կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 16:40
Առանց Կատեգորիա

Հայկական հեռուստաշուկայի հոգեվարքը

Հայկական  հեռուստաշուկայի  հոգեվարքը

Երեկ սոցիալական ցանցերում  համարյա «պայթյուն» տեղի ունեցավ, երբ կայքերից մեկը գրեց, որ Հ1-ի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ռուսական  СТС հեռուստաալիքի «Ծիծաղ` մեծ քաղաքում» հումորային հաղորդման պրոդյուսեր, ռուսական ՈւՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) վերջին սերնդի վառ ներկայացուցիչներից  Մաքսիմ Կիսելյովը: Հ1-ի ղեկավարությանը սկսեցին մեղադրել ապազգային մտածողության և գործունեության մեջ: 

 

Չգիտեմ, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի այս նշանակումը որքանով է ճիշտ որակել ապազգային կամ ազգադավ, բայց միայն այն, որ այս քայլով նա մարտահրավեր է նետում հայկական պրոդյուսերական դպրոցին, փաստ է:

 

Հեռուստատեսության ոլորտին քիչ, թե շատ մոտ կանգնած անձնավորությունների համար գաղտնիք չէ, որ մեր երկրում թե այս' պրոդյուսերի  մասնագիտությունը և թե այլ հեռուստատեսային մասնագիտություններ , մեղմ ասած,  բարվոք վիճակում չեն: Հայկական հեռուստաշուկան վաղուց հայտնվել է հոգեվարքի մեջ: Պատճառները և' օբեկտիվ են, և' սուբյեկտիվ : Թեմային մասնագիտորեն մոտենալու դեպքում պատմական էքսկուրս պետք է կատարենք  նախորդ դարի 90-ականներ, երբ հեռուստաոլորտը հայտնվեց այդ ոլորտից հեռու կանգնած, հեռուստաժուռնալիստիկայի հետ երբևէ առնչություն չունեցած մարդկանց ձեռքում: Եվ բնական է, որ, տարիների ընթացքում մսխելով ունեցած մասնագիտական պաշարը և շարունակաբար անտեսելով վերապատրաստման, ինքնակրթման անհրաժեշտությունը, մասնագետներին արհամարհելն ու  նրանց «սև ու սպիտակի» բաժանելը, մի օր կանգնեցնելու էր «կոտրած տաշտակի» առաջ: Հեռուստաոլորտում հայտնվեցին մարդիկ, ովքեր  հեռուստատեսության հետ առնչվել էին միայն այնքանով, որ տանը հեռուստացույց ունեին: Նրանք եկան և «պահանջեցին» մոռանալ մասնագիտական գիտելիքները ու առաջնորդվել միմիայն իրենց քիմքին հաճելի  մեթոդներով: Իսկ այդ մեթոդներն իրենց պես լղոզված էին: Մնացողները, ովքեր ատամները կրճացնելով դիմանում էին, օրվա հացի խնդիրը լուծելու համար դարձան  անտարբեր, այնպես, ինչպես «պահանջված» էր ի վերուստ: Այժմ ունենք այն, ինչ ունենք:  Մերոնք դադարել են լինել նախաձեռնող, մտածող, պրպտող և նախընտրում են գործել ավելի զգուշավոր: «Моя хата с краю» սկզբունքով աշխատելը  մի օր հանգեցնելու էր այս վիճակին:

 

Անարդար կլինի  մտածել, թե այսօր  Հայաստանում արդեն  հեռուստաոլորտի մասնագետներ չկան: Նրանք կան, ուղղակի հեռուստատեսությունը նրանց համար չկա: Նրանք մերժված են, որովհետև ավելի արհեստավարժ են, քան պահանջվում է:

 

Մեր հեռուստաալիքներում, որոշ բացառությամբ,  70-ականների շունչն է գերիշխում: Նոր տեխնոլոգիաներին  ինտեգրումը ընդամենը աչքի խաբկանք է, եթե բովանդակային առումով առաջընթաց, հետաքրքիր լուծումներ չկան, և դեռ մի բան էլ ավելի' իսպառ  բացակայում է մարդու ականջին հաճո հայերենի անաղարտ հնչեղությունը: Գեղեցիկ գույներով և անիմացիոն հնարքներով հնարավոր չէ մարդկանց  երկար «շնչի վրա պահել» կապույտ էկրանի մոտ, որքան էլ, որ հեռուստադիտողը  ճարահատյալ լինի հետևել հեռուստացանցի  մատուցած հաղորդումներին: Բայց սա էլ չէ խնդիրը, այլ այն, որ հեռուստաոլորտի աշխատակիցների համար բազմիցս կազմակերպվել և կազմակերպվում են  վարպետության դասեր` թե' ներսում և թե' արտագնա,  բայց, ցավոք, այդ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները մնում են նույն այն սրահում, որտեղ անցկացվել են դասընթացները:  Ինչո՞ւ: «Պատվիրատուների»  կողմից որակյալ եթեր հեռարձակելու  պահանջ չկա,  իսկ եթե կա, ապա` միայն ցուցադրական:

 

Թե ի՞նչ կարող է տալ նման իրավիճակում Մաքսիմ Կիսելյովին  Հ1-ի պրոդյուսեր նշանակելը,  միայն ժամանակը ցույց կտա, բայց, որ թե'  նրա, թե' բազմաթիվ վարպետության դասեր անցկացրած մասնագետների փորձը կարող է (էր) օգտակար լինել, քննարկան թեմա չէ, միայն թե ցանկություն լինի,  և այս նշանակումը հերթական անգամ, ինչպես ընդունված է ասել, «показуха» չդառնա: 

 

Մեկ դիտարկում ևս, հատկապես` հանրային հեռուստաընկերության  ղեկավար կազմի համար: ՀՀ օրենքով հեռուստատեսության ղեկավարները պետք է տիրապետեն անբասիր հայերենի: Ամբողջ գրագրությունը պետք է տարվի հայերեն լեզվով, ասել է թե` հեռուստատեսության  գործառույթներից ամենագլխավորն ու ամենակարևորը հայերենի անաղարտությունն է:  Թե ինչպես է  Մաքսիմ Կիսելյովը հետևելու և գործադրելու  օրենքի պահանջը,  երբ մարդը չի տիրապետում հայերենին, լուրջ խնդիր է: Եվ ամենևին կապ չունի, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է Մաքսային միությանը միանալու ցանկության մասին: Դրանից  լեզվի մասին  օրենքը չի փոխվում, այլ ավելի պարտավորեցնող է դառնում: 

 

Հարություն Հարությունյան

civilnet.am