կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 20:32
Աշխարհ

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 16-ին Բեյրությում հանդիպումներ են կազմակերպվել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ՝ փոխանցելու համար Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված դրամական օգնությունը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հոգևոր առաջնորդներին ուղղված՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ուղերձում մասնավորապես, ասված է. «Հայության բարոյական պարտականությունն է կանգուն պահելը Լիբանանի հայ համայնքը, մի համայնք, որը մշտապես օժանդակ և նեցուկ է եղել հայ ժողովրդին։ Արցախի ժողովուրդը մշտապես երախտապարտ է լիբանանահայությանը և չի մոռանում այն մեծ օգնությունը, որ Լիբանանի հայկական համայնքը  տրամադրել է Արցախի համար դժվարին ժամանակներում։ Ցանկանում եմ, որ Լիբանանը շուտափույթ կերպով դուրս գա այս ճգնաժամից և ամենամոտ ժամանակներում հանդիպենք Արցախում»։
 
Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդները, իրենց հերթին, բարձր են գնահատել Արցախի Հանրապետության կողմից օգնության տրամադրումը՝ նշելով, որ այն խորհրդանշական և բարոյական մեծ արժեք ունի։