կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 18:50
Արցախ

Ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով Մարտակերտում հասարակական նշանակության օբյեկտների ավերածությունները

Ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով Մարտակերտում հասարակական նշանակության օբյեկտների ավերածությունները

Այսօր Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել էր Մարտակերտ քաղաքի հասարակական նշանակության օբյեկտները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Ինչպես արդեն նշել էինք, խաղաղ բնակչության շրջանում ունենք 3 կորուստ։ Կից ներկայացնում ենք ադրբեջանական ռմբակոծության արդյունքում առաջացած ավերածությունները պատկերող լուսանկարները, որոնք տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետծառայություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զինուժը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը։  Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում ունի 4 զոհ։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։

Արցախի Պաշտպանության բանակը մինչեւ այսօր խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը խոցել էր հայկական ՍՈւ-25 գրոհիչը։ Ցավոք, օդաչուն, հերոսաբար զոհվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հակառակորդի կողմից  հրետանակոծվել են ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերը, որի հետեւանքով հայկական կողմն ունի քաղաքացիական մեկ զոհ։ նույն օրը հակառակորդի հարվածային ԱԹՍ-ն խոցել էր քաղաքացիական մեկ ավտոբուս, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Նշենք, որ այսօր էլ Արցախի շրջանի ողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Ըստ ՊՆ-ի՝ ամենածանր մարտերն այս պահին ընթանում են Հյուսիսային հատվածներում։