կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 14:59
Հասարակություն

«Մենք սրա համար չէինք հեղափոխություն արել, որ գան, մեզ հավաքեն տանեն»․ դերասան Բեն Ավետիսյան

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ռեստորանային ու ժամանցի ոլորտի աշխատակիցները, ովքեր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների պատճառով, արդեն 5 ամիս է զրկված են աշխատելու հնարավորությունից։ Սակայն, ոստիկաններն ու կարմիր բերետավորները ակցիայի մի շարք մասնակիցների բերման ենթարկեցին հրահանգելով, որ հեռու գնան տարածքից։ Մասնակիցներից մեկի նյարդերը տեղի տվեցին ու վերջինս բարկացած, դիմեց ոստիկաններին․ «Կարո՞ղ եք ասել՝ կառավարության շենքից որքան հեռավորության վրա կարող ենք կանգնել, որ բերման չենթարկեք։ Իմ քաղաքում կանգնելու համար բերման են ենթարկում․․․  զզվացրիք արդեն։ Ասեք՝ ինչքան հեռու կարամ կագնեմ»,– ակցիայի մասնակցի խոսքերից հետո վերջինիս բերման ենթարկեցին։

Կառավարության դիմաց էր եկել նաեւ դերասան Բեն Ավետիսյանը, նրա պահանջը նույնն էր․ «Մենք եկել ենք Կառավավարություն եւ ակնկալում ենք, որ մեր հարցին պատասխան կստանանք»,- ասաց դերասանն ու հստակեցրեց, որ իրենք ոչ թե ցույց են անում, այլ՝ դիմում են կառավարությանը, որ թույլատրեն աշխատել․ «Մենք սրա համար չէինք հեղափոխություն արել, որ գան մեզ հավաքեն տանեն, տուգանեն։ Օրեցօր տուգանքները շատանում են,  մարդիկ ինչպե՞ս ապրեն, չես հասկանում, այսինքն՝ առաջ գնալու փոխարեն դեպի հետ ենք գնում։ Մենք հեղափոխություն արեցինք, որ լավ ապրենք, օրենքնեը փոխվեն, բայց մարդիկ չեն կարողանում լավ ապրել, գալիս են կառավարության մոտ, ասում են՝ ցույց չի կարելի։ Բայց մարդիկ ցույց չեն անում, ընդամենը դուրս են եկել իրենց հարցերի պատասխանները ստանան, դա է խնդիրը»,- վրդովված ասաց Բեն Ավետիսյանն ու հորդորեց կառավարությանը․ «Կարելի է մեզ էլ լսել, մեր հարցերին էլ պատասխանել, չէ՞ որ մենք ենք համարվում այս երկրի տերը, պարապ մարդիկ չենք, որ հավաքվել ենք այստեղ ու ասում ենք մեզ գումար տվեք, ոչ, մենք մեր հասանելիք աշախատելու թույլտվություն ենք խնդրում»,- եզրափակեց դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում․