կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-15 13:43
Արցախ

Հայ-ադրբեջանական հակամարտության «սահմանային» հանգույցն ավելի վտանգավոր է ղարաբաղյանից. Սերգեյ Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտության «սահմանային» հանգույցն ավելի վտանգավոր է ղարաբաղյանից. Սերգեյ Մարկեդոնով

Երկու անդրկովկասյան պետությունների միջև հակամարտությանն ամուր կպել է Ղարաբաղյան անվանումը: Անշուշտ, Լեռնային Ղարաբաղն այդ դիմակայության միջուկն է, սակայն այդ տարածքի համար պայքարը դրանով չի սահմանափակվում. ըստ yerkir.am-ի` ֆեյսբուքյան իր էջում գրում է ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա` հակամարտությունը զարգանում է նաև  հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով, որը Ղարաբաղում «շփման գծի» սահմաններից դուրս է, և այդ ուղղության սովորաբար քիչ են ուշադրություն դարձնում:

«Արդեն տասը տարի շարունակ գրում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտության «սահմանային» հանգույցն ավելի բարդ ու պոտենցիալ առումով վտանգավոր է, քան հենց ղարաբաղյանը: Երկրների միջև սահմանը զատված ու գծված չէ»,- գրում է Մարկեդոնովը` հավելելով, որ նույն իրավիճակն է նույնիսկ բարեկամական Վրաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ տհաճ միջադեպեր են տեղի ունենում Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ:

«Իսկ հայ-ադրբեջանական համատեքստում խոսքը երկու բացահայտ թշնամական պետությունների մասին է: Անորոշ սահմանների ու երկարատև հակամարտության պայմաններում տեղի է ունենում պայքար «դատարկության» համար, որը կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ինչո՞վ է դա հղի»,- հարցնում է քաղաքագետն ու պատասխանում, որ դա վտանգավոր է սրացումներով` երրորդ ուժերի ներգրավմամբ:

Ըստ նրա` մի բան է Ղարաբաղում հակամարտությունը, որը դիտարկվում է որպես  իրեդենտիստական, այլ բան է բաց միջպետական ռազմական հակամարտությունը` հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ:

Եվ ամենակարևորը, Մարկեդոնովի կարծիքով, այն է, որ սահմանային հակամարտությունները չեն ընդգրկված Մադրիդյան նորացված սկզբունքների համատեքստում` դրանցում չեն գրված դրանց կարգավորման մեխանիզմները:

«Սակայն բանակցությունների ընթացքի վրա միջադեպերի ազդեցությունը մեծ է, դրանք «հավելյալ արժեք» են տալիս խաղաղ գործընթացի ձգձգմանը: Միաժամանակ, սահմանային բախումների նվազեցման ու դրանց կանխարգելման հստակ ծրագրեր չկան»,- գրում է Մարկեդոնովը:

Քաղաքագետը կոչ է անում չգերագնահատել կորոնավիրուսի ազդեցությունը հակամարտության դինամիկայի վրա, քանի որ, ըստ նրա, արդեն գրառումներ են արվում, թե իբր երկու երկրները շատ են տառապում վարակից ու նրանց առաջնորդները փորձում են դիմակայության միջոցով ուշադրությունը շեղել երկրներում առկա ներքին խնդիրներից:

«Վարակի հարցում թերացումներ իսկապես մեծ են, Հայաստանում ու Ադրբեջանում հիմնախնդիրները չափազանց շատ են, բայց հակամարտությունը կար մինչև վիրուսը և կմնա, ցավոք, երբ համավարակն ավարտվի: Ամեն ինչ ավելի խորն է»,- գրում է Մարկեդոնովը:

Նա նաև ընդգծում է, որ Ռուսաստանը «սահմանային» ուղղությամբ ավելի մեծ ռեսուրսներ ու ազդեցություն ունի հակամարտող կողմերի վրա, քան ղարաբաղյան ուղղությամբ, որտեղ նրա ջանքերը համալրվում են ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործողությունները, որոնց ներկայումս  Ղարաբաղով այնքան էլ չեն հետաքրքրվում: Եվ իրավիճակի սրումից ռիսկերը Մոսկվայի համար ավելի մեծ են, ու այդ պատճառով հարկավոր է գործել արդյունավետ ու հստակ:

«Ընդամենը միֆ է, որ հակամարտությունը մեզ ձեռնտու է: Մեզ ձեռնտու է դրա կարգավորումը, հարցն այն է, թե ինչ ձևերով դա իրագործել: Սակայն մինչ այդ երկար ճանապարհ կա, ներկայումս չափազանց կարևոր է  կանխել միջադեպերը»,- գրում է Սերգեյ Մարկեդոնովը: