կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 12:09
Իրավական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով:

Ըստ Yerkir.am-ի՝ որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017թ. հունիսի 9-ի ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ Հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանձնաժողովը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։

Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»: