Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։
Մասնավորապես, դատարանն այսօր լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան, և խնդրել, որ միջնորդությունը մերժվի։
«ՍԴ որոշումից հետո, երբ փաստացի ապաքրեականացվել է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դատարանն ունեցել է իմպերատիվ պարտականություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին»,- նշել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործի քննության այս փուլում, քանի դեռ դատարանը չի անցել ներկայացված բուն բողոքների քննարկմանը և չգիտի՝ դրանց մեջ խնդիր կա՞, թե՞ ոչ, հնարավոր չէ բավարարել դատախազության սույն բողոքը։
Վերաքննիչ դատարանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ հուլիսի 15-ին, 15։30-ին։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։