառիտուի (Բասկերի երկրի Բիլդու կուսակցություն) ու Մարտա Ռոսիքեի (Կատալոնիայի ձախ հանրապետականներ) եւ այլ խորհրդարանականների ու իշխող Սոցիալիստական կուսակցության այլ պատգամավորմերի հետ միասին դատապարտելով Հայաստանի բնակավայրերի ու խաղաղ բնակչության վրա «Ադրբեջանի իշխանությունների կողմից պատվիրված հանցավոր ռազմական հարձակումը»:
Պատգամավորները պահանջել են Ադրբեջանից «անհապաղ դադարեցնել հարձակումները» և շտապ վերսկսել բանակցությունները՝ ընդգծելով, որ «Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության միակ լուծումը խաղաղ բանակցություններն են, «այն վերջնականապես կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի միջոցով և առկա մեխանիզմների շրջանակներում, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը»: Էնրիկե Սանտյագոն նախազգուշացրել է հակամարտությանը «Թուրքիայի միջամտության» մասին, որն, ըստ նրա, ավելի ակնհայտ է դարձել Հայաստանի սահմանային շրջանների վրա Հուլիսյան հարձակումներից հետո: Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Եվրամիության ինստիտուտները չեն կարող լռել Թուրքիայի՝ Ադրբեջանին քաղաքական և ռազմական աջակցության առջև, ինչը կտանի խաղաղ բնակչության անվտանգության սպառնալիքների մեծացման և ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը»:
Հայտարարություն է տարածել սենատոր Գորիս Էլեխաբարիետա Դիասը, ով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ագրեսիան եւ վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Կատալոնիայի Դեմոկրատես կուսակցությունը եւս իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան եւ միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպան կանգնել հայ ժողովրդին: Իսպանիայի «Էսպանյա 2000» քաղաքական կուսակցությունը նույնպես իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հարձակման եւ տարածել է Իսպանիայի հայ համայնքի՝ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը։
Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի նախագահ, Բարսելոնայի փաստաբանական դպրոցի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էրիկա Տոռեգրոսան իր թվիթերյան էջում գրել է. « Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ապակայունացնում է ողջ տարածաշրջանը եւ հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Սա 105 տարի առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանության ուրվականի վերադարձն է ։ Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ այն կրկնվի»: Կատալոնիայի «Միասին Կատալոնիայի համար», Բասկերի երկրի ազգայնական եւ Կատալոնիայի ձախ հանրապետական կուսակցությունները նույնպես դատապարտել են ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, կարեւորել հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` հիմնված Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
Բարսելոնա,
2 հոկտեմբերի