կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 14:55
Սփյուռք

Կենսոլորտային պահպանավայր. էությունն ու կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում

Կենսոլորտային պահպանավայր. էությունն ու կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում

Արեգ Ղարաբեգյան – ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների հանձնախմբի նախագահ

Աշխարհում գերիշխանություն հաստատած տեխնածին տնտեսական համակարգերը կորզում են բնական պաշարները՝ առանց դրանց բնական սահմանափակվածությունն ու վերականգնման ունակությունը նկատի առնելու: Բնական պաշարների վրա մեծացող ճնշումը պահանջում է հասարակական-բնապահպանական նոր մոտեցում, որը մի կողմից պետք է մեղմի կենսաբազմազանության կորուստը, մյուս կողմից՝ խթանի կայուն հողօգտագործումը՝ ներառելով տեղի բնակչության կարիքները: Այդպիսի լուծումներից մեկը կենսոլորտային պահպանավայրն է:

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ – UNESCO) մշակել է խիստ պահանջներ՝ կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման համար։ Այդպիսի պահպանավայրի ստեղծումն առաջադրվում է պետության կողմից և ստանում է միջազգային ճանաչում:

Կենսոլորտային պահպանավայրը որոշ առումով ծառայում է որպես «կենդանի լաբորատորիա»՝ հողի, ջրի և կենսաբազմազանության միասնական կառավարման փորձարկման և ցուցադրման համար: Կենսոլորտային պահպանավայրերը ձևավորում են համաշխարհային ցանց, որի ներքո հեշտանում է տեղեկատվության, փորձի և աշխատակազմի փոխանակումը: Ներկայումս աշխարհի 124 երկրներում կա 701 կենսոլորտային պահպանավայր, ներառյալ 21 անդրսահմանային պահպանավայրերը:

Ինչպես նշվեց, կենսոլորտային պահպանավայրն անդրադառնում է մեր ժամանակների ամենակարևոր և անհետաձգելի խնդիրներից մեկին՝ ի՞նչպես ապահովել մարդկության և բնության համերաշխ կեցությունը: Դա ապահովելու համար պետք է միասին աշխատեն շատ շրջանակներ, որոնց թվում են բնապահպանները, հասարակական կազմակերպությունները, տեղական իշխանությունները, գիտնականները և ամենակարևորը՝ տեղական համայնքները: Հետևաբար կենսոլորտային պահպանավայրերը տարբերվում են պահպանվող սովորական տարածքներից: Դրանք միևնույն ժամանակ նպաստում են պաշարների կայուն օգտագործմանը և տեղական համայնքների բարեկեցությանը։

«Կայունություն» հասկացությունը թելադրում է, որ այսօրվա մարդկությունը չպետք է ապագա սերունդների գոյությունը դնի վտանգի տակ: Կենսոլորտային պահպանավայրի նպատակն է պահպանել կենսաբազմազանությունը, կարգավորել բնական պաշարների օգտագործումը` պահպանելով դրանք, խթանել կայունության և ներառական տնտեսական զարգացումը:

Հայաստանն առայժմ չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող կենսոլորտային պահպանավայրեր, սակայն 1990-ականներից սկսած՝ մի շարք փորձեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: Արդեն իսկ ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան «Մարդը և կենսոլորտը» (MAB) ազգային հանձնաժողովը: Հայաստանի պարագայում առաջնահերթ է դիտարկել «Սևան» ազգային պարկի կարգավիճակը՝ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան կենսոլորտային պահպանավայրի վերածելու հարցը:

Կենսոլորտային պահպանավայրերի գործառույթները

Նախատեսված է, որ ցանկացած կենսոլորտային պահպանավայր պետք է կատարի երեք հիմնական գործառույթ, որոնք լրացնում և փոխադարձաբար ամրապնդում են մեկը մյուսին: Դրանք են`

-պահպանման գործառույթը, որի նպատակն է նպաստել տեսակների, լանդշաֆտների, էկոհամակարգերի և գենետիկ պաշարների բազմազանության պահպանմանը,
-զարգացման գործառույթը, որի նպատակն է նպաստել տնտեսական և հասարակական զարգացմանը, որն ունի հասարակական-մշակութային և էկոլոգիական նշանակություն,
-գիտակրթական աջակցության գործառույթը, որի նպատակն է աջակցել պահպանման ու զարգացման հարցերին առնչվող հետազոտություններին, մշտադիտարկմանը, էկոլոգիական կրթությանը, տեղեկատվության փոխանակմանը տեղային, ազգային և համաշխարհային մակարդակներում:

Կենսոլորտային պահպանավայրերի գոտիները

Կենսոլորտային պահպանավայրերն ունենում են երեք փոխկապակցված գոտիներ՝ միջուկային, բուֆերային և աշխատանքային, որոնք ձգտում են կատարել միմյանց փոխլրացնող եւ ուժեղացնող դերակատարություն։

-Միջուկային 
գոտու տարածքն ընդգրկում է խստորեն պաշտպանված մի էկոհամակարգ, որը նպաստում է լանդշաֆտների, էկոհամակարգերի, տեսակների և գենետիկ տատանումների պահպանությանը։
-Բուֆերային գոտին շրջապատում է միջուկային տարածքը և օգտագործվում է բարենպաստ ու ճիշտ էկոլոգիական գործունեության համար, որը կարող է նպաստել գիտական հետազոտություններին, մոնիտորինգին, ուսուցմանը և կրթությանը։
-Աշխատանքային գոտու տարածքը պահպանավայրի այն մասն է, որտեղ հասարակական-մշակութային ամենալայն ու էկոլոգիապես կայուն գործունեությունը խթանում է տնտեսական և սոցիալական զարգացումը:

Միայն միջուկային գոտին է պահանջում խիստ իրավական պահպանություն և հետևաբար դրանով կարող է համապատասխանել արդեն գոյություն ունեցող պահպանվող տարածքներին, ինչպիսիք են, օրինակ, բնապահպանական արգելոցը, արգելավայրը կամ ազգային պարկը:
Այս գոտիավորման սխեման աշխարհում գործադրվում է տարբեր ուղիներով՝ ելնելով աշխարհագրական, հասարակական-մշակութային պայմաններից, պահպանության առկա իրավական միջոցներից և տեղային խոչընդոտներից: Այս ճկունությունը կարող է օգտագործվել ստեղծարար ճանապարհով և համարվում է «կենսոլորտային պահպանավայր» հասկացության ամենաբնորոշ գծերից մեկը, որը նպաստում է, որ պահպանվող տարածքները միավորվեն ավելի ընդարձակ լանդշաֆտների մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու առաջին քայլերը

Կենսոլորտային պահպանավայր ստեղծելը ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է լայն տեղեկատվության հավաքում և հանրային լայն ներգրավվածություն: Այս գործընթացի ժամանակ պետք է առաջինը որոշվի՝ արդյոք տարածաշրջանն ունի՞ կենսոլորտային պահպանավայր դառնալու ներուժ: Հետևաբար առաջին քայլը պետք է լինի տարածաշրջանի ներուժի վերլուծությունն ու իրագործելիության ուսումնասիրությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որոշակի քայլեր են անհրաժեշտ կենսոլորտային պահպանավայր ստեղծելու համար: Նախ պետք է ուսումնասիրություն կատարվի, որպեսզի հայտնաբերվի կենսոլորտային պահպանավայրի լավագույն ու ամենանպատակահարմար վայրը: Ապա որոշված վայրի համար անհրաժեշտ է կատարել իրագործելիության (fiesability) ուսումնասիրություն: Վերջում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պետք է պատրաստվի այն թղթածրարը, որը հիմնավորելու է նշված տարածքում կենսոլորտային պահպանավայրի ստեղծումը:

Կարևոր է նախ, որ գնահատման մեջ նշվեն միջուկային ու բուֆերային համապատասխան գոտիների առկայությունը և այն փաստը, որ տարածաշրջանի բնական որակներն ունեն համաշխարհային կարևորություն: Բացի այդ՝ տվյալ տարածքի՝ կենսոլորտային պահպանավայր դառնալու համար կարևոր նշանակություն ունի նաև համայնքային հստակ աջակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիմումը բաղկացած է երեք մասից։

1. Առաջին մասն ամփոփումն է, որում նշվում է, թե առաջադրված տարածքն ինչպես է արձագանքում կանոնադրական հիմունքների սահմանած՝ կենսոլորտային պահպանավայրերին բնորոշ գործառույթներին և չափանիշներին: Դրա հետ մեկտեղ ներկայացվում են այս հարցով մտահոգ իշխանությունների հավանությունը փաստող ստորագրությունները:
2. Երկրորդ մասն ավելի շատ մանրամասներ է ներկայացնում և ավելի նկարագրողական բնույթ ունի, անդրադառնում է մարդկային, ֆիզիկական և կենսաբանական հատկանիշներին:
3. Երրորդ մասը բաղկացած է երկու հավելվածներից։ Առաջին հավելվածը կիրառվում է կենսոլորտային պահպանավայրերի ցանցի տեղեկատուն թարմացնելու համար, եթե իհարկե տեղանքը ճանաչվել է որպես կենսոլորտային պահպանավայր: Երկրորդ հավելվածը կիրառվում է կենսոլորտային պահպանավայրերի վերաբերյալ խթանիչ և հաղորդակցական բնույթի նյութեր ապահովելու համար:

Գերմանական «Միխայել Սուքոյ» (Michael Succow) հիմնադրամը, որն ունի հարուստ փորձ կենսոլորտային պահպանավայր ստեղծելու ուսումնասիրություններ կատարելու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերի ծրարը պատրաստելու ոլորտում, 2017 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարության գաղափարաբանական առաջնորդությամբ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի անմիջական մասնակցությամբ նախաձեռնեց անհրաժեշտ նախնական ուսումնասիրություններ՝ բացահայտելու այն վայրերը, որտեղ հնարավոր է ստեղծել կենսոլորտային պահպանավայր: Դիտարկվում էր, որ երկրում այդպիսի հնարավոր տարածք կարող է լինել նաև «Սևան» ազգային պարկը:

«Սևան» ազգային պարկը

Սևանա լիճը պարունակում է Անդրկովկասի ամենամեծ քաղցրահամ ջրային պաշարը և հետևաբար տարածաշրջանում քաղցրահամ ջրի և քաղցրահամ ջրի ձկան ամենակարևոր աղբյուրն է: Պատմականորեն այն կարևոր դեր է խաղացել Հայաստանի համար և մինչ օրս մեծ դեր է խաղում երկրի տնտեսության մեջ`հանդիսանալով ոռոգման ջրի և ցածր գնի էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև ձկնապաշարների, հանգստի և զբոսաշրջության ապահովման ու կազմակերպման հիմնական աղբյուր:

«Սևան» ազգային պարկը ստեղծվել է 1978 թվականին՝ Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման համար: Այն ընդգրկում է Սևանա լիճը և հարակից տարածքները՝ մինչև լճի շրջակայքում գտնվող մայրուղին: Ազգային պարկի համար սահմանվել է պահպանության խիստ ռեժիմ, ինչպես նաև խիստ պաշտպանական, հանգստի և տնտեսական գործունեության գոտիներ: Ազգային պարկի պահպանվող տարածքները շարունակական կամ մշտական գոտիներ չեն (չնայած կոչվում են գոտիներ) և տարածվում են պարկի ամբողջ տարածքում: 3700 հա արգելոցի գոտին բաղկացած է հինգ հիմնական տարածքներից՝ Արտանիշ, Վարդենիս, Լիճք, Նորադուզ և Նորաշեն, ինչպես նաև տասը այլ պահպանվող տարածքներից, որոնք ձգվում են 500 մ երկայնքով՝ խոշոր գետերի շրջակայքում՝ սկսած գետաբերանից: Հանգստի գոտին զբաղեցնում է 4200 հա ափամերձ տարածք, որը նախատեսված է հանգստի և առողջության համար: Այստեղ գործում են սպասարկման տարբեր հաստատություններ, ինչպիսիք են հյուրատները, հյուրանոցները, մասնավոր հանգստի վայրերը և այլն, որոնք տեղակայված են ամբողջ ափամերձ հատվածում, բայց ավելի շատ կենտրոնացած են լճի արևմտյան մասում:

Սևանի թերակղզին ազգային պարկի ամենամեծ ցամաքային տարածքներից մեկն է, որը տարիների ընթացքում ենթարկվել է մարդածին ճնշման և կորցրել իրեն բնորոշ բնական բուսականությունը:

Արտանիշ թերակղզին պարկի լավագույնս պահպանվող տարածքներից մեկն է: Այն համարվում է բնության բացառիկ հուշարձան և սահմանվել է որպես արգելոցի տարածք: Մոտ 2500 հա ծածկված է եզակի բուսականությամբ: Հատկապես հետաքրքրություն է ներկայացնում քարանձավներ ունեցող հարավային ժայռոտ լանջը:
Պարկի բուսական աշխարհը ներկայացված է 28 տեսակի ծառերի, 42 տեսակի թփերի, 866 տեսակի բազմամյա խոտաբույսերի և 307 տեսակի տարեկան ու երկամյա բույսերի տեսքով: Ազգային պարկի և դրա բուֆերային գոտու բուսական աշխարհը ներառում է մոտ 1600 տեսակի բույսեր, որոնք ներկայացված են ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային տեսակներով:

Քսանութ գետեր և հոսանքներ թափվում են Սևանա լիճ, բայց լճից դուրս է գալիս միայն Հրազդան գետը: Այնուամենայնիվ, 1933 թվականից լճից ջրի արտահոսքը արհեստականորեն կազմակերպվել է հիդրոէներգետիկայի և ոռոգման նպատակով:

Մարդածին երկարատև կործանարար ազդեցության հետևանքով Սևանա լիճը Հայաստանի ամենախաթարված էկոհամակարգն է: Այսպես կոչված «Սևանի խնդիրը» ծագել է 19-րդ դարում: Այդ ժամանակից ի վեր հիմնական մարտահրավերը եղել է այն հարցը, թե ինչպես օգտագործել լճի ջրային պաշարները, քանի որ Սևանա լիճը ճանաչվել է Հայաստանի համար կարևոր ջրային պաշար: Լիճը դեռևս քայքայված վիճակում է, իսկ դրա՝ որպես արտադրության և կենսապահովման ձկնորսական կարևոր տարածքի ապագան՝ վտանգված: Վտանգված է մնում նաև թռչնատեսակների բնադրման և գաղթի կարևոր կենսամիջավայրը:

«Սևան» ազգային պարկը կենսոլորտային պահպանավայր դարձնելու մարտահրավերը

«Սևան» ազգային պարկի սպառնալիքների ցանկը ընդարձակ է՝ օրինական և անօրինական ձկնորսություն, ջրերի աղտոտում, արոտավայրերի անկանոն շահագործում, աղբահանություն, հողերի յուրացում, տուրիզմ և հանգիստ, հողօգտագործման փոփոխություն, որս, որսագողություն, անտառահատում, հանքարդյունաբերություն և այլն: Հետևաբար «Սևան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային պահպանավայր ստեղծելը դժվարին գործ է: Դա անելու համար անհրաժեշտ են՝

-ձկնորսության կանոնակարգերի խստագույն հսկողություն և կայուն ձկնորսության սխեմայի մասին համաձայնագիր, որը ձեռնտու կլինի տեղի բնակչությանը,
-թափոնների (նաև կեղտաջրերի) արդյունավետ կառավարում, երկարաժամկետ պաշտոնական հանձնարարականներ/կարգավորող շրջանակներ և կոյուղաջրերի
համակարգերի օրինական կիրառում (առևտրային տուրիզմի մատակարարների համար),
-ջրի մակարդակի բարձրացմանը խոչընդոտող շենքերի քանդում և ենթակառուցվածքային փոփոխություններ,
դրենաժի և էրոզիայի վերահսկում,
-կայուն հողօգտագործման խթանում և իրավական աջակցություն,
-տեղական բնակչության հետևողական ներգրավումն ու մասնակցությունը նախագծման և զարգացման ծրագրերում,
-բնական ափի վերականգնում (թռչունների հանգստավայրեր),
-և ամենակարևորը`հիմնական գոտու խիստ պահպանվածություն:

Հիմնական գոտու խիստ պահպանվածությունը հնարավոր է միայն հաշվի առնելով վերակենտրոնացումը՝ վերանայելով ազգային պարկի սահմանները: Մասնավորապես մինչ այժմ լճի ափին գտնվող կենսաբազմազանությունը բավականին աղքատ է, և ոչ մի ազգային անտառ դրանում ներառված չէ: Հետևաբար կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման նախադրյալները կլինեն հիմնական գոտու վերակենտրոնացումը, այսինքն՝ ոչ թե ամբողջ լճի, այլ ավելի շուտ շրջակա էկոհամակարգերի ներառումը, և հետևաբար ազգային պարկի խոշորացումը լրացուցիչ պահպանվող տարածքների միջոցով, օրինակ՝ Մասրիկ գետի և նրա վտակների ներառումը, որոնք հոսում են քաղաքային տարածքների հարևանությամբ: Վերջինս մեծ նշանակություն ունի, քանի որ այն ձկների բազմացման անհրաժեշտ միջավայր է:

Ըստ Հայաստանի կառավարության և ոլորտի փորձագետների՝ Սևանն ունի զբոսաշրջության մեծ ներուժ, մասնավորապես բնական միջավայրին համահունչ սպորտը և էկոտուրիզմը՝ սուզում, պարագլայդինգ և ծայրահեղ (էքստրեմալ) սպորտի այլ ձևեր, ինչպես նաև սպորտային ձկնորսություն, թռչունների դիտում, թիթեռների դիտում (արդեն գոյություն ունի, բայց հավանաբար կարող է հետագայում զարգանալ), բույսերի դիտում (հաշվի առնելով կարևոր բույսերի տարածքները՝ Սևան, Արդանի թերակղզի, Արեգունիի գիհի անտառտնտեսություն) և արշավ:

Եզրափակում

Ինչպես վերը նշվեց, 2017 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարը առաջ էր մղում կենսոլորտային պահպանավայրերի ստեղծան գաղափարը, որը ՀՅ Դաշնակցության կողմից պաշտպանվող սոցիալ-տնտեսական ներառական և էկոլոգիական հավասարակշռված քաղաքականության կիրառական հիմնական մոտեցումն է:

Ինչո՞ւ է կենսոլորտային պահպանավայրերի զարգացումը լավ գաղափար Սևանի համար: Ինչո՞ւ օգտակար կլինի: Քանի որ Սևանա լճին առնչվող յուրաքանչյուր գործողություն մեծ ուշադրության և բազմակի ճշգրտման կարիք ունի, խորհուրդ է տրվում դրսևորելու կշռադատված մոտեցում: Իրոք, կենսոլորտային պահպանավայրը կարող է օգնել համայնքների հասարակական-տնտեսական վիճակի բարելավմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ, լավ հիմք ձևավորել այլընտրանքային և կայուն զբոսաշրջության համար, ինչպես նաև կազմակերպել օրգանական արտադրություն և այլն: Քանի որ Սևանի շուրջ զբոսաշրջության զարգացումը կայացած փաստ է, հետևաբար կարիքները կառավարելու համար Սևանում կենսոլորտային պահպանավայրերի զարգացման հիմնական տեսլականը պայմանավորված է նաև զբոսաշրջության կայուն զարգացմամբ՝ ներկայումս միջին հաշվով դիտարկվող 60-օրյա տարեկան հանգստի շրջանը վերածելով ողջ տարվա ընթացքում գործունեության ծավալման շրջանի:

Ամփոփելով արձանագրենք, որ այն աշխատանքը, որը սկսվել է 2017 թվականին ու մնացել անկատար, պետք է շարունակել։ Անհրաժեշտ է կատարել իրագործելիության մանրամասն ուսումնասիրություն, պատրաստել դիմումի փաստթղթային ծրարը և դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանում կենսոլորտային պահպանավայր ստեղծելու համար։

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.