կարևոր
3703 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-24 11:38
Հասարակություն

2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիան և միջազգային հանրության արձագանքը

2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիան և միջազգային հանրության արձագանքը

2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ, առանց պատերազմ հայտարարելու, ռազմական գործողություններ սկսեցին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ հարվածելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի՝ ռազմավարական նշանակության օբյեկտներին և նախկինում անվտանգ համարվող քաղաքների ու գյուղերի ուղղությամբ (Գորիս, Վարդենիս, Ջերմուկ և այլն):

Ռազմական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Ֆրանսիայի նախագահների հետ, սակայն հարձակումը որակեց որպես սահմանային բախում և խուսափեց «պատերազմ» բառն օգտագործելուց: Ավելի ուշ արդեն հայկական կողմը դիմեց ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին, սակայն այդպես էլ չհստակեցվեց, թե ինչ հոդվածներով կամ ինչպիսի օգնություն է ակնկալում այդ կառույցներից:

Ասվածի համատեքստում ուշադրության էր արժանի նաև այն հանգամանքը, որ հայկական կողմից գրեթե չկար պաշտոնական տեղեկատվություն թե՛ ռազմական գործողությունների, թե՛ զոհերի ու անհայտ կորածների և թե՛ տարածքային կորուստների վերաբերյալ, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները պարբերաբար հասարակությանն իրազեկում էին իրենց «ռազմական հաջողությունների մասին»:
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո՝ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը նշել է, որ անընդունելի է լարվածության հետագա սրումը, և ընդգծել իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը ։ Իսկ Ադրբեջանի նախագահի հետ զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը վերջինիս կոչ է արել վերադառնալու Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Թվիթեր»-ում հայտարարություն է տարածել, որով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնելու ռազմական գործողությունները։ Նրա խոսքով՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իրադրության կայունացման ուղղությամբ :

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումների և լարվածության խնդիրը: Կ. Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության ու բախումների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր սրացումների շուրջ քննարկումների ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին հորդորել է կենտրոնանալ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա։ Այդ խոսակցությունից հետո Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և կենտրոնանա խաղաղ բանակցությունների ու համագործակցության վրա՝ հարցը լուծելով Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների շրջանակում :

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերելու երկու հարևան երկրների միջև վեճերի լուծման գործում։ Նախարարությունը նաև անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ցանկացած փոփոխություն ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորմանն աջակցելու Հայաստանի խնդրանքից հետո Մոսկվան կոչ է արել Բաքվին և Երևանին զերծ մնալու սահմանին հետագա էսկալացիայից։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մատնանշել է, որ անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն միայն բանակցությունների և քաղաքական պայմանավորվածությունների միջոցով ։

Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, կոչ է արել անհապաղ թուլացնելու լարվածությունը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Վարշավան ընդգծել է, որ չի կարելի ձեռքից բաց թողնել դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված հաջողությունները։ Նախագահության հայտարարության մեջ նշված է, որ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատրաստ է աջակցելու Անդրկովկասում հակամարտության կայուն լուծմանը ։

Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ը սկսել է աշխատել Բաքվի և Երևանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման մեխանիզմների վրա։ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել էին Հայաստան ուղարկել առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ ։ Դրա արդյունքը սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի այցն էր Հայաստան: Այցի շրջանակներում կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և քաղաքական ու դիվանագիտական անհրաժեշտ համատեղ միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը ։

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Կալինը կարծիք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղություն կարող է հաստատվել «միայն Ադրբեջանի օրինական իրավունքների հիման վրա»։ Նրա խոսքով՝ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, Հայաստանը պետք է «զերծ մնա սադրիչ պահվածքից» :

ԵՄ-ն ևս մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ և կոչ արել դադարեցնելու կրակը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը անգամ մեկնել է Հայաստան և Ադրբեջան՝ դեէսկալացիայի շուրջ բանակցությունների համար: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժ. Բորելը բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջ. Բայրամովի հետ, որոնց ընթացքում կոչ է արել թուլացնելու լարվածությունը ։

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Հայաստանի վրա Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ Նա նշել է. «ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը» :

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկելու սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Նա նաև կոչ է արել հավատարիմ մնալու նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին ։ Իսկ արդեն սեպտեմբերի 14-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մ. Ժուլը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման մասին խոսք չկա ։

Գրեթե երեք օր տևած ակտիվ ռազմական գործողություններից հետո միջազգային ճնշման պայմաններում կողմերի միջև հումանիտար հրադադար հաստատվեց: Թեպետ միջազգային արձագանքը չուշացավ, սակայն գործնականում ագրեսորի զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում լարվածությունն ու սահմանային միջադեպերը մեծացնում են նոր ռազմական գործողությունների վտանգը:

«Դրօշակ» թիվ 10, 2022թ