Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետխորհրդային Հայաստանի ապագա պատմաբանները երկրի անցյալի վառ, շրջադարձային իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացնելիս դժվար թե չհիշատակեն 2020 թվականի հունիսի 16-ը: «Եվ բանը ոչ միայն այն է, որ այդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է կուսակցության և խորհրդարանում երկրորդ խմբակցության առաջնորդը, այլ նաև հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը. Գագիկ Ծառուկյանը եղել (նաև մնում է) իշխանության և բիզնեսի այն սիմբիոզի խոհրդանիշերից մեկը, որը մեծ հաշվով որոշիչ գործոն է հետխորհրդային կապիտալիզմի զարգացման համար»,- ըստ yerkir.am-ի` «Կոմերսանտ»-ում հրապարակած հոդվածում գրում է ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ նրա` ազդեցիկ օլիգարխի վրա հարձակումը, որը հասցրել է լինել և՛ իշխանության կողքին, և՛ ընդդիմությունում, Հայաստանում երկամյա վաղեմության «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության մասշտաբային վերադասավորման կարևոր պահերից է: «Այդ ճանապարհին սահմանագծային դարձան հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, նրա ժառանգորդ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործը, պայքարը խորհրդարանի համասեռության համար, քաղաքական վերահսկողության սահմանումը մայրաքաղաքային իշխանության և ուժային կառույցների վրա, նաև գործադիր ու դատական իշխանությունների հակամարտությունը: Սակայն այդ բոլոր իրադարձությունները մի բան է միավորում` դրանք խախտում են հայկական հետխորհրդային քաղաքական մշակույթի չգրված ավանդույթները, որոնք անսասան էին` անկախ այն բանից, թե ով էր զբաղեցնում երկրի առաջին պաշտոննները»,- գրում է մարկեդոնովը:
Քաղաքագետի խոսքով` ԽՍՀՄ մայրամուտին Հայաստանն ամենահակախորհրդային սուբյեկտներից էր: «Խարիզմատիկ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայոց համազգային շարժումը մեծ մասամբ իշխանության էր գնում երկրի առողջացման կարգախոսներով: Երիտասարդ գիտնականներ` դոկտորներ ու թեկնածուներ, լեզվաբաններ, պատմաբաններ, ֆիզիկոսներ աշխատասենյակներում փոխարինում էին նոմենկլատուրային փորձառու աշխատողներին: Սակայն դա չխանգարեց Հայաստանի առաջին նախագահին` կարևոր ավանդույթի հիմք դնել` աշխատասենյակների ցուցանակների փոփոխությունը չպիտի նույնականացվի ընդդիմախոսների ոչնչացման ու ստորացման հետ: Եվ այդ պատճառով շուտով հանրապետության քաղաքացիները «հին նոր առաջնորդների» թվում տեսան ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, որն արդեն նորանկախ պետությունում ստացավ խորհրդարանի նախագահի պաշտոնը: Եվ եթե չդառնար քաղաքական սպանության զոհ, չի բացառվում, որ ընտրվեր պետության ղեկավար:
Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, նրան էլ` Սերժ սարգսյանը, բայց բոլոր երեք նախագահները համեմատաբար խաղաղ գոյակցում էին քաղաքական ասպարեզում: Պետության երեկվա ղեկավարը տասնամյա դադարից հետո դարձավ գլխավոր ընդդիմադիրը և մասնակցեց ընտրություններին` հավաքելով բոլոր ձայների համարյա քառորդը: Այդպիսի բան անհնար էր պատկերացնել նախկին ԽՍՀՄ որևէ այլ երկրում: Նույն Քոչարյանը, արդեն պաշտոնաթող, քննադատում էր Սարգսյանին: Եվ նույնիսկ «իշխանության միասնական կուսակցություն» հանրապետությունում ձևավորվել չհաջողվեց:
Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանն» էլ գործընկեր էր կառավարամետ կոալիցիաներում: Քոչարյանը կարող էր նախաձեռնել Տեր-Պետրոսյանի հետապնդումը, օրինակ` Ղարաբաղի հարցում «ոչ ճիշտ դիրքորոշումը» առիթ դարձնելով: Նույնը տեսականորեն կարող էր անել Սարգսյանը: Սակայն այդ «կարմիր գիծը» նրանք չէին անցնում` հասկանալով, որ երկրի համար, որը հակամարտության մեջ է երկու հարևան երկրների հետ, իշխանության ժառանգորդության խախտումը առնվազն ռիսկային է»,- նշում է Մարկեդոնովը:
Հայկական քաղաքականություն, ըստ նրա, այլ ավանդույթ է բերել Նիկոլ Փաշինյանը: Սակայն եթե նրա առաջին «թիրախները» (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան) կարող են դիտարկվել որպես «նախկիններ» և «հակահեղափոխականներ», ապա Ծառուկյանի հետ կապված բարդություններ կան:
«2018 թվականին նա աջակցում էր «հեղափոխական ժողովրդի ընտրությանը», նրա ներկայացուցիչները Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո նախարարների առաջին կաբինետի կազմում էին, իսկ հետո Փաշինյանի կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ ընտրությունների արդյունքում մտան խորհրդարան և և մինչ վերջերս բաժանում էին «թավշյա կոնսենսուսը»: Սակայն այդ կոնսենսուսն ավարտվեց` մի կողմից համավարակի սոցիալական հետևանքների, մյուս կողմից` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շուրջ բարդ հետագծերի պատճառով. Կառավարությունն ինքը այն նախաձեռնեց, ինքն էլ դե ֆակտո չեղարկեց: Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում գոյակցել ուժային և ազդեցության այլ կենտրոնների հետ, որոնք լոյալ չեն իր նկատմամբ և չեն վերահսկվում իր կողմից: Ռազմավարորեն դա վտանգավոր ուղի է: Այսօր հանրապետության կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդականություն են վայելում, սակայն ոչ ոք չի ասել, որ այդպես կլինի միշտ: Եվ եթե փոխվեն այսօրվա հանգամանքները, չի բացառվում, որ վարչապետի ընդդիմախոսները ցանկություն ունենան նույն մետաղադրամով վճարել նրան` քրեական գործերի տեսքով: Իշխանության ժառանգորդությունն այդ դեպքում կլինի ոչ ավելի, քան ֆիկցիա»,- եզրափակում է Սերգեյ Մարկեդոնովը: