Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից:
«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև՝ զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող օրենքների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, թուրք-ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հրետակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու և ավերածություններ պատճառելու նպատակով: Այդ հրետակոծությունների ընթացքում խաղաղ բնակչության շարքերում վիրավորվել են նաև բազմաթիվ լրագրողներ: Հայաստանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներից ստացված լուսանկարներում տեսնում ենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված՝ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Սա Թուրքիայի միջամտության վառ օրինակ է»,- ասված է հայտարարության մեջ:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներն ու սենատորները նշել են, որ ադրբեջանական ուժերն օգտագործում են կասետային զինամթերք և տարբեր տրամաչափերի այլ զենքեր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց պնդմամբ՝ արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու մասին մշտական կոչերը և փորձելով ուժի կիրառման միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս շարունակում են համատեղ լայնածավալ ռազմական գործողությունները:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը: Ներկայիս իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ օպերատիվ մեխանիզմն է: Այդ պատճառով դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար»,- հայտնել են Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներն ու սենատորները:
Նրանք խստորեն դատապարտել են Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան, հատկապես՝ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությունները, ինչպես նաև՝ Թուրքիայի միջամտությունն ու սիրիացի և լիբիացի վարձկանների մասնակցությունը, մի փաստ, որն արդեն հաստատվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից:
Հայտարարությունը տարածած Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներն ու սենատորները կոչ են արել նաև պահանջել Ադրբեջանից՝ հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, վերջ տալ ագրեսիային և վերականգնել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: