կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 23:52
Մշակույթ

Գանձագողություն «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից․ հայտնաբերվել է հին մետաղադրամ, մետաղյա 2 իր եւ դանակ

Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից, գանձագողության կասկածանքով, բերման ենթարկեցին Երեւանի երկու բնակչի, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղյա 2 իր եւ ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածները օգոստոսի սկզբին Ոսկեվազ համայնքի «Բադալի ժամ» կոչվող դաշտային հատվածից քանդել, գտել ու հափշտակել էին 3 պղնձյա մետաղադրամ, որոնք հետագայում վաճառել էին Վերնիսաժում: Բացի այդ, մայիսի կեսերին նույն վայրից հափշտակել էին 4 պղնձյա մետաղադրամ, կարմիր քարով պղնձյա մատանի եւ դարձյալ վաճառել Վերնիսաժում: Բայց սա ամենը չէր. նույն վայրից 2018-2019 թթ. քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի եւ վաճառել:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մետաղորսիչ 2 սարք եւ պարկուճանման 3 առարկա, որոնք, ըստ բերման ենթարկվածների, գտել էին նույն վայրում մետաղորսիչներով իրեր փնտրելիս:

Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ կնիքվել է:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: