կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 12:44
Աշխարհ

Հայաստանի և Ռուսաստանի` դաշնակից լինելու փաստը լավ ուշքի է բերում Անկարայի տաքգլուխներին. Սերգեյ Մարկեդոնով

Հայաստանի և Ռուսաստանի` դաշնակից լինելու փաստը լավ ուշքի է բերում Անկարայի տաքգլուխներին. Սերգեյ Մարկեդոնով

Տասնամյակներ շարունակ միջնորդ լինելով Ղարաբաղյան հակամարտությունում` Ռուսաստանը չի կարող միանշանակ մի  կողմի դիրքերից հանդես գալ. ըստ yerkir.am-ի` NovostiNK.net-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա` Մոսկվան միջնորդի դերն այլ բանի փոխել չի ցանկանում, թեև կարող է, և դրա օրինակն է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կապված իրադրությունը, սակայն քանի դեռ իրադարձությունների դրամատիկ փոփոխություններ չկան, Ռուսաստանը նման սցենարի չի ձգտում:

Իսկ Թուրքիան, վերլուծաբանի խոսքով, որին այդքան հաճախ համեմատում են Ռուսաստանի հետ, ո՛չ դեր ունի, ո՛չ, համապատասխանաբար, միջորդի դիրք, նաև չկան դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, հետևաբար Ռուսաստանին ու Թուրքիային համեմատելը նրանց` Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում կոռեկտ չէ:

Մարկեդոնովի գնահատականով`միաժամանակ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին որոշակի քողարկված և բավականին կարևոր ակնարկներ հղում է, հատկապես` վերջին օրերին: Եվ այդ կարևոր ազդանշանները ստացողները դրանք շատ ուշադիր կարդում են: Այդ լույսի ներքո, ըստ նրա, խոսել Ռուսաստանի` Հայաստանին դավաճանելու մասին ճիշտ չէ: Վերլուծաբանն ընդգծել է, որ միանշանակ կերպով Հայաստանի կողքին կանգնելու պարագայում Ռուսաստանը կկորցնի Ադրբեջանին, մինչդեռ առանց ռուսական զսպող կարթերի Անկարայի ու Բաքվի դաշինքը բոլորովին նոր մակարդակի կհասնի:

«Ռուսաստանի ու Թուրքիայի քաշային կարգերը մեզ հնարավորություն կտան ինչ-որ կերպ դա հաղթահարել, բայց ահա Հայաստանի համար Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդումը, նոր աստիճանը արդեն լուրջ սպառնալիք է: Հետևաբար, Ռուսաստանի կողմից հավասարակշռության պահպանումն իրականում ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որոնց համար հակամարտության սրումը աղետալի հետևանքներ կունենա: Այդ պատճառով պատմությանն ավելի ռացիոնալ, առանց զգացմունքների նայելու դեպքում Մոսկվայի մոտիվացիան ավելի մեծ ռացիոնալություն ու փաստարկվածություն է ձեռք բերում»,- նշել է նա:

Ըստ Մարկեդոնովի`Թուրքիայի կամ Ռուսաստանի արդյունավետությունը կամ անարդյունավետությունը հարկավոր է դիտարկել` նրանց տարբեր խնդիրները հաշվի առնելով: Մոսկվայի խնդիրը հակամարտության սրումը կանխելն է, քանի որ սրումը հարցականի տակ է դնում ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, Հայաստանի հետ հարաբերությունները և Մոսկվայի` Երևանի ու Բաքվի հետ միաժամանակ շահավետ հարաբերություններ զարգացնելը: Հակամարտության սրումը կստիպի Ռուսաստանին վերջնական ընտրություն կատարել, ինչը լրացուցիչ ռիսկեր ու անորոշություն կստեղծի: Հենց այդ պատճառով Մոսկվան կփորձի մինչև վերջ հավասարակշռություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Թուրքիայի խնդիրը «եղբորն» ու ռազմավարական դաշնակցին աջակցելն է, սակայն չեմ կարծում, որ Թուրքիան կորոշի բացեիբաց միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը: Նույնիսկ 90-ականներին Անկարան բավարարվեց միայն Հայաստանի հետ ցամաքային սահմանի փակմամբ` ձեռնպահ մնալով ռազմական հակամարտությանը բաց միջամտությունից: Եվ Հայաստանի ու Ռուսաստանի` դաշնակից լինելու փաստը, հատկապես` դրա ռազմական բաղադրիչը, կարծում եմ, լավ ուշքի է բերում Անկարայի տաքգլուխներին»,- եզրափակել է Սերգեյ Մարկեդոնովը: