կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-02 10:25
Քաղաքական

Ժողովրդազրկվող իշխանության հոգեվարքը. Արտակ Սարգսյան

Ժողովրդազրկվող իշխանության հոգեվարքը. Արտակ Սարգսյան

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.

«Ժողովրդի հուզական քվեով իշխանության եկած ուժը շուտ հասկացավ՝ տրված խոստումների նույնքան հուզականության ու այն իրագործելու իր անկարողության փաստը և սկսեց խոսել 30 տարվա կտրվածքով՝ Մեծ ներգաղթից ու աշխարհի «ամենաներից» դառնալու երազանքներից և անմիջապես լծվեց․․․ սեփական «հողամասի» վար ու ցանքսին։

Իշխանությունը շուտ հասկացավ իր ձախողման անխուսափելիությունը, հպարտ քաղաքցու՝ իրենցից պահանջող քաղաքացու փոխակերպումը, քանզի անկեղծ մղումներով փողոց դուրս եկած քաղաքացիների զգալի մասնն ունեն առնվազն այն սպասելիքները, որոնց լուծման խոստումները 4 ամիս, ճղճղան ձայնով իրենց ականջներում էր․ վերջապես նրանք փողոց էին փակել ոչ թե քայլածների բարեկեցության, այլ պետության զարգացման և իրենց կյանքի որակի բարելավման համար։ Եվ համատարած ձախողումների պայմաններում, հասկանալիորեն, իշխանության հենարան հանդիսացող ժողովրդի զգալի մասը շատ արագ վերածվեց իշխանությունից դժգոհ, հուսախաբ հանրության, որն իրեն զգում է խաբված, անտեսված, հիմա նաև՝ հարստահարված, ավելի աղքատացած, առհամարված, մահացու հիվանդանալու ռիսկի առջև։

Հողը, ակնհայտ, հոսում է իշխանության ոտքերի տակից․ համավարակը կրկնաատկեց ու եռապատկեց այդ գործըթացը՝ ցույց տալով իշխանության ապաշնորհությունն ու հասարակության իրական կարիքներին անհաղորդ լինելը։ Հպարտ քաղաքացիների «անհույս» բանակը աստիճանաբար շրջվում է իշխանության դեմ և վերջինիս մնում է արագացնել իր վստահելի հենարանի ամրացման, շարքերի խտացման աշխատանքները, ինչի ականատեսն ենք օրվա գործընթացներում։ Ի դեպ այդ գործընթացները սկսվել են ավելի վաղ՝ իշխանափոխության պլանավորման, իրագործման և իրացման սկզբնափուլերում, բայց հիմա այն ստացել է ավելի գործուն, կատաղի, արագ, համակարգային ու համատարած բնույթ․ խնդիրն այն է, որ «վայր չընկնելու» համար, հանկարծ գահին հայտնված իշխանությանը պետք են՝ հանրային տարբեր շերտերից կազմված հենարաններ, որոնք նրա հետ շղթայված են ոչ թե պայծառ ապագայի անհուն խոստումներով, այլ հստակ ու շոշափելի շահերով՝ ֆինասական, իշխանական, կարիերայի, բիզնեսի, հովանավորչության, կրոնական, արտաքին քաղաքական․․․

Իշխանությունը շուտ հասկացավ, որ իր շուրջ հավաքվածները չունեն ընդհանուր գաղափարախոսություն, այն էլ՝ ազգային, նրանք տարբեր «տներից» ու դպորցներից են՝ քաղ․ հասարակությունից, տարբեր կազմակերպություններից, տարբեր կողմնորոշումներով՝ սեռական, կրոնական, աշխարհաքաղաքական, անձնական, տարբեր մոտիվացիաներով ու նպատակադրումներով, և որևէ հստակ գաղափարախոսության որդեգրումը ո՛չ հնարավոր է, ո՛չ էլ անհրաժեշտ․ այս լեգիոնականների հավաքածուն իրեն պետք է պատկերացնի իր փաղանգում, արշավանքի մեջ, իր խնդիրների իրագործման ճանափարհին՝ ինչպիսին էլ դրանք լինեն, կարևորը կրծքով պաշտպանեն իշխանությանն ու նրա քայլերը։ Լեգիոնականնրի այս բանակն այսօր իր բաժինը ստանալու գործընթացներում է․ տարբեր դոնորներից դրամաշնարհներ ստացածներն ու ստացողներն ապացուցում են իրենց օգտակարությունը՝ առաջ մղելով իրենց ֆինանսավորողների շահերը, աղանդավորները գոհանում են՝ Հայոց եկեղեցու դեմ իշխանության արշավով, գլոբալիստները հագենում են ավանդական արժեքների ու համակարգերի դեմ գրոհով, սեռական փոքրամասնությունները՝ գործելու և քարոզելու ազատությամբ, որևէ փորձառություն և հմտություն չունեցողները տեսնում են արագ կարիերայի հնարավորություն, պետական համակարգում ներգրավածերի մի ստվար մասը հագենում են պարգևավճարներով, նախկինում ճնշված բիզնեսներն իրենք են ցանկանում ճնշել մնացյալին, նախկինի նախկին իշխանությունները ստացել են ռևանշի հնարավորություն․․․

Այս ամբողջ անհագուրդ մասսան շերեփն առած նոր իշխանական կերակատաշտից տանում է իր բաժինը՝ ինչպես կարող է, որտեղից կարող է, ինչքան կարող է և երբ կարող է։ Իշխանությունը, այս ամենի դիմաց, շաղախում է իր հենքն ու պատերը՝ տարբեր ճանապարհներով, ընդհուպ հակասահմանադրական ու անօրինական քայլերի մղելով իր լեգիոնականներին՝ փակելով նրանց փախուստի ճանապարհը։ Ժողովրդազրկվող և հեղինակազրկվող իշխանության համար գերնպատակ է մնում իշխանության պահպանումը՝ ամեն գնով ու ինչքան հնարավոր է երկար՝ ժողովրդի անունից, ժողովրդի դեմ, քանզի հասկանալի է՝ չներողների բանակը չափազանց մեծ է ու ոչ պակաս վճռական։

Հայության ներքին պայքարի տրաբանությունն այս քայքայող ուղեծրի մեջ է շուրջ 2 տարի՝ իշխանության ձեռամբ, խաղադրույքները պարզ են, խաղացողներն ու նրանց քայլերի տրամաբանությունը հստակ, գործիքակազմը՝ ոստիկանական ճնշումներից մինչև փողոցային ծեծկռտուք, խոսքի բռնությունից մինչև ասֆալտափռություն։ Նման պայմաններում հանրային ըմբոստությունն օրինաչափ է ու անխուսափելի։ Հասարակությունն ու հասարակական-քաղաքական ուժերը դիրքավորվում են ու պատրաստվում դիմադրության։ Իսկ հասարակությունը, իրապես, բաժանվում է 2 մասի՝ մեկ մասում ազգայիններն են, մյուսում՝ մնացածը, և այս ճամբարներում չկա հնի ու նորի պայքար, այլ կա հայկականության համար և հայկականության դեմ պայքար․ այն ամենուր է, ամեն կողմից և ամն պահ՝ մաշելով ազգային ներուժը, համախմբման ջիղը, իրական ու գործնական առաջընթացի մղումը։

Իսկ իրական հեղափոխությունը ճամփին է՝ առանց գործող իշխանության․ վերջիններս արդեն մսխում է ապագան՝ վազում անցյալ, այնպես, ինչպես ցանկացած իշխանություն, որ գործում է հանուն իր նեղմտության և կլանային շահի՝ պատված «փրկչի» մարմաջանքով»։