Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտակ Սարգսյանն է:
-Ինչու՞ որոշեցիք առաջադրվել, մտնել քաղաքականություն:
-Ես քաղաքականություն նոր չեմ մտնում, ՀՅԴ անդամ եմ 1993 թվականից, այսինքն 20 տարեկանից։ Մշտապես ակտիվ գործունեություն եմ ծավալել թե՛ ուսանողական շարժումներում, թե՛ ներկուսակցական հարթակում, և թե՛ ընտրությունների ժամանակ։ Սակայն, հանրային գործունեության առաջնագծում հաճախ չեմ երևացել։ Սա, թերևս, առաջին լուրջ հայտս է, որպես թեկնածու, որպես հասարակական-քաղաքական գործիչ։ Իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել եմ, որովհետև այսպես հնարավորություն կա ավելի օգտակար լինել ընտրական գործընթացներում՝ ներկայացնելով ՀՅԴ մոտեցումներն ու նախընտրական ծրագիրը, կուսակցության համար ապահովելով առավել շատ քվեներ, իսկ հաջողության դեպքում՝ ակտիվ գործունեություն ծավալելով ԱԺ-ում։ Ունեմ շուրջ 20 տարվա ղեկավար աշխատանքի փորձ՝ պետական, հասարակական և գործարար ոլորտներում, ներկայումս ղեկավարում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության վարկային ծրագիրը, աշխատանքի բերումով շրջում եմ ողջ հանրապոտությունում, շփվում բազմաթիվ մարդկանց հետ և լավ ծանոթ եմ Հայաստանի սոցիալական խնդիրներին, ընթացող բարեփոխումներին։ ԱԺ-ում հնարավորություն կունենամ տարիների ընթացքում կուտակած փորձառությունս առավել արդյունավետ օգտագործել՝ ազգային մակարդակում քաղաքականությունների ձևավորման օրենսդրական գործընթացներին մասնակից լինելով։ ՀՅԴ ցանկում զբաղեցնում եմ 11-րդ համարը, որը չափազանց պարտավորեցնող է և ես հավատացած եմ՝ եթե ինչ որ բան անձամբ կարող եմ փոխել, պետք է լծվեմ աշխատանքի, ոչինչ չանելը նշանակում է համակերպվել ներկա իրողություններին։ Ես չեմ կարող և չեմ ուզում համակերպվել ներկա համատարած անարդարությանը, աղքատությանն ու արտագաղթին։
-Ո՞րն է Դաշնակցության հաղթաթուղթը, ինչու՞ պետք է ընտրողը վստահի ձեզ և ձեր քաղաքական ուժին, մանավանդ ոչ մի կուսակցություն վատ ծրագիր չի ներկայացնում:
-Դաշնակցության կենսափորձը, կազմակերպվածությունը, կայունությունը, սկզբունքայնությունը, հետևողականությունը, համառությունը, նվիրվածությունը, համահայկական ընդգրկվածությունը, զոհաբերվելու պատրաստակամությունը հայկական իրականության մեջ, ցավոք, ոչ մի այլ քաղաքական ուժ չունի։ Ծրագրեր գրելը, գուցե, հեշտ է, խելացի ծրագրեր գրելը՝ դժվար, սակայն առավել դժվար է այդ ծրագրերն իրականացնելը: Արդյո՞ք ԱԺ ընտրություններին հայտ ներկայացրած ուժերն ունեն այն կարողությունը, որպեսզի իրականացնեն իրենց ներկայացրած ծրագրերը. այդ ուժերի մի մասը արհեստածին դաշինքներն են՝ առանց հեռանկարի, որոշները` անհատի շուրջ հավաքված մարդիկ, կրկին առանց քաղաքական լուրջ հեռանկարի, ոմանք իշխանության շուրջ հավաքված մարդիկ են, իշխանազրկումից հետո անորոշ հեռանկարով: Տեսեք ինչ կատարվեց ՀՀՇ-ի հետ իշխանազրկումից հետո։ Մեր կայունությունն արդյունք է մեր կենսափորձի և ավանդույթների: Դաշնակցությունն ազգային, սոցիալիստական կուսակցություն է՝ լուրջ ռեսուրսներով, կուսակցական ցանցով, ներկուսակցական ժողովրդավարությամբ, հերոսական անցյալով և ներկայով, որը ուրույն հմայք է հաղորդում մեր կենսակերպին: Դաշնակցությունը մի մեծ ընտանիք է, որտեղ առկա է յուրովի ապրելակերպ: Մենք հավատավոր, գաղափարական կապերով շղթայված մարդկանց դաշնակցություն ենք՝ մտադրված հեղափոխելու հայ մարդկանց կյանքը՝ առաջնորդելով դեպի արժանապատիվ և փառավոր ապագա։ Իսկ ներկայում, մեր ունեցած հնարավորություններով, փորձում ենք երկրում զարգացման դրական միջավայր ապահովել՝ ախտածին երևույթների պատճառները վերացնելով։ Եվ հավատացնում եմ ձեզ, Հայաստան պետության խնդիրները կարմիր գծերի մեջ չեն, այլ այդ գծերը քաշելու պատճառների մեջ են, և եթե այդ պատճառները չվերացնենք, վաղը կամ մյուս օրը ցայտաղբյուրների շուրջ, օրինակ, կարող են դեղին գծեր հայտնվել։
-Ընտրություններին մի քանի օր է մնացել, սովորաբար այս օրերին է ընտրակաշառք բաժանավում, սա որքանո՞վ կազդի ընտրությունների ելքի վրա և արդյո՞ք «ջուրը չի գցի» ամբողջ քարոզարշավը:
-Ցավոք, քաղաքական որոշ ուժեր ընտրական իրենց գործունեության առանցքն են դարձրել նաև ընտրակաշառքը: Աղքատ երկրում փողը գիշերը լույս է տալիս, ցերեկը՝ հուսախաբ անում՝ թքելով ժողովրդավար ընտրությունների ճակատին։ Ես աշխատում եմ խելացի, գիտակից մարդկանց հետ և փորձում շահել նրանց համակրանքն ու ստանալ քվեն: Այդպիսի մարդկանց դժվար է կաշառել. դա էլ իմ մարտավարական հնարքն է՝ ընդդեմ ընտրակաշառքի և ճնշումների։
-Ժողովուրդը հերթական անգամ ինչու՞ պետք է վստահի այս կամ այն քաղաքական ուժին, երբ ընտրությունից ընտրություն ավելի է հիասթափվում, քանի որ քաղաքական ուժերի` քարոզարշավի ժամանակ տված խոստումները մնում են թղթի վրա:
-Մենք չենք ասում, որ ժողովուրդը վստահի այս կամ այն քաղաքական ուժին, մենք ասում ենք վստահեք Դաշնակցությանը, եթե մենք բարձր քվե ստանանք, մենք հուսախաբ չենք անի։ Վերջին հաշվով, մեզ այս տարիներին տրված ամենաբարձր քվեն եղել է 13 տոկոսը, որը հնարավորություն չի տվել ամբողջությամբ իրականացնել մեր ծրագրերը։ Տվեք բարձր քվե և պահանջեք։ Իսկ թե ովքե՞ր են հուսախաբ արել, հարցերը իրենց պետք է ուղղել և իրենց քվե տվողներին։
-Դաշնակցությունը բավարար ձայներ կունենա՞, որպեսզի համամասնական ցուցակի 11-րդ համարը զբաղեցնող Արտակ Սարգսյանն անցնի խորհրդարան:
-Այո։ Դաշնակցությունն այսօր ավելի ուժեղ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Մենք այսօր էական փոփոխություններ ենք առաջացրել երկրում։ Հուսով եմ, որ մեր ժողովուրդը ըմբռնել է դաշնակցության ուժականությունը:Տեսեք, թե 5 պատգամավոր ունենալավ գործող խորհրդարանում, երկրի քաղաքական դաշտում ինչ դերակատարում ունենք այսօր։ Հիմա եթե Դաշնակցությունն առաջիկա խորհրդարանում ունենա մի քանի անգամ շատ պատգամավորներ, մենք լուրջ իրավիճակ կփոխենք երկրում։ Համենայն դեպս, իմ կուսակից ընկերները ամեն ջանք թափում են, որ մենք լավ արդյունքներ արձանագրենք։
-Որոնք են լինելու ձեր առաջին քայլերը ԱԺ-ում` ընտրվելու դեպքում:
-ԱԺ պատգամավորական գրասենյակների բացումը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Մնացյալ քայլերն ուղղված կլինեն ՀՅԴ նախընտրական ծրագրերի իրականացմանը։
-Ի՞նչ կոչ կանեք ընտրողին, գուցե խոսք ունեք նրանց:
-Դա արդեն շատ հնչեցված հարց է և, չկրկնվելու համար, ասեմ` ժողովուրդը բոլոր ուժերից պահանջում է այնքան, ինչքան քվե է տալիս, իսկ Դաշնակցությունից ակնկալիքները միշտ տասնապատիկ են։ Կխնդրեմ, որ այս անգամ տասնապատիկ շատ ձայներ տան Դաշնակցությանը, և մենք կփոխենք առկա ծանր իրավիճակը։ Այլապես՝ ձեր հին տաշտակը ձեր տանն է:
Ամալյա Առաքելյան