կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 16:35
Մշակույթ

Ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի և Երևանյան 8-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը կտրվի համատեղ

Ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի և Երևանյան 8-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը կտրվի համատեղ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2014-2015թթ. համերգաշրջանը կազդարարի Երևանյան միջազգային 8-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ փառատոնն այս տարի կոնկրետ ուղղվածություն չի ունենալու:

 

«2014-ին մենք մի քանի համերգներ ունեցանք` մեր մեծ կոմպոզիտորներին նվիրված, դրա համար էլ որոշեցինք, որ փառատոնն ավելի բազմաժանր է լինելու: Փառատոնի շրջանակներում կունենանք 6 սիմֆոնիկ և 1 կամերային համերգներ, Մեծ Բրիտանիան ներկայացնող երկու անվանի երաժիշտների` դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի, ինչպես նաև թավջութակահար Վահրամ Սարաջյանի մենահամերգները»,- ասաց մաեստրոն:

 

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 12-ին, որին, որպես մենակատար, կմասնակցի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը: Նա կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: Թոփչյանը կարծում է` նշանակալից համերգ է սպասվում հանդիսատեսի համար: Գերշտեյնն էլ, իր հերթին, նշեց, որ արդեն երկրորդ անգամ է համատեղ հանդես գալու ֆիլհարմոնիկի հետ և հարազատ է զգում նվագախմբին:

 

«Եթե երաժիշտը վերադառնում է մի երկիր, որտեղ նախկինում էլի ելույթ է ունեցել, ուրեմն` ում հետ համագործակցել է` ստեղծագործական ընդհանուր եզրեր է գտել ու իրեն հոգեհարազատ համարել: Կարծում եմ` ֆիլհարմոնիկի հետ ընկերության, համագործակցության նորանոր հեռանկարներ են բացվում»,- ասաց Գերշտեյնը` հավելելով, որ հաճույքով է պատրաստվում վաղվա` հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը:

 

Փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև հոկտեմբերի 24-ը: