կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 12:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքե՞ր կարող են մեկնել ՌԴ, Չինաստան, և ի՞նչ օգնություն է ցուցաբերվել լիբանանահայերին․ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը

ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օգնություն՝ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսում։  

Նա նշեց, որ 300 սիրիահայ կարիքավոր ընտանիքներ Դամասկոսում և արվարձաններում աջակցություն ստացել են, մոտ օրերս ևս 4 750 սիրիահայ ընտանիքի այն կտրամադրվի։

Երկրից ելումուտի մասով Նաղդալյանն ասաց, որ ՀՀ կառավարության՝ արտակարգ դրություն սահմանելու որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով մեր քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը։ Մեր քաղաքացիների համար օդային սահմանով մուտքի և ելքի արգելքներ այս պահին չեն գործում։ Իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումները կապված են արդեն տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների կամ այդ երկրում անձի կարգավիճակի հետ։ Այդ պայմանները հաճախ փոփոխվում են։

Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին անդրադառնալով՝ Աննա Նաղդալյանը հղում կատարեց Ռուսաստանի կառավարության՝ մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ։

«Դրանք են՝ ի թիվս ՌԴ քաղաքացիների, ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ անձը հաստատող վավեր փաստաթղթի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացմամբ, բուժման նպատակով ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- ասաց նա։  

Կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու որևէ հստակ ժամկետ չկա։

Չինաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ կարող են մեկնել, եթե ունեն 3 օր առաջ արված՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, ինչպես նաև Չինաստանի դեսպանատան կողմից տրված՝ առողջական կարգավիճակի մասին հայտագիր։ Հունիսի 1-ից կրկին ուժի մեջ է ՀՀ և Չինաստանի մասին մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը։ Այն վերաբերում է մինչև 90 օր Չինաստան մեկնել ցանկացող մեր քաղաքացիներին: 90 օրից ավելի Չինաստանում մնալ ցանկացողները, ինչպես նաև ուսման, բուժման և կացության նպատակով Չինաստան մեկնող մեր քաղաքացիները պետք է նախապես դիմեն դեսպանատուն և ստանան մուտքի համապատասխան արտոնագիր։

Մանրամասն՝ տեսանյութում: