կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 21:16
Հասարակություն

Մահացել է Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ Անդրեյ Ղարամյանը

Մահացել է Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ Անդրեյ Ղարամյանը

ԱՀ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ մահացել է ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանը։ 

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցել է Անդրեյ Ղարամյանի մահվան կապակցությամբ.

«Խորը վշտով առա ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանի մահվան գույժը: Լավագույն գործընկերոջ, օրինակելի քաղաքացու եւ պարզապես լավ մարդու մասին անցյալով խոսելն անասելի ցավալի է։ Անձամբ իմ եւ Արցախի խորհրդարանի պատգամավորների անունից այս անդառնալի կորստի համար անկեղծ վշտակցություն եմ հայտնում Անդրեյ Ղարամյանի մերձավորներին։ Համբերություն բոլորին։ Անդրեյ Ղարամյանը, որպես վառ անհատականություն, մեզ համար կշարունակի միշտ մնալ ներկա»,- ասված է ցավակցության մեջ:

Կենսագրական տվյալներ

Անդրեյ Ղարամյանը ծնվել է 1959թ. սեպտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Սովորել է Ակնաղբյուր գյուղի ութամյա դպրոցում: Ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1976-1981թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Համալսարանում ուսանելու տարիներին ստացել է նաեւ ռազմական կրթություն: Ունի լեյտենանտի զինվորական կոչում:

1982թ.՝ Ակնաղբյուր գյուղի կուլտուրայի տան գեղմասվար

1982թ. սեպտեմբեր՝ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

1984-1985 ուսումնական տարում նշանակվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ:

1990-1993թթ.՝ դպրոցի տնօրեն

1993թ. մայիս  կամավոր զինվորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակ եւ նշանակվել Ասկերանի պաշտպանական շրջանի 5-րդ գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ:

1995թ. ապրիլի 30-ին Շոշի թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ագրարային հանձնաժողովի անդամ:

2000-2011թթ.  զբաղվել է մասնավոր ֆերմերային տնտեսությամբ:

2011թ. սեպտեմբեր՝ Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում (շաշկի):

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 55-Ա հրամանագիր 07.05.2008թ.):