կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 14:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարեհ Սինանյանին չփրկեցին դիմակն ու արևային ակնոցը

Այսօր առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև դարձյալ մի քանի խնդիրներով բողոքի ակցիաներ էին իրականացնում տարբեր քաղաքացիներ։ Մեծամասնություն էին կազմում նրանք, ովքեր արդեն 6 ամիս է՝ չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ նրանց՝ վեց ամիս առաջ տարբեր հարցերով եկել են Հայաստան ու, արտակարգ դրությամբ պայմանավորված, չեն կարողանում հետ վերադառնալ ՌԴ՝ իրենց ընտանիքների մոտ։

Մինչ բողոքի ակցիայի մասնակիցները  բանակցում էին ոստիկանների հետ, որ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնեն կառավարության անդամներին, և նրանցից մեկը գոնե բարեհաճի դուրս գալ ու ականջալուր լինել իրենց խնդրին, այդ ընթացքում կառավարության շենքից սահուն քայլերով դուրս եկավ Հայաստանում տարբեր ազգերի «բուծել» ցանկացող՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ դիմակով և արևային ակնոցով, և վստահ լինելով, որ դրանք իրեն անճանաչելի են դարձրել,  շատ անտարբեր ուզում էր հեռանալ։ Սակայն Yerkir.am աչքից Սինանյանը չվրիպեց, և դիմակն ու արևային ակնոցը նրան օգնության չհասան։

«Պարո՛ն Սինանյան, Ձեզ չե՞ն հետաքրքրում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որոնք ցանկանում են ՌԴ մեկնել, չէ՞ որ նրանք էլ սփյուռք են համարվում»՝ «Երկիր»-ի հարցին ի պատասխան, Սինանյանն անընդհատ կրկնում էր, որ այդ հարցն իրենց հետաքրքրում է, և  իրենք (նկատի ունի՝ կառավարությունը) աշխատում են, որ քաղաքացիները մեկնեն Ռուսաստանի Դաշնություն։

Մեր պնդումներին, թե ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, կրկին ստանում էինք նույն անբովանդակ պատասխանը. «Դե աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բնական է, որ դժվարություններ կան, նենց չի, որ պետությունը չի ուզում, որ մարդիկ, որոնք ուզում են դուրս գալ, թույլատրել, որ դուրս գան․․․»։

Մեր զրույցի պահին Սինանյանին մոտեցան բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց նա այլ պատասխան տվեց. «Այդ հարցով դիմեք պարետատուն»։

Մանրամասները՝ տեսանյութում: