կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 12:51
Հասարակություն

Թող գան, մեզ մորթեն, մենք չունենք հարկայինի պետ

Թող գան, մեզ մորթեն, մենք  չունենք հարկայինի պետ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Աբովյանի, Բյուրեղավանի և տարածաշրջանի հարակից գյուղերի փոքր և միջին բիզնեսով զբաղվողները, հիմնականում` առևտրականներ, ցույց էին կազմակերպելու Աբովյանի Կինոյի շենքի մոտ, այնուհետև երթով շարժվելու էին քաղաքապետարան` պահանջելու Աբովյանի հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանի հրաժարականը: Քաղաքացիները yerkir.am-ին հավաստիացրել էին, որ հասնելու են հարկայինի պետի հրաժարականին:

 

Սակայն Աբովյանում տիրող իրավիճակի մասին տեղեկացել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառությանը և հանձնարարել միջամտել խնդրին: Դա էր պատճառը, որ նախապես պլանավորված ցույցն ու երթը վերաճեցին քաղաքացիների և ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպման:

 

Աբովյանի հագուստի խանութներից մեկի սեփականատեր Աշոտ Մանուչարյանը  հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց պարզապես հարկային տեռորի են ենթարկում, ամեն վայրկյան հետևում, անընդհատ ստուգումներ անցկացնում և ահռելի տուգանքներ նշանակում: «Նրանց միակ զենքն այն է, որ մեր վրա ակտ կարող են գրել, իրանց մարդկանց, հիմնականում` անչափահաս երեխաների են ուղարկում ապրանք գնելու, ովքեր ՀԴՄ կտրոն չեն վերցնում, հետո մեզ վրա ակտ են գրում: Ինձ ասել են` եթե դու այսօր այդ փողը չմուծես, քո նոր տարին հարամ ենք անելու»,- բարկացած պատմեց խանութի տերը և հավելեց. «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ միջոցներով է հարկայինի պետը թանկարժեք և «գոլդ» համարներով մեքնենա վարում կամ օրական 50 կմ իմ խանութի տարածքով գող կատվի նման անցնում, որ «մուկ» բռնի: Ես խանութի տեր եմ` նման հնարավորություններ չունեմ»:

 

Քաղաքացիները հավաստիացրեցին, որ հարկայինի նախկին ղեկավարների հետ այդ խնդիրը չեն ունեցել: «Այնպես են անում, որ թողնենք գնանք Ռուսաստան: Թող միանգամից ասեն` թողեք էս երկրից, գնացեք, ինչի՞ են ձգձում»,- ասաց քաղաքացիներից մեկը:

 

Պատգամավորները,  լսելով բողոքները, հայտնեցին, որ իրենք մյուս կողմին էլ կլսեն և խնդիրը կբարձրացնեն ԱԺ-ում, սակայն Աշոտ Մանուչարյանը նշեց, որ իրենք` մոտ 200 քաղաքացիներ, փորձել են հանդիպել հարկայինի պետի հետ, սակայն նա հրաժարվել է և զանգահարել ոստիկանություն` ասելով, թե բնակիչները հարձակվել են շենքի վրա: Նա միաժամանակ հայտարարեց. «Մենք մեր պայքարը չենք դադարեցնելու, ոչ մի դրամ հարկ չենք վճարելու, թող գան, զոռով մորթեն մեզ: Թող նա հեռանա, մենք չունենք հարկայինի պետ»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: