կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 11:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիոն շղթա, մշակութային խնդիրներ․ «Ֆիրդուս» թաղամասի կառուցապատման հարցով իրավական գործընթաց է սկսվել

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված են «Ֆիրդուս» թաղամասի կառուցապատման խնդրով, համախմբվել են վերջին 1-2 ամսում, որ հասկանան՝ ինչ է առաջարկվում կառուցել գոյություն ունեցող բնակելի թաղամասի տեղը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Ֆիրդուս» թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը մամուլի ասուլիսում։

Ասաց, որ այս հարցով անընդհատ ահազանգել են մշակութային, պատմամշակութային, ճարտարապետական, քաղաքաշինական խնդիրների, իրավական տարբեր խախտումների մասին։

Նախաձեռնող խմբի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրեց «Ֆիրդուս» կամ 33-րդ թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնց հիման վրա "Թրանսփերնսի ինթերնեյշնըլ" կազմակերպությունը հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել։

Հանցագործության մասին հաղորդումը պաշտոնատար անձանց կողմից գործարքներում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ է։

Նա ասաց, որ այս թաղամասի իրավական գործընթացը սկսվել է 2006-07թթ, իսկ 2008 թ-ին կառավարության որոշումներով գերակա հանրային շահ է հռչակվել։

Տարածք ձեռք բերող է հայտարարվել «Սիթի սենտեր դեվելոպմենտ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուրադ Մելիքյանը։

Այնուհետև այդ գործընթացում որպես կառուցապատող ներգրավվել է «Գլենդել հիլզ» կազմակերպությունը։

«Ծրագիրը, փաստորեն, չի իրականացել, այս գործընթացը ձախողվել է 2007-08 թթ հռչակված և կնքված պայմանագրի հիման վրա։ Ընդ որում, որևէ ֆինանսական երաշխիք, որ ծրագիրը կիրականացվի, այդ կազմակերպությունները չեն ներկայացրել։ Ընդ որում պետությունը ակնհայտ փորձել է օժանդակել․ 2014 թ-ին կառավարությունը երաշխավորություն է ներկայացրել, որ այդ կազմակերպությունները արտաքին ֆինանսական ռեսուրսներ ներգրավեն»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ այս պայմանագրերը գաղտնի են պահվում և որևէ ձևով ծրագիրը չի իրականացվում։

Այդ ընթացքում քաղաքացիները բազմաթիվ անգամներ բողոքում են, որ իրացման ծրագրում իրենց իրավունքները խախտվել են և խոչընդոտվել են՝ իրացման պաշտպանության հետ կապված։

Այս ամենից հետո 2018 թ-ի մարտի վերջին դարձյալ տարածքը հռչակում են գերակա հանրային շահ, ձեռք բերող է հռչակվում «Դիանառ» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է՝ նախկին չիրականացված ծրագրերի հիմնադիրը, որը նույն «Գլենդել հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է։

«Այս պայմաններում, «Դիանառ» ընկերությունը, որպեսզի փորձի ցույց տալ, որ մրցակցություն է տեղի ունենում տարածքների ձեռք բերման հետ կապված և քաղաքաշինական  ծրագրերում, 17 ընկերություն է հիմնում, հիմնադիրը՝ նույն Էդուարդ Մելիքյանն է, և ստացվում է ձևական մրցակցություն է ապահովում, իրավական գործընթացը ապահովելու համար, բայց սա իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր, որովհետև ընկերությունները, որոնք ծրագիրը ձախողում են 2006-07 թթ և ներառված են կոռուպցիոն բավական լուրջ գործարքներում, այդ ընկերությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք ներառված են այս գործարքներում»,-ասաց Հայկ Մարտիորսյանը։

Նա վստահեցրեց, որ կառավարությունը այսօր էլ հրաժարվում է հրապարակել ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես ծրագրի իրականացման երաշխիք։

Մանրամասն՝ տեսանյութում․