Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձն է: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բանակի հանդեպ միշտ բացառիկ ուշադրություն է ունեցել ոչ միայն կազմավորման տարիներին, այլև դեռ խորհրդային տարիներից: Ավելին` Դավոյանն ունի Սահմանապահ զորքերի գերազանցիկի մեդալ:
«Այդ տարիներին ես Մոնթե Մելքոնյանի հետ էի կապ պահպանում` Սեդայի միջոցով: Սեդան մեր նամակներն էր փոխանցում իրար: Երբ Մոնթեն Փարիզից տեղափոխվեց Հարավսլավիա, որտեղ ապրում էր, ասել էր Սեդային, որ եթե ես հրավիրեմ իրեն Հայաստան, նա կգա: Ես հրավիրեցի, նա էլ եկավ: Երեկոները նստում, զրուցում էինք, և հերթական մի զրույցի ժամանակ նա ինձ հարցրեց, թե ի՞նչ պետք է անի, ես էլ պատասխանեցի, որ պիտի գնա Ղարաբաղ: Գնաց, եկավ ու ասաց, որ մեծ ոգևորություն կա երիտասարդների մեջ, բայց պատրաստ չեն, և ինքն էլ ուզում է գնալ այնտեղ ու պատրաստել նրանց»,- պատմեց Դավոյանը:
Նրա կարծիքով` մեր օրերում բանակը և ժողովուրդն իրար ինտեգրվելու կարիք ունեն, ինչպես նաև զինվորականների` անհատական պատրաստվածության խնդիր:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կմաղթի բանաստեղծն այն պաշտոնյաների, մեծահարուստների որդիներին, ովքեր խուսափում են ծառայությունից, Դավոյանը պատասխանեց, որ կուզենար` նրանք խելքի գային: «Կմաղթեմ, որ խելքները գլուխները հավաքեն: Հայրենիքից թանկ բան չկա, և եթե նրանց հայրերը պաշտոնյա են, չի նշանակում, որ մայրերն էլ են պաշտոնյա, այսինքն` մայրերը պետք է ավելի լավ աշխատեն իրենց զավակների հետ»,- ասաց նա: