Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում հանդես կգա այս համերգաշրջանի անդրանիկ համերգով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Նվագախումբը բազմիցս է ներկայացնում հայ տաղանդավոր երաժիշտներին՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում։ Օվսաննան առաջին անգամ չէ ելույթ ունենում ՀՊԿՆ-ի հետ։ 2020 թ․-ի ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում ջութակահարուհին Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):
Օվսաննան մասնակցել է տարբեր մրցույթների ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, արժանացել բազում մրցանակների։ 2019-ի ամռանը դասընթացներ և վարպետության դասեր է ստացել Conservatoire Valence Romans Agglo-ի (Ֆրանսիա) ամառային դպրոցում: 2019 թ.-ից ներառված է Չայկովսկու անվան դպրոցի նվագախմբում, ելույթ է ունեցել Ժնևի կոնսերվատորիայի և Վալանսի կոմսերվատորիայի նվագախմբերի միավորված համերգներին: 2017-ին ընդգրկվել է «Երևան» երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում:
2016-ին ընդգրկվել է Beacons Project նախագծում, որի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների Հայաստանի տարածքում, ինչպես նաև մեկնել Ստամբուլ` հանդես գալով ինչպես որպես մենակատար, այնպես էլ ժողովրդական նվագարանների անսամբլի կազմում: