կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 18:04
Հասարակություն

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի ասորի հոգևոր համայնքների առաջնորդներին

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի ասորի հոգևոր համայնքների առաջնորդներին

Փետրվարի 25-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Բաղդադի և Բասրայի Ասորի ուղղափառ համայնքների առաջնորդ Տ. Սիորիոս եպիսկոպոս Հավային, ինչպես նաև Բաղդադի Ասորի Կաթողիկե համայնքի առաջնորդ, Բասրայի և Ծոցի երկրների Կաթողիկե Պատրիարքի տեղակալ Տ. Աֆրամ եպիսկոպոս Յուսեֆ Աբբային՝ Իրաքում Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տ. Ներսես Թ. ծայրագույն վարդապետ Զաբարյանի ուղեկցությամբ։

Ասորի եկեղեցիների առաջնորդները ողջունեցին դեսպան Փոլադյանի նշանակումը Իրաքում՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր դիվանագիտական առաքելության ընթացքում։ Այնուհետև, ասորի հոգևոր առաջնորդները ներկայացրին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով Իրաքում Հայ առաքելական եկեղեցու Իրաքի Հայոց թեմի և նրա առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։

Փոխանցելով իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հոգևոր առաջնորդներն ընդգծեցին Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես հայ-ասորական դարավոր բարեկամությունն, ինչպես նաև իրաքյան բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների և քույր եկեղեցիների մշակութային ու հոգևոր կապերի զարգացման անհրաժեշտությունը։