|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
«Հանրապետությունում տիրող համավարակային իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները:
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն նշել է, որ վերջին օրերին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է հանրապետությունում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ։ Պարետի խոսքով՝ հաշվի առնելով հիվանդության նոր դեպքերի բացակայությունը՝ շուտով կվերացվեն Մարտակերտի շրջանի Հաթերք և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների բնակիչների ազատ տեղաշարժման սահմանափակումները։
Հարությունյանը դրական է գնահատել համավարակի դեմ պայքարի ընթացքը և հանձնարարել շարունակել միջոցներ ձեռնարկել համավարակի կանխարգելման և հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ:
Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել նաև պարետի առաջարկությունը, համաձայն որի՝ առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը:
Հանրապետության նախագահը միաժամանակ ընդգծել է, որ բացասական հետևանքներից զերծ մնալու համար սահմանափակումների որոշակի թուլացումը պետք է անվերապահորեն ուղեկցվի բոլոր օղակներում վերահսկողության խստացմամբ, և համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին»,-նշված է հայտարարությունում։