կարևոր
2695 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-31 22:07
Հասարակություն

Ձախողված պետությունն այլ կերպ չի լինում. Արտակ Սարգսյան

Ձախողված պետությունն այլ կերպ չի լինում. Արտակ Սարգսյան

Ազգակործան իշխանություններն Արցախը հանձնել են վաղուց՝ նախ մտքներում, հետո ծրագրերում, հիմա՝ փաստացի:

2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Քարվաճառի և Բերձորի հանձնումով ակնհայտ էր, որ Արցախի հարցը, մեծ հաշվով, փակված է. ռազմական առումով որևէ տարբերակ չկար պաշտպանվելու ադրբեջանական սպառնալիքից: Նույնիսկ Շուշիի անկումն այնքան ճակատագրական չէր, որքան Քարվաճառի հանձնումը:

Արցախը զրկվեց ապագայից: Եվ դա հասկանալի էր բոլորին, հատկապես Հայաստանի օկուպացիոն ռեժիմին: Ավելին, դա էր հենց նրանց նպատակը՝ ամեն ինչ հասցնել անդառնալի կետի, հետո զերոյացնել 33 տարվա ձեռքբերումները, որոնք բոլոր «նախկիններին» փառք էին բերում, իսկ «ներկաներին» դարձնում ճղճիմ՝ իրենց գործերում: Մնացած ամեն ինչ ժամանակի հարց էր:

Մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը դոմինոյի բոլոր քարերը պառկել էին, վերջին ճիգը՝ վերջին քարը, որ դեռ չէր հանձնվում՝ Արցախի հերոսական հայությունն էր: Հայաստանի չիշխանությունների և բանակի «հերոսական» դավաճանության պարագայում, Արցախի պաշտպանության բանակը որևէ շանս չուներ հաջողության: Անհայրենիք իշխանավորների կառուցածը ձախողված պետություն է այլևս: Առանց Արցախի Հայաստանը զրկվեց իր անվտանգության կարևորագույն բաղադրիչից, որ կերտվել էր ազգային զարթոնքով, միասնությամբ և արյամբ:

Ձախողված պետությունները, սովորաբար, սպասում են օտար «փրկարար» բանակների, քանզի սեփական ուժերով և որոշումներով այլևս չեն կարող ապահովել պետության և ժողովրդի անվտանգությունը: Խաղաղության օրակարգը, խաչմերուկային բրոշյուրներն ու հայրենիք-պետություն ցնդաբանությունը արդեն ծիծաղելի են՝ իրենց անհուսության և տհասության մեջ:

Այս տրամաբանությամբ հրեաները երբեք չէին կերտի իրենց պետությունը՝ իրենց պատմական հայրենիքում: Հայրենիքը միայն պետության փաստացի տարածքը չէ, այլ պատմաաշխարհագրական այն տարածքը, որտեղ կերտվել և արարել է տվյալ ժողովուրդը. սա դասագրքային ճշմարտություն է: Եվ որևէ ժողովրդի երբ ուզում են կործանել, նախ կտրում են նրան հիշողությունից և արմատներից, այնուհետ՝ երազանքից: Հայաստանն արդեն մխրճվել է նոր անկայունության փուլ. սահմանին կուտակված թշնամու զենքը կկրակի մի ոչ պատահական օր:

Առնվազն անկլավների հանձնման հրավերն ուղարկված է: Իսկ ազգային միասնության մասին մտածողները կհասկանան, որ այլևս ուշացած են՝ ներքին անուժության և իրավիճակը ներսից փոխելու ջանքերի ձախողման պայմաններում: Որ մեզ նվաճել են ներսից և պատրաստվում են նվաճել նաև դրսից, կասկած չկա:

Մեզ դարձրել են կլանման գայթակղիչ զոհ: Թուրքերը 1918 թվականին Բաթումիի բանակցություններում ցանկանում էին Հայաստանը վերջնական կտրել Ռուսաստանի աջակցության հույսից և Անդրկովկասի սեյմից, որ վերջնականորեն հոշոտեն հայ ժողովրդին: Նույնիսկ առաջինը ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Հիմա իրավիճակը մի քիչ տարբեր է՝ տրամաբանությունը՝ գրեթե նույնը. արևմուտքը փորձում է զսպել Թուրքիային ու Ադրբեջանին, որ Հայաստանին կտրեն Ռուսատանից:

Թուրքիան և Ադրբեջանը իբր «զսպվում են», իրականում պատրաստվում են հոշատել Հայաստանն ու հայությանը: Ռուսաստանն էլ մտածում է՝ հայերը փախչելու տեղ չունեն՝ միևնույն է վերջին պահին ռուսական սվինը գերադասելու են թուրքական յաթաղանից: Սա է ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների խաղի խտացված տրամաբանությունը՝ Հայաստանի օկուպացիոն իշխանությունների «փայլուն» արտաքին քաղաքականության և ազգային ողբերգության կերտման արդյունքում:

Ձախողված պետությունը պոզով-պոչով չի լինում: Սա դեռ ողբերգությունների վերջը չէ, մտրակը ճայթում է հայության գլխավերևում: Այսպիսի անկամության շարունակության դեպքում, ոչ հեռավոր օրերից մեկում կարթնանանք փաստացի նվաճված՝ զորքով կամ որևէ պատմական «փրկարար» թղթի կտորով:

Արտակ Սարգսյան

ՀՅԴ անդամ, պատմաբան