Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ մի դատական նիստ, որը բոլորի համար տեսանելի, հասկանալի եւ ընկալելի էր. դա իսկապես, իմ կարծիքով, աննախադեպ դատական նիստեր էին: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերչտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ 2 մլրդ դրամի գրավի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը:
«Իմ պրակտիկայում նման տեսակ ծավալով, բովանդակությամբ դատական նիստ մենք երեւի թե չէինք տեսել: Սա ես ուզում եմ ընդգծել դրական առումով: Ուզում եմ ընդգծել, որ այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված եւ գտավ, որ մեր վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի:
Իհարկե, պետք է նշել, որ թիվը, որ սահմանվեց՝ 2 մլրդ դրամ գումարը, սա ՀՀ-ի պատմությանմեջ աննախադեպ է: Կտեսնենք հետագա զարգացումները: Ամեն դեպքում այստեղ ես կարեւորն այն է, որ գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր բոլորի համար»,-ասաց նա:
Վարդեւանյանը հավելեց, որ Հայաստանում ոչ կողմնակալ, օբյեկտիվ ցանկացած իրավաբանի կասի, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ չի կարող կիրառվել կալանավորում. «5 ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ եւ երբեւէ չի խոչնդոտել, չի թաքնվել քննությունից, որ 2018-ի ամռանը իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան, գիտակցելով, թե ինչ է սպասվում: Այն պարագայում, երբ տեսնում եք, որ անձինք չեն գալիս: Նա եկել էր մինչեւ կալանավորման նիստը հայտարարելով, որ պայքարելու է արդարության համար: Այդ պայքարը շարունակվում է եւ շարունակվելու է»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատարանի նկատմամբ բացառիկ հարգանքի դրսեւորում էր, որ չնայած առողջական խնդիրներին, չնայած կորոնավիրուսային վարակի ռիսկերին, ամեն դեպքում եկավ դատարան եւ ներկայացավ, բայց չկարողացավ մնալ մինչեւ վերջ:
Հետեւաբար, մինչեւ բժիշկները չգտնեն, որ անհրաժեշտություն չկա, պարոն Քոչարյանը գտնվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Անդրադառնալով գրավը վճարելուն, պատպանն ասաց. «Գրավը սահմանվել է գումարային ձեւով, թե ինչպես կլինի այդ գործընթացը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնեք, որ նոր է որոշումը կայացվել: Այդ գումարը պետք է փոխանցվի վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին:
Գիտեք, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, թեեւ ես կարծում եմ, որ օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար այս նիստերը ակնհայտ դարձրեցին, որ կալանավորում չի կարող լինել»:
Հարցին, թե ինչ է լինելու, եթե այդ գումարը չհավաքվի, Վարդեւանյանն ասաց. «Պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի»: