կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-30 23:45
Առանց Կատեգորիա

Անցյալի վտանգները. ինչո՞վ է վտանգավոր Հայաստանի համար «Քոչարյանի գործը». Սերգեյ Մարկեդոնով

Անցյալի վտանգները. ինչո՞վ է վտանգավոր Հայաստանի համար «Քոչարյանի գործը». Սերգեյ Մարկեդոնով

Rbc.ru կայքը ներկայացնում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին:

«Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ հետապնդումը 2008թ «արյունոտ շաբաթվա» պատճառով նախադեպ ստեղծեց, քանի որ դրանից առաջ ոչ ոք չէր համարձակվել մեղադրանք առաջադրել իր նախորդների հանդեպ:

Այսօր Հայաստանում ոչ ոքի չես զարմացնի աղմկոտ գործերի բացահայտմամբ: Օրեցօր հրապարակվում են մեղադրանքներ բարձրաստիճան պաշտոնյաների և  զինվորականների  նկատմամբ  քրեական գործերի վերաբերյալ, որոնցում մեծ մաս են կազմում կոռուպցիոն և չարաշահումների գործերով մեղադրանքները: Նոր իշխանությունների նորամուծությունը` նախկին իշխանությունների շրջանում կարգ ու կանոնի ու մարքության հաստատումն է: Սակայն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը այս համատեքստում խիստ առանձնանում է: Նախևառաջ նրանով, որ այն կրում է մաքուր քաղաքական բնույթ:

«Արյունոտ շաբաթ»

Քոչարյանի հանդեպ մեղադրանքը հիմնվում է ոչ թե ֆինանսական խարդախությունների կամ պետական իշխանության անօրինական յուրացման վրա, այլ բռնի ուժով սահմանադրական կարգը խախտելու վրա : Նաև չի բացառվում, որ «տնտեսական» բնույթի մեղադրանքներ ևս կգումարվեն դատական պրոցեսի ընթացքում: Այսօր շեշտադրվում են 10-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները: 2008թ մարտի 1-ի իրադարձությունները կրում էին «արյունոտ շաբաթ» անունը, երբ նախագահական ընտրություններից հետո սկսկված մասսայական բողոքի ցույցերի  ժամանակ ընդհարումներ տեղի ունեցան  ցուցարարների  և ուժային կառույցների միջև: Ռոբերտ Քոչարյանից նախագահական լիազորությունների անցումը Սերժ Սարգսյանին տեղի ունեցավ արտակարգ դրության հաստատման և քաղաքացիական ըմբոստության պայմաններում:

 Պանդորայի արկղը

Քոչարյանի ձերբակալությամբ կարևոր ներքաղաքական նախադեպ ստեղծվեց: Հայաստանի անկախացումից հետո չորս նախագահ է փոխվել և 3 Սահմանադրություն: Երկիրը անցում կատարեց նախագահական կառավարման համակարգից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ: Այդ ընթացքում երկրում եղան բազմաթիվ սոցիալական մասսայական ընդվզումներ ու ցնցումներ: Սակայն այս ընթացքում Հայաստանի լիդերներից ոչ մեկը չէր ձերբակալվել: Երկրի նախագահների միջև հարաբերությունները նույնպես հարթ չէին, դրանք երբեմն վերածվում էին ուղիղ առճակատման:Եվ իհարկե, ցանկության դեպքում այս կամ այն նախագահը կարող էր մեղադրանք առաջադրել իր նախորդի նկատմամբ, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը ունեցել է մեծ կամ փոքր մեղսագործություններ: Սակայն մինչ օրս ոչ ոք չէր անցել այդ կարմիր սահմանը: Եվ հենց դա էր Հայաստանը դարձնում ունիկալ երկիր` նախկին ԽՍՀՄ երկրների շարքում: Միայն այստեղ պաշտոնաթող նախագահը կարող էր ևս մեկ անգամ բախտը փորձել ընտրություններում, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում 2008թ-ին: Հիմա Հայաստանի նոր իշխանությունները բացեցին Պանդորայի արկղը: Եվ դեռ հարց է` նրանք կանգ կառնե՞ն այսքանով, թե ոչ: Մի կողմից նոր իշխանությունների գործելաոճի տրամաբանությունը հասկանալի է ու նույնիսկ` արդարացված: Նրանք ցանկանում են բաժանարար գիծ քաշել նոր Հայաստանի ու նախկինի միջև, հայտ ներկայացնել` նոր Հայաստանի համար, որում 2008թ մարտի 1-ի պես  իրադարձություններ չեն լինի, տնտեսական ու քաղաքական մենիշխանություն չի լինի:

Պոպուլիզմն ու դրա հետևանքները

Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը դեռ չի ավարտվել: Երկրին սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները: Կառավարությունը ունի ժողովրդականության մեծ ռեսուրս, սակայն ներկա պահին Փաշինյանի կուսակցության անդամները փոքրամասնություն են թե խորհրդարանում, թե Երևանի ավագանու կազմում:

Ժամանակավոր կառավարության կարգավիճակում գտնվող կառավարությունը չի ցանկանում ոչ պոպուլյար գործողությունների դիմել, որոնք կապված կլինեն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետ: Մինչդեռ այդ կառավարությունը դիմում է պոպուլիզմի օգնությանը, որում լիարժեք տեղավորվում  է «նախորդի հետ հաշիվները պարզելու» մոտեցումը: Այնուամենայնիվ, ստրատեգիական առումով այս կառավարությունը մեծ խնդիրների առաջ է կանգնում:

Նախ առաջանում է ընտրովի արդարադատության հարցը: Քոչարյանը ուժ է կիրառել 2008թ-ի ցուցարարների դեմ: Բայց 1996թ նույն ճանապարհով է գնացել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս անցկացրած ընտրությունները մաքուր չէին, հարթ չէին: Դա նշանակու՞մ է արդյոք, որ նրա նկատմամբ ևս պետք է դատական պրոցես սկսվի: Նրա հետ մեկտեղ նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ գործ հարուցվի, քանի որ նա նույնպես իր քաղաքական հակառակորդների կողմից մեղադրվել է իշխանության յուրացման մեջ: Բայց ի՞նչ տեսք կունենա այն պետությունը, որի լիդերներից յուրաքանչյուրը  պաշտոնը թողելուց հետո կուղարկվի մեղադրյալների աթոռին նստելու: Եվ նկատենք, այսօր Քոչարյանի ու Խաչատուրովի հանդեպ մեղադրանքի խստությունը  չի կարող համեմատվել «Սասնա ծռեր»-ի նկատմամբ  դատական մեղմ վերաբերմունքի հետ:

Բացի այդ, 2008թ մարտի 1-ի դեպքերը մասնատում են հանրությանը: Ողբերգությունները պետք է հաղթահարել միասնաբար, ազգովի, չհակադրելով հասարակության մի խմբին մյուսի դեմ:

Չէ՞ որ մի խումբ հայերի համար Քոչարյանը հանցագործ է, իսկ մյուսների համար` չճանաչված Արցախի առաջին նախագահը , ով անցել է 1991-1994թթ պատերազմի դժվարությունների միջով, այն դեպքում, երբ այսօրվա նրա քննադատները այդ ժամանակ դեռ դպրոցական են եղել:

Եվ Հայաստանի նոր իշխանությունները պետք է իրենց հաշիվ տան, որ «Քոչարյանի զանգը» իրենց էլ է խփելու: Նրանց յուրաքանչյուր սխալն ու տապալումը կարող է բերել նոր իշխանությունների ժողովրդականության ու հեղինակության անկմանը:

Եվ այդ ժամանակ, չի բացառվում, որ նոր իշխանությունների քաղաքական հակառակորդները կվարվեն նույն ձևով` բաց քրեական գործեր հարուցելով ու մեղադրանքներ ներկայացնելով: Եվ իշխանության անցումը մի ձեռքից մյուսը կարող է  տեղի ունենալ չկարգավորված ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական սահմանին անկայունության մեծացմամբ»:

Սերգեյ Մարկեդոնով